Քաղաքական կոռուպցիան եւ «ժողովրդավարության բաստիոնը»

Քաղաքական կոռուպցիան եւ «ժողովրդավարության բաստիոնը»

Քաղաքական կոռուպցիայի տարատեսակ է որեւէ անձի պետական որեւէ պաշտոնում նշանակելու համար երկրի խորհրդարանի կողմից օրենսդրական դրույթ փոփոխելը: Ենթադրենք, առկա է «տարիքային ցենզ» հասկացությունը, իսկ իշխանությանն անհրաժեշտ է, որպեսզի մի որեւէ Ջհանգիր Գագիկյան, ասենք, նշանակվի պետական վերին դատական ատյանի անդամ: Իշխանությունն անմիջապես համապատասխան օրենքում փոխում է տարիքային շեմը, եւ տվյալ սահմանափակումը վերացվում է: Իշխանությունը կարող է ընդհանրապես բանի տեղ չդնել այդ սահմանափակումը՝ դիմելով բառային կամ օրենսդրական մանիպուլյացիաների, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է: Օրենքի փոփոխությունը կատարվում է այն դեպքում, երբ իշխանությունը ստիպված է լինում արտաքնապես պահպանել հենց իր կողմից հաստատված խաղի կանոնները: Դա չի նշանակում, իհարկե, որ «ժողովրդավարության բաստիոն» ինքնահռչակված երկրում օրենք պահպանելը պարտադիր պայման է: 

Ի դեպ, նույն բնույթի քաղաքական կոռուպցիա է այն երեւույթը, երբ օրենք է փոփոխվում պետական որեւէ բարձրաստիճան այրի պաշտոնանկ անելու համար, իսկ ինքը պաշտպանված է օրենքով: Ենթադրենք, ոմն Թովմաս Հրայրյան ինչ-ինչ պատճառներով դադարում է հեղափոխական իշխանության վստահությունը վայելելուց, եւ իշխանությունը ստիպված գնում է նույնիսկ Սահմանադրություն խախտելու ճանապարհով, որպեսզի իրականացնի իր ցանկությունը: Դա հատկապես կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ մյուս միջոցները, օրինակ, քրեական գործ թխելը, օգուտ չեն տալիս: Հանուն ինչ-որ մեկից ազատվելու «ժողովրդի իշխանության» երկրում օրենք փոփոխելու համար Սահմանադրություն խախտելը սովորաբար չի ողջունվում, բայց ներելի է, երբ այդ իշխանության կրողը կամ կրողները վայելում են նույն այդ ժողովրդի ակտիվ կամ պասիվ աջակցությունը:

Պատկերացրեք, թե ինչ մակարդակի քաղաքական կոռուպցիա է, երբ անհրաժեշտություն է առաջանում երկրի Սահմանադրությունը փոփոխել անձնապես գործադիր իշխանության ղեկավարի համար: Դիցուք, նա ցանկանում է արտահերթ ընտրություններ կազմակերպել, սակայն առկա է վտանգ, որ տվյալ երկրի սահմանադրական կարգավորումների պատճառով ինքը չի մնա որպես ժամանակավոր ղեկավար: Եվ ինչ է պետք անել տվյալ դեպքում՝ իհարկե, փոխել սահմանադրական կարգավորումները՝ նշված պաշտոնում իր մնալն ապահովելու համար: Դա էլ, բնականաբար, չի ողջունվում, սակայն ինչեր ասես որ չեն անի (այսինքն՝ չտեսնելու ու չլսելու կտան), որպեսզի պաշտոնին մնա այն անձը, ով դեռեւս չի ավարտել սեփական երկիրը քայքայելու «առաքելությունը»:

Ավելի կոնկրետ լինելու համար նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն ինչ-ինչ պատճառներով ցանկանում է հնարավորինս արագ կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, սակայն դրա համար անհրաժեշտ է նախապես այն լուծարել: Իսկ որպեսզի Ազգայի ժողովը լուծարվի, Փաշինյան Նիկոլը պետք է պաշտոնապես հրաժարական ներկայացնի, եւ միաժամանակ Ազգային ժողովը չընտրի մեկ այլ վարչապետ: Սակայն քանի որ ընդդիմադիր փոքրաթիվ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ եթե դա տեղի ունենա, ապա ինքն առաջադրվելու է վարչապետի պաշտոնում, ինչի իրավունքն ու հնարավորությունն ինքն ունի, իսկ դա խիստ վտանգավոր է իր աթոռից կառչած Փաշինյան Նիկոլի համար, եւ վերջինս էլ փորձում է Սահմանադրություն փոխել, որպեսզի նման հնարավորությունից զրկի իր ենթադրյալ մրցակցին:

Այս երեւույթը, իհարկե, քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսեւորում է, ինչպես նաեւ հակաժողովրդավարական է, սակայն այսօր ո՞վ է նայում նման թիթիզ բաների՝ ո՛չ ժողովրդավարական Արեւմուտքը եւ ո՛չ էլ ժողովրդավարության ջատագով կամ հակակոռուպցիոն պայքարի մարտիկները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ դրամաշնորհներ են ստացել Արեւմուտքից, որպեսզի սեփական երկրում հաստատեն կոռուպցիայից զերծ եւ ժողովրդավարական կարգեր:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ