Կրեմլը Պուտինի վերընտրվելուց մեկ շաբաթ անց «գոտկատեղից ներքեւ» հարված ստացավ

Կրեմլը Պուտինի վերընտրվելուց մեկ շաբաթ անց «գոտկատեղից ներքեւ» հարված ստացավ

«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է։

- Վերջին օրերին քննարկվող ամենաթեժ թեման Crocus City Hall-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունն է։ 139 մարդու կյանք խլած ողբերգության մեջ Մոսկվան ուղիղ մեղադրում է Ուկրաինային, ինչպես նաեւ ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային։ Զելենսկին նույնիսկ հեգնեց, որ Պուտինը մեկ օր լռեց, ապա դիմեց ժողովրդին, որպեսզի հարձակման մեջ մեղադրի Կիեւին։

- Մենք գործ ունենք «Հիվանդ գլխից անցում դեպի առողջին» ասացվածքի նյութականացման հետ։ Ռուսաստանը փորձում է օգտագործել «Կրոկուս»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ արեւմտյան երկրների շրջանում Ուկրաինային աջակցելու նպատակահարմարության վերաբերյալ կասկածներ սերմանելու համար: Կրեմլը քաջատեղյակ է, որ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ երկրների ղեկավարությունն ունի անհրաժեշտ տեղեկատվություն ահաբեկչության մասին, իսկ, այ, սովորական մարդիկ... Հենց նրանց համար է նախատեսված այս տեղեկատվական վակխանալիան, որը չունի ապացույցներ, ուստի այն կլինի լայնածավալ, իսկ Պուտինը կդառնա նրա տեղեկատվական լոկոմոտիվը։ Նա չափից դուրս սովոր է, որ հավատում են իր խոսքին, եւ այդ սովորությունն օգտագործում է Ուկրաինային վարկաբեկելու համար։ Պետք է հասկանալ, որ ահաբեկիչների հետ ունեցած մտացածին կապերի միջոցով Ուկրաինային Արեւմուտքի աչքում վարկաբեկելու ցանկությունն ուղղակի համընկնում է Ուկրաինայի վրա հզոր հրթիռային հարձակումներին եւ ուկրաինական քաղաքականության մեջ տիրող իրավիճակի մասին տարբեր կեղծիքների հոսքին: Ռուսաստանը 2024 թվականի գարնանից ձգտում է ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում՝ պատերազմում վճռական առավելություն ստանալու համար։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը 2022 թ․ փետրվարի 24-ից ի վեր ամեն օր սպանում է ուկրաինացի խաղաղ բնակիչներին (զոհերի թվում հարյուրավոր երեխաներ կան), իսկ Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից կատարված ռազմական հանցագործությունների թիվն ամենամեծն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։

- ՌԴ նախագահը նշել է, որ բազմաթիվ հարցեր ունի, այդ թվում՝ այն, թե ինչու են ահաբեկիչները հարձակումն իրականացնելուց հետո փորձել փախչել դեպի Ուկրաինա։ 

- Գիտեք, ես կցանկանայի նայել նրանց, ովքեր փորձում են անցնել 21-րդ դարի ամենամեծ պատերազմի ճակատային գիծն այն պայմաններում, երբ մարտեր են ընթանում Կուրսկի եւ Բելգորոդի մարզերում։ Գուցե նրանց գլխում ինչ-որ բան այն չէ: Չէ՞ որ շատ ավելի հեշտ է տխրահռչակ «պատուհանը» փնտրել մի պետության հետ սահմանին, որի հետ Ռուսաստանն իբր պատերազմի մեջ չէ, հատուկ գործողություն է իրականացնում: Բայց Կրեմլը չի պատրաստվում տրամաբանորեն մտածել մի իրավիճակում, երբ Պուտինի վերընտրվելուց մեկ շաբաթ անց «գոտկատեղից ներքեւ» հարված ստացավ։

- Բելառուսի նախագահն անհարմար դրության մեջ է դրել իր ռուս գործընկերոջը՝ ասելով, որ «Կրոկուս»-ում զանգվածային սպանդ իրականացրած անձինք երկրի անվտանգության ուժերի դիմակայության շնորհիվ չէին կարող ներթափանցել Բելառուս, ուստի ուղեւորվել են դեպի Կիեւ։ 

 - Այո, անհարմար բան ստացվեց, Լուկաշենկոն կրկին իր ռեպերտուարում էր՝ կարծես թե աջակցում էր Պուտինին (բառերով), բայց իրականում ցույց տվեց, որ ուղղակի ՌԴ նախագահը ստում է։ Դե, այն արտահայտությունը, թե «ես ու Պուտինը մի ամբողջ օր որոշեցինք, թե ինչ անել, հետո նա դուրս եկավ ու ասաց», ցույց է տալիս, որ նույնիսկ Լուկաշենկոն փորձում է հեռու մնալ Կրեմլի ստերից։ Տարօրինակ է, որ նա չի պատմել, թե ինչպես են ինքն ու Պուտինն օգնության կանչել Եվգենի Պրիգոժինի ոգուն։

- ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, մերձմոսկովյան ահաբեկչության մեջ ուղիղ մեղադրելով Կիեւին, պնդում է, որ ձեր երկրում ահաբեկիչներին պատրաստվում էին դիմավորել որպես «հերոսների»։ 

- Կարծում եմ, որ այս հայտարարությունը հիանալի ցույց է տալիս թե՛ անձամբ պարոն Բորտնիկովի ապուշությունը, թե՛ այդ ուղերձների կենտրոնացումը ներռուսաստանյան լսարանի վրա։ ԱԴԾ-ն եւ մյուսները պետք է բացատրեն, թե ինչպես է հաջողվել սպանել շուրջ 140 խաղաղ բնակիչների «անվտանգ Ռուսաստանում», իսկ հետո անհետանալ հանցագործության վայրից: Բորտնիկովն օգտագործում է դրվագներ ԻՊ-ի վերջին շրջանի պատմությունից՝ փորձելով ցեխ շպրտել Ուկրաինայի վրա։

- Ի դեպ, նույն Բորտնիկովը խոստացել է «սպանել» Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովին՝ նշելով, որ նա եւ ՌԴ-ի դեմ հանցագործություններ կատարած յուրաքանչյուր անձ ռուսական բանակի օրինական թիրախն են։ Ո՞ւր է տանելու այս հռետորաբանությունը։

- Այս հռետորաբանությունը նոր չէ։ Բորտնիկովը նույն լեգիտիմ թիրախն է, ինչ ուկրաինացի գործընկերները, այս դեպքում սրանք պատերազմի օրենքներն են։ Բայց դա չի արդարացնում Ռուսաստանի կողմից գերիների արտադատական մահապատիժները, բռնությունը՝ գրավյալ տարածքների բնակիչների նկատմամբ եւ ծանր օդային ռումբերի կիրառումը խաղաղ բնակչության դեմ: Ռուսաստանը 750 օրից ավելի բարբարոսական պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ, իսկապե՞ս այս ամենը հանուն Զելենսկու կամ Բուդանովի սպանության։ Ճի՞շտ եմ հասկանում այս ուղերձը։

- ՌԴ-ում Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին հեռակա կալանավորելու որոշում են կայացրել՝ կապված 2022-ին Ղրիմի կամրջի պայթեցման (ըստ մեղադրողի՝ դա ահաբեկչություն է) գործի հետ։ Ի՞նչ նոր զարգացումներ սպասել այս համատեքստում։

- Ստացվում է, որ ռուսական հատուկ ծառայությունները Պուտինի սիրելի ենթակառուցվածքում տեղի ունեցած պայթյունը հետաքննել են մեկուկես տարի եւ միայն հիմա են եկել եզրակացության Մալյուկի մասնակցության մասին։ Թե՞ եզրակացություն են արել ուկրաինական լրատվամիջոցներին տված նրա հարցազրույցից։ Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչն է ավելի լավ ցույց տալիս նրանց ստրկամտությունը Կրեմլի հանդեպ եւ պրոֆեսիոնալիզմի բացակայությունը:

- Ի՞նչ նկատի ունեք։

 - Մարտի 25-ին՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության օրը, Վասիլի Մալյուկը խոսել է ուկրաինական հատուկ ծառայությունների հաջողությունների մասին՝ հիշատակելով Կերչի կամրջի վրա հարձակումը։

- Այս բոլոր իրադարձությունների, փոխադարձ մեղադրանքների ֆոնին ուշագրավ է Զելենսկու հերթական որոշումը․ Ուկրաինայի նախագահը պաշտոնից ազատել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովին, ով պաշտոնավարում էր շուրջ 5 տարի։ Սա ի՞նչ է նշանակում։

- Ելնում եմ նրանից, որ Դանիլովին փոխարինել է Ուկրաինայի արտաքին հետախուզության նախկին ղեկավար Լիտվինենկոն՝ ազգային անվտանգության կառույցներում մեծ փորձ ունեցող պաշտոնյան։ Դանիլովը՝ որպես Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար, նկատելիորեն գերագնահատվեց, Լիտվինենկոն ավելի համապատասխան փորձ ունի, որն անհրաժեշտ է երկրին։ Ի դեպ, նրան փոխարինել է մեկ այլ հետախույզ՝ Օլեգ Իվաշչենկոն, եւ դա վկայում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի աշխատանքում հետախուզական բաղադրիչն ուժեղացնելու փորձի մասին։