Ինչու շատերը չեն ներկայանում կամավոր ատեստավորման

Ինչու շատերը չեն ներկայանում կամավոր ատեստավորման

Ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումների փուլը սեպտեմբերի 17-ից մեկնարկել է։ Մինչ այս պահը ուսուցիչները կամավորության սկզբունքով մասնակցել են «Հայոց լեզու», «Եզդիերեն» եւ «Ասորերեն», «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների ատեստավորմանը։ Հիշեցնենք, որ այս ատեստավորման ընթացքում դրական արդյունքներ ցուցաբերած ուսուցիչների աշխատավարձերը բարձրանալու են, ուստի ենթադրվում էր, որ դիմողների մեծ հոսք կլինի։

Հետաքրքիր է հատկապես այն հանգամանքը, որ շատ են տարբեր առարկաների գծով հայտ ներկայացրած, սակայն բուն ատեստավորումից բացակայած ուսուցիչները, ովքեր վերջին պահին չեն ներկայացել քննական կենտրոն։ Այսպես, օրինակ, «Հայոց լեզու» առարկայից 739 մասնակցից ավելի քան 300 ուսուցիչ չի մասնակցել կամավոր ատեստավորմանը։ «Պատմություն» առարկայից հայտագրվել է 306 ուսուցիչ, կամավոր ատեստավորմանը մասնակցել է 213-ը: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից ատեստավորմանը մասնակցելու համար դիմել է 38 ուսուցիչ, մասնակցել՝ 15-ը: «Հասարակագիտություն» առարկայից հայտագրվել է 46-ը, մասնակցել՝ 25-ը, եւ այսպես շարունակ։

ԳԹԿ-ից փոխանցեցին, որ բացակաների մասով դեռ որեւէ պաշտոնական ձեւակերպում եւ բացատրություն չկա, քանի որ ատեստավորումները դեռ ընթանում են, եւ որոշակի վերլուծություններ անելը վաղ է, ինչպես որ վաղ է ասելը՝ այդ բացակաները հիմնականում մարզերի՞ց են եղել, թե՞ ոչ։  

Այդուհանդերձ, կարելի է որոշակի ենթադրություններ անել եւ որպես հիմնական պատճառ՝ մատնանշել ՀՀ մի շարք բնակավայրերում սեպտեմբերի 13-ից սկսված պատերազմական գործողությունները, որոնք խոչընդոտել են ուսուցիչների ներկայությանը, ըստ այդմ՝ նրանցից շատերը, զուտ անվտանգային նկատառումներից ելնելով, չեն գնացել քննական կենտրոններ։ Ու քանի որ հայոց լեզվից ուսուցիչների ատեստավորումը նախատեսված է եղել սեպտեմբերի 17-ին, ամենաշատ բացակաները եղել են հենց այս առարկայից։

Պատերազմի գործոնից բացի, թվերի այսպիսի հարաբերակցությունը խոսում է նաեւ այն մասին, որ այս տարի ուղեցույցներում ներառված առաջադրանքները փոփոխվել են որոշակի ձեւով։ Շատերի գնահատմամբ, ամենաբարդը շարունակում են մնալ «Հայոց լեզվի» թեստերը, որոնք, հենց ուսուցիչների բնորոշմամբ, ժամանակատար են, շփոթեցնող եւ մշտական լարվածության մեջ են պահում նրանց։

Հաջորդ շատ բացակաները եղել են «Պատմություն» առարկայից, այս դեպքում էլ ուսուցիչների համար անակնկալ են եղել հարցերը ընդհանուր պատմությունից, եւ նրանք վերջին պահին մտքները փոխել են ու չեն մասնակցել ատեստավորմանը։

ՀԳ․ Նկատենք, որ փորձառու մանկավարժները բազմիցս քննադատել են ատեստավորման այս համակարգը, քանի որ սրանով, ըստ էության, ուսուցչի առարկայական գիտելիքներն ու հիշողությունն են ընդամենը ստուգվում, այլ ոչ թե մանկավարժական ունակությունները։ Ուսուցիչներն ասում են՝ ո՞ւմ է պետք այն ուսուցիչը, որն առարկան լավ գիտի, սակայն իր գիտելիքները չի կարողանում փոխանցել աշակերտներին եւ չի կարողանում սովորելու հանդեպ սեր ներարկել, սովորելու ունակություններ մշակել։