Սոլեյմանին խանգարու՞մ էր

Սոլեյմանին խանգարու՞մ էր

Իրաքում ԱՄՆ ռազմահենակետերի հրթիռահարումից հետո ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է այսպես կոչված վիրժառության գործողության ավարտի մասին: Գրեթե միաժամանակ հատուկ ուղերձով հանդես է եկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ վստահեցրել, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել խաղաղասեր Իրանի հետ: Ամերիկա-իրանական ռազմական բախում,  ամենայն հավանականությամբ, չի լինի, բայց դեռեւս ինչքա՞ն է տեւելու Իրանի միջազգային մեկուսացվածությունը՝ ահա, թերեւս, ամենագլխավորը դա է, հարց, որի պատասխանը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրանական վերնախավին:

Կարելի է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջոցով եւս մեկ- երկու կամ երեք տասնամյակ երկարաձգել կրոնապետական կարգը, բայց պետք է նաեւ  հասկանալ, որ այդպես անվերջ հնարավոր չէ, եւ ժողովուրդը մի օր կապստամբի: Գեներալ Սոլեյմանին մարմնավորում էր իսլամական կրոնապետությունը, նա հոգեւոր առաջնորդից հետո երկրի երկրորդ հեղինակությունն էր, որ ստվերի տակ էր թողնում նախագահ Ռուհանիին: Սոլեմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ը գրեթե բաց տեքստով գործարք է առաջարկում Իրանին՝ հրաժարվել միջուկային ծրագրից, տարածաշրջանում շիադավան երկրների ռազմաքղաքական կոալիցիան գլխավորելու հավակնություններից, ընտրել խաղաղ ընթացք եւ դառնալ իրավահավասար գործընկեր: Պետք է ենթադրել, որ նման առաջարկ անելուց առաջ Դոնալդ Թրամփը գնահատել է հեռանկարը: Իրանում կա՞ն խմբեր, որ դեմ են կրոնապետությանը:

Ամենայն հավանականությամբ՝ այո: Եւ հենց նրանց է դիմել ԱՄՆ նախագահը: Իրանա-ամերիկյան պատերազմ չի լինի, բայց դրանից չի հետեւում, թե Միացյալ Նահագները հրաժարվելու է նաեւ Իրանը ներսից պայթեցնելու ծրագրից: Փորձագետներից մեկն Իրանի ներկայիս կացությունը համեմատել է 1980-ականների սկզբի Խորհրդային Միության հետ: Կգտնվի՞ իրանցի «Գորբաչով»: Գուցե Ղասեմ Սոլեյմանին խանգարու՞մ էր իրանական «վերակառուցման» ծրագրին: