Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի բուն նպատակը

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի բուն նպատակը
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Կարապետյան, վարչապետ, ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ «լայվ» մտավ եւ ավետեց՝ գնում է Ամերիկա։ Նրա «լայվն» ավելի շատ ուղղված էր լոսանջելեսահայությանը, որտեղ ԱՄՆ-ի եւ գուցե ողջ սփյուռքի ամենամեծ եւ ամենակոմպակտ հայ համայնքն է։ Հայաստանի վարչապետը մտադիր է Լոս Անջելեսում հանդիպում ունենալ տեղի հայերի հետ եւ ելույթով հանդես գալ։

«Սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16։00-ին, բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով»,- Ֆեյսբուքով հայտարարեց Փաշինյանը։ Բայց միայն Լոսի «սիրելի հայրենակիցների» հանդեպ կարոտը չէ, որ Փաշինյանին տանելու է օվկիանոսից այն կողմ։ Փաշինյանի այցն ԱՄՆ ունի նաեւ պաշտոնական հատված։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսից հետո մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի ամենամյա գագաթնաժողովին, որին մասնակցել է նաեւ անցած տարի։

Կառավարությունից, սակայն, դեռեւս չեն հաստատում ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու լուրերը, թեպետ չեն էլ հերքում, պարզապես ձեռնպահ են մնում այս մասով դեռեւս որեւէ պաշտոնական խոսք ասելուց։ Երեւի մտածում են՝ կարող է մինչեւ սեպտեմբեր ինչ-որ բան փոխվել, կամ՝ ամերիկահայ համայնքը ծանր կտանի, երբ իմանա, որ հատուկ իր հետ հանդիպելու չի մեկնում վարչապետը, այլ ՄԱԿ-ի միջոցառումն է իրական առիթը։ Նկատենք նաեւ, որ վարչապետի այցերը որեւէ երկիր, այն էլ՝ նման միջոցառումներին մասնակցությունը, պլանավորվում եւ հստակեցվում է իրադարձությունից դեռ շատ ամիսներ առաջ։ Բայց մեր կառավարությունում ամեն ինչ «անկանխատեսելի» եւ անսպասելի է կատարվում։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այս այցի մասով մեզ հետ զրույցում ասաց․ «Սեպտեմբերի 21-ին է մեկնելու, սովորաբար օրակարգը մի շաբաթ, 10 օր առաջ է հստակեցվում»։ ՄԱԿ-ի գագաթնաժողովի մասով Վլադիմիր Կարապետյանը ձեռնպահ մնաց այս պահին որեւէ բան ասել։
Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ինչպես տեղի հայ համայնքի, այնպես էլ տեղական իշխանությունների, հայկական կառույցների հետ, ըստ երեւույթին՝ Դաշնակցության լոսանջելեսյան կառույցի, գուցե նաեւ՝ այլ կուսակցությունների։ Իսկ ԱՄՆ վերնախավի հետ բարձրաստիճան հանդիպումների մասին խոսք չկա։ ՀՀ իշխանությունները մի քանի անհաջող փորձից հետո ասես հույսները կտրել են ԱՄՆ նախագահի, պետքարտուղար Պոմպեոյի կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման հավանականությունից եւ այլեւս չեն խոսում այդ մասին։ Այս ընթացքում Հայաստանի բարձրաստիճան այրերից ԱՄՆ վերնախավի, ի մասնավորի՝ պետքարտուղար Պոմպեոյի հետ հանդիպել հաջողվել է միայն նախագահ Արմեն Սարգսյանին, այն էլ՝ իր անձնական կապերի շնորհիվ։ Փաշինյանի համար նրա թիմակիցները դեռեւս չեն կարողանում հանդիպում կազմակերպել, չնայած մեր կողմի ցանկությունը շատ մեծ է։ Հավանաբար, պաշտոնական Վաշինգտոնը դեռ լիարժեք չի «ընկալում» անհասկանալի գեոպոլիտիկ դիրք բռնած Փաշինյանին, սպասողական վիճակում է՝ տեսնելու, թե ինչ է անում նա, ուր է տանում երկիրը։

Այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը, ինչպես ԱՄՆ եւ այլ երկրներ կատարած նախորդ նմանատիպ այցերի ժամանակ, այս անգամ էլ թերեւս կբավարարվի սփյուռքյան կառույցների եւ հատկապես ԱՄՆ Հայ դատի ներկայացուցիչների  հետ հանդիպումներով, որոնք, ինչպես գիտենք, դաշնակցական են։ Հայաստանում ՀՅԴ ներկայացուցիչներն արդեն սկսել են երեսով տալ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմակիցներին, որ նրանք Հայաստանում հայհոյում են իրենց, քննադատում, թե «ՀՅԴ-ն նախկին «թալանչի» ռեժիմի մաս է կազմել» եւ այլն, իսկ դրսում գնում-օգտվում են Դաշնակցության հյուրընկալությունից, աջակցությունից։

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ նախ զարմացավ․ «Իսկ ե՞րբ եք էդպիսի խիստ քննադատություն տեսել։ Իշխանությունն ընդդիմությանը չի քննադատում, իշխանությունը գործ է անում»։ Նկատեցինք, որ Դաշնակցությանը քննադատում են ոչ թե որպես ընդդիմություն, այլ որպես նախկին իշխանություն, որ «նախկին ռեժիմի մաս է կազմել», «թալանչիների հետ է համագործակցել»։
«Էդտեղ սուտը, որ չի համապատասխանում իրականությանը, ո՞րն է»,- նորից զարմացավ վարչապետի խոսնակը, որը, հիշեցնենք, ՀՅԴ-ի հավերժ թշնամի ՀԱԿ ներկայացուցիչ է։

- Իրականությանը համապատասխանում է, թե ոչ, դա այլ հարց է, խնդիրն այն է, որ դուք այստեղ քննադատում եք դաշնակցականներին, բայց գնում եք դուրս եւ հանդիպում հենց Դաշնակցության կառույցների հետ։

- Իսկ իրենք, ո՞նց եք մտածում, համագործակցե՞լ են ռեժիմի հետ։

- Ես չեմ կարող հիմա գնահատական տալ, թե ով ում հետ է համագործակցել, ձեր թիմակիցներն են այդ գնահատականը տալիս, որ համագործակցել են, մաս են կազմել այդ ռեժիմին, դրա համար էլ քննադատում են նրանց, բայց միեւնույն ժամանակ դրսում օգտվում են այդ նույն ՀՅԴ կառույցների հյուրընկալությունից։

- Չեմ կարծում, որ խնդիրը կառույցների հյուրընկալությունից օգտվելն է, խնդիրն այն է, որ եթե այց կա որեւէ երկիր, իսկ վարչապետը շատ կարեւորում է համայնքային կառույցների հետ հանդիպումները, այդ շրջանակներում տեղի են ունենում հանդիպումներ։

ՀԳ․ Մեր կողմից հավելենք, որ իրականում տարաձայնություն եւ խնդիր կա Դաշնակցության դրսի, հատկապես Արեւմտյան Ամերիկայի կոմիտեության եւ Հայաստանի կառույցի միջեւ։ Սփյուռքի դաշնակցականները, որոնք նախկինում, մեղմ ասած, կողմնակից չէին Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ-ի համագործակցությանը, այսօր ոգեւորված են Նիկոլ Փաշինյանով եւ նրա հեղափոխությամբ։ Մինչդեռ ճիշտ հակառակ վերաբերմունքն է ՀՅԴ հայաստանյան ղեկավարության կողմից՝ նրանք էլ հիմա տպավորված չեն Փաշինյանով ու նրա թիմով եւ պարբերաբար խիստ քննադատում են նրան, անգամ դեղին քարտ ցույց տվեցին դատարանների ակցիայից հետո։ Թերեւս կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի գործոնն ավելի է սրել ՀՅԴ ներսի ու դրսի կառույցների տարաձայնությունները, որոնք մշտապես եղել են, բայց երբեք այսքան ցցուն չեն արտահայտվել։