«Հրապարակ». Դատավորների միակ անելիքն իշխանության ցանկություններին ընդառաջ չգնալն է

«Հրապարակ». Դատավորների միակ անելիքն իշխանության ցանկություններին ընդառաջ չգնալն է

Օրեր առաջ դատական իշխանությունում հերթական սկանդալները գրանցվեցին` հրաժարական ներկայացրին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը: Իսկ դատավորների ընդհանուր ժողովի նախօրեին դատավոր Վազգեն Ռշտունին, ով ԲԴԽ անդամի միակ թեկնածուն էր, հայտարարեց, որ հանում է թեկնածությունը, քանի որ այնպիսի հանգամանքներ կան, որոնց պարագայում թեկնածությունը չհանելը եսասիրություն կլինի։ Նախկին դատավոր Աննա Փիլոսյանին, ում ապօրինաբար զրկել են լիազորություններից, հարցրինք, թե ինչ կարծիքի է այս սկանդալային հրաժարականների մասին։ Հիշեցնենք, որ 4 դատավորների հրաժարականի պատճառը, մեր տեղեկություններով, 44-օրյա պատերազմի օրերին ունեցած նամակագրությունն է, որտեղ քննադատել էին Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը, եւ այդ զրույցի սքրինշոթը դրվել էր Փաշինյանի սեղանին:

«Պատճառների մասին իմ տեղեկացվածության հիմնական աղբյուրը մամուլն է, իսկ մամուլն այդ հրաժարականները հիմնականում կապում է նամակագրության հրապարակայնացման կամ որոշակի անձանց հասու դարձնելու հետ։ Այն, որ նման անձնական հանգամանքներով պայմանավորված` դատական իշխանության լավագույն դատավորները հրաժարական են տալիս, խոսում է մեկ բանի մասին, որ դատավորների անկախությունը, դատավորների պաշտոնավարման անփոխարինելիության սկզբունքը մեր երկրում երաշխավորված չէ, եւ այն բոլոր սահմանադրական մարմինները, որոնք կոչված են այդպիսի իրավիճակներում պահպանելու եւ պաշտպանելու դատավորներին, փաստացի մատնված են անգործության»,- ասաց Փիլոսյանը։

Իսկ մասնավոր զրույցներում ոչ հրապարակային արված արտահայտությունները դատավորի էթիկայի խախտում կարո՞ղ են համարվել: «Սկսենք նրանից, որ հեռացումը տեղի չի ունեցել այն խողովակներով, որոնցով պիտի տեղի ունենար, եթե պայմանականորեն դատավորը խախտել է էթիկայի նորմերը, եթե անգամ անձնական նամակագրությունում ոչ ընդունելի բառամթերքի օգտագործումը դիտարկվեր էթիկայի խախտում, ապա պետք է անցներ համապատասխան խողովակով` հարուցվեր կարգապահական վարույթ, ԲԴԽ-ի կողմից՝ որպես դատարան, գնահատվեր խախտումը, որը կհանգեցներ լիազորութունների դադարման։ Այդ դեպքում նման գործընթաց տեղի չի ունեցել, ամեն ինչ լուծվել է ետնաբեմում։ Եթե պատճառը դա է հանդիսացել, ապա, միանշանակ, ոչ օրինական գործիքակազմ է կիրառվել»,- ասաց Փիլոսյանը։

Խնդրեցինք մեկնաբանել նաեւ Վազգեն Ռշտունու առեղծվածային հայտարարությունը։ «Պետք է ենթադրել, որ տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք հարկադրում են․․․ պարոն Ռշտունու պարագայում մի փոքր բարդ է «հարկադրել» տերմինն օգտագործելը։ Այս ամենը վկայում է այն մասին, որ գործընթացները չեն ծավալվում եւ ձեւավորվում այն ճանապարհով, որոնք նախատեսված են օրենքով, այլ հարցերը քննարկվում եւ լուծում են ստանում միանգամայն այլ ձեւաչափերով եւ միանգամայն այլ գործիքակազմերի կիրառմամբ»,- պատասխանեց Փիլոսյանը։
Մարտի 29-ին դատավորների ընդհանուր ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանին` Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը, ընտրեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, քանի որ ԱԺ-ն մերժել էր ընտրել դատավորների նախորդ թեկնածուին` Դավիթ Բալայանին։ Այս անգամ Խաչատուրյանը հավաքել է 131 ձայն, նրա մրցակից Նիկողոսյանը՝ 126։ Փիլոսյանին հարցրինք՝ Խաչատուրյանի ընտրությունն արդյոք չի՞ վկայում, որ դատավորներն ընկրկեցին, ենթարկվեցին քաղաքական իշխանության կամքին։ «Եթե ելնենք նրանից, որ քվեարկությունները փաստացի արձանագրում են այն արդյունքները, որոնք համընկնում են քաղաքական իշխանությունների ցանկությունների հետ, ուրեմն դատական իշխանությունը կրողների միակ անելիքն իրենց քվեարկությամբ այդ ցանկություններին ընդառաջ չգնալն է, այլ միասնական դրանց դիմագրավելը, եթե դրանք ի վնաս դատական իշխանության են»,- պատասխանեց Փիլոսյանը։