Եթե Երևանը հարվածի Ադրբեջանի նավթաբազային օբյեկտներին...

Եթե Երևանը հարվածի Ադրբեջանի նավթաբազային օբյեկտներին...

Ձմռան շեմին Բաքուն քարուքանդ է անում Արցախի բնակավայրերը: Նպատակը Ղարաբաղը հայաթափելն է: Անկարան եւ Բաքուն երազում են նույնկերպ վարվել Հայաստանի հետ: Մենք պետք է այնպես անենք, որ դա նրանց չհաջողվի: Առիթ չտանք, որ դա օրինականացվի: Իսկ կօրինականացվի, եթե Հայաստանն Ադրբեջանի հանդեպ այնպիսի գործողություն իրականացնի, որը հանդիսանա Casus belli՝ պատերազմ հայտարարելու պատճառ: Այս իրավիճակում հնչում են Ադրբեջանի նավթագազային օբյեկտներին հարված հասցնելու բազմաթիվ կոչեր: Եվ այդ կոչերի հեղինակներից մեկը փորձառու եւ նախկինում բարձրաստիճան դիվանագետ է, որը հիանալի գիտի, թե ինչ է Casus belli-ն: Ես ստիպված եմ գրել այս հոդվածը, որ հետո չասեն, թե նոր պատերազմն անխուսափելի էր, եւ ոչ ոք չէր նախազգուշացրել դրա կատաստրոֆիկ հետեւանքների մասին: Պատերազմական դրությամբ պայմանավորված՝ զինատեսակների անուն չեմ տա, ընթերցողը դրանց անուններն ու դրանց մասին տվյալները կգտնի համացանցում:

Հայաստանն այսօր բավականին հարմարավետ եւ բարեկեցիկ երկիր է դարձել: Անցյալում են մնացել «ցուրտ ու մութ» տարիները, անպատուհան, անդուռ, կիսաքանդ շինությունները, անապակի դպրոցները, չլուսավորվող, անբարեկարգ մայթերն ու փողոցները… Զբոսաշրջիկները հաճույքով են գալիս մեր երկիր եւ հիմնականում գոհ են մնում: Անկարային եւ Բաքվին դա հաստատ դուր չի գալիս: Նրանք շա՜տ կցանկանային, որ Հայաստանը դառնար անցյալ դարի 90-ականների քայքայված երկիրը: Ավելին, դառնար քարուքանդ եղած երկիր. կուզենային ոչնչացնել մեր կենսապահովման օբյեկտները, քաղաքացիական ենթակառուցվածքները, շինությունները, ինչը որ հիմա անում են Արցախում: Եվ Բաքուն ունի դա իրականացնելու պոտենցիալ հնարավորություն: Նա 10 միլիարդ դոլարից ավելի սպառազինություն է գնել, որոնց մեջ քիչ չեն հեռահար եւ ճշգրիտ հարվածող զինատեսակները: Ադրբեջանի եւ նրա ինքնավարություն հանդիսացող Նախիջեւանի տարածքներից այդ զինատեսակներով կարելի է հարվածներ հասցնել Հայաստանի ցանկացած կետի: Ուղղակի միջազգային իրավունքը եւ ՌԴ-ի հետ մեր պայմանագրերը թույլ չեն տալիս անպատիժ իրականացնել այդ երազանքը: Բայց եթե Երեւանը հարվածի Ադրբեջանի նավթագազային օբյեկտներին, Բաքուն Հայաստանին պատերազմ հայտարարելու առիթ եւ պատասխան հարված հասցնելու իրավունք կստանա: 

ԱՄԵՆԱՇԱՏՆ Ո՞Վ ԿՏՈՒԺԻ

Այդ պատերազմում մենք ավելի շատ կտուժենք, քան Ադրբեջանը, քանի որ մեր զինատեսակների հեռահարությունը հնարավորություն չի տալիս հարվածներ հասցնելու Ադրբեջանի ողջ տարածքին, մասնավորապես՝ Բաքվին եւ Կասպից ծովում գտնվող նավթագազային հանքատեղիներին: Իսկ հակառակորդի համար Հայաստանում գտնվող ցանկացած օբյեկտ հասանելի է: Բացի այդ, թշնամու ունեցած հրթիռների քանակը շատ ավելին է, քան մեր տրամադրության տակ եղածները (մեր եւ հակառակորդի ունեցած զինատեսակների, դրանց քանակի ու հեռահարության մասին տվյալները հեշտությամբ կարելի է գտնել համացանցաւմ): 

Մեր հրթիռների հեռահարությունը հնարավորություն է ընձեռում հարվածներ հասցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Սուփսա նավթամուղներին, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, բայց Կասպից ծովում գտնվող Ադրբեջանի նավթահանքերն ու գազատեղիներն անհասանելի են մեզ համար: Մասնավորապես, անհասանելի են նաեւ Բաքուն սնուցող Սանգաչալի ՀԷԿ-ը, Բաքվի եւ Ղարադաղի նավթավերամշակման գործարանները, Սանգաչալի գազային տերմինալը:
Վնասված նավթամուղներն ու գազամուղը հակառակորդը կվերանորոգի մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում: Իսկ մեր հրթիռակոծված ջերմաէլեկտրակայանների եւ հիդրոէլեկտրակայանների, կամուրջների եւ տարբեր շինությունների վերականգնման համար կպահանջվեն տարիներ եւ հարյուրավոր միլիոն դոլարներ, որը մենք չունենք: 
Եթե թշնամին հնարավորություն ստանա հարվածելու Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, կենսապահովման եւ այլ օբյեկտներին, մեր երկիրը քարուքանդ կլինի, կսնանկանա, եւ Արցախն էլ կմնա անպաշտպան: Իսկ Ադրբեջանը կտուժի մասնակիորեն եւ նավթադոլարների օգնությամբ կվերականգնի կորցրածը: 
Երեւանի նման քայլը ոչ միայն կօրինականացնի Անկարայի երազանքը, այլեւ մեր դեմ կտրամադրի շատ երկրների, որոնք կսկսեն հայտարարել, թե Հայաստանն ագրեսոր է: Իսկ ագրեսորին քչերը կհամաձայնեն օգնել: Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունի բանաձեւ, որտեղ ասվի, որ Հայաստանն ագրեսոր է, Մոսկվան չի կարողանա լիովին կատարել մեզ սատարելու իր պարտավորությունը: 

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ 

Բացի Անկարայից եւ Բաքվից, որոնք երազում են քարուքանդ անել Հայաստանն ու հայկական հարցը վերջնականապես փակել, կշահեն նաեւ նավթ եւ գազ արդյունահանող երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, քանի որ վառելիքի միջազգային գները կբարձրանան: Չի բացառվում, որ տաքարյուն, հետեւանքներից եւ ռազմական մեր իրական հնարավորություններից բեխաբար կամ տարիքն առած, արտերկրում բնակարան եւ կեցության իրավունք ունեցող քաղաքացիներից բացի, Ադրբեջանի նավթագազամուղներին հարվածելու պահանջը քարոզում են նաեւ շահագրգիռ երկրների ազդեցության գործակալները: Ուստի տաքգլուխ հայտարարություններից առաջ լավ կլիներ մտածել դրա հետեւանքների մասին։
Ի դեպ, Արցախի անկախության ճանաչումը չի կարող դառնալ նրա անվտանգության երաշխիքը: Վկա՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Սիրիան, Լիբիան, Իրաքը, Եթովպիան:

ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՏԿԱՊԵՍ ԱՅՍՕՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆԸ

Մոտակա ամիսներին աշխարհում անորոշություն է տիրելու, ինչը Թուրքիան միշտ օգտագործել է հայերի հետ հաշվեհարդար տեսնելու համար: 
Հաջորդ տարվա հունվարի 20-ին է միայն ԱՄՆ նորընտիր նախագահը ստանձնելու պաշտոնը: Մինչ այդ Միացյալ Նահանգներում տիրելու է անորոշություն: Առավել եւս, չի բացառվում, որ դատարաններում է որոշվելու, թե ով է դառնալու ԱՄՆ հաջորդ նախագահը, եւ ամեն ինչ միանշանակ չէ: Եվ, ի վերջո, ինչպես էլ Սպիտակ տունը վերաբերվի հայերին, մեծ հաշվով, նրան ձեռնտու է, որ Անկարան կարողանա ներթափանցել Կենտրոնական Ասիա եւ Հյուսիսային Կովկաս ու խնդիրներ ստեղծել Վաշինգտոնի հակառակորդներ հռչակված Չինաստանի եւ Ռուսաստանի համար: 

Ֆրանսիայի նախագահը համարյա միայնակ դուրս է եկել մահմեդական աշխարհի դեմ: Գերմանիայի վարչապետը հիվանդ է եւ պասիվ, իսկ 2021-ին հեռանալու է: Մեծ Բրիտանիան նավթային շահերով կապված է Բաքվի հետ: Չինաստանը հեռու է եւ զգուշավոր: Իրանը պատժամիջոցներից հյուծված է եւ կաշկանդված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ իր տարածքում ապրող բազմամիլիոն ադրբեջանցիներով:

Ռուսաստանը, որն Անկարային ներեց ՌԴ դեսպանի սպանությունը եւ իր ռազմական օդանավի խոցումը, դեռեւս վերջնականապես չի կողմնորոշվել, թե Թուրքիայի հետ հարաբերություններում որն է առաջնայինը՝ տնտեսական շա՞հը, թե՞ ռազմաքաղաքական, իսկ գուցե՝ աշխարհաքաղաքական հետաքրքրությունները:

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ