Դեսպան Կոպիրկինը փորձում է հայաստանյան ընդդիմադիրներին սիրաշահել

Դեսպան Կոպիրկինը փորձում է հայաստանյան ընդդիմադիրներին սիրաշահել


Այն բանից հետո, երբ «Հրապարակը» գրեց, որ Հայաստանում քաղաքական ընդդիմությունը դժգոհ է Հայաստանում ՌԴ դեսպանից ու փորձում է անել ամեն բան, որպեսզի դեսպան Սերգեյ Կոպիրկինին հետ կանչեն Մոսկվա, եւ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը համոզվի, որ Փաշինյանի հեռացումը բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի, դեսպանատունն այնքան ծանր տարավ այդ հրապարակումը, որ հերքման տեքստ տարածեց եւ «Հրապարակից» պահանջեց՝ ապացույցներ ներկայացնել այդ մասին։

Իհարկե, «Հրապարակը» հակադարձեց դեսպանին եւ նկատեց, որ ռուսաստանյան միջավայրում գուցե մամուլի եւ լրագրողների հանդեպ ընդունված է նման տոնով խոսելը, սակայն Հայաստանում մենք բոլորովին այլ վերաբերմունքի ու խոսելաոճի ենք սովոր՝ կան ազատություններ ու արժեքներ, հատկապես լրագրության եւ խոսքի ազատության ոլորտում, որոնք սակարկելի չեն։ Դեսպանատան արձագանքի օպերատիվությունն ու սրությունը ակամա հուշեցին, որ մենք ճիշտ էինք, եւ մեր հրապարակումը տեղին էր։

Դրանում կրկին համոզվեցինք հետագա օրերին՝ ուսումնասիրելով դեսպանատան եւ դեսպանի հանրային տեսանելի վարքագիծն ու պահվածքը։ Մասնավորապես, «Հրապարակը» հարցում էր ուղարկել, թե արդյոք դեսպանը քաղաքացիների ընդունելություն կազմակերպո՞ւմ է, հանդիպո՞ւմ է մասնավորապես գերիների հարազատների հետ։ Մեզ, իհարկե, չէին պատասխանել՝ մեկ նախադասությամբ գրելով․ առանց մեկնաբանությունների։ Սակայն հաջորդ օրը տարածվեց հայտարարություն դեսպանատան կողմից՝ հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելության հերթագրման մասին։

Բայց առավել ուշագրավ էին դեսպան Կոպիրկինի հանդիպումները եւ հատկապես՝ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների ու առաջնորդների հետ։ Հանդիպում Դավիթ Շահնազարյանի հետ՝ ՌԴ դեսպանատանը, ապա ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, որից հետո լուրեր տարածվեցին, որ դեսպանը հանդիպելու է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ապա հանդիպում կայացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ Իսկ երեկ հրապարակում եղավ, որ դեսպան Կոպիրկինը ողջունում է «Ալյանս» կուսակցության նախաձեռնությունը՝ տարեվերջին հայտարարված պլատֆորմը, որով «Ալյանս»-ն առաջարկում է նոր տիպի հայ-ռուսական միություն ձեւավորել։

Այնպիսի տպավորություն է, որ դեսպանն արթնացել է «ձմեռային թմբիրից» եւ փորձում է հայաստանյան քաղաքական դաշտի ոչ իշխանական հատվածի, ավելի կոնկրետ՝ ընդդիմադիր հատվածի հետ հարաբերությունները կարգավորել, ինչը եւս վկայում է այն մասին, որ մեր հրապարակումն իրականություն էր՝ ՌԴ դեսպանին ՀՀ ընդդիմությունը վերապահումներով է վերաբերվում։ Այսինքն, դեսպանը սկսել է «քաղաքական սիրաշահման» գործընթացը։ Այս ընթացքում, իհարկե, իշխանության ներկայացուցիչների հետ էլ են հանդիպումներ եղել, որը եւս վկայում է այն մասին, որ Ռուսաստան պետության եւ նրա դիվանագիտական ներկայացուցչի պահվածքը Հայաստանում երկակի է, որ ո՛չ շիշը վառվի, ո՛չ քյաբաբը։