Կուլիսներում՝ ինչպես կուլիսներում

Կուլիսներում՝ ինչպես կուլիսներում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի առիթով հայտարարեց, որ բանակցային կուլիսներում իրեն «ստիպում» են ճանաչալ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Պետք է ենթադրել, որ ստիպողները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն էին, որովհետև նրանցից բացի ոչ մի պետություն Արցախի հարցի կարգավորման մանդատ և բանակցային սեղանի մոտ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակ չուներ: Ալիևի վերոբերյալ հայտարարությունից հետևում է նաև, որ հայկական կողմը որոշակի առավելություն է ունեցել բանակցություններում՝ խնդրին հայանպաստ և արդարացի լուծում տալու իմաստով: Եվ ապա՝ ինչո՞ւ էին համանախագահներն Ալիևին «ստիպում» ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս հարցի պատասխանն ակներև է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները միակարծիք էին այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետությունը) առանձին միավոր է և կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ:

Այս իրավիճակը 180 աստիճանով փոխվել է Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո: Իշխանության բերված Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակը հետևողականորեն փոշիացրին բանակցային գործընթացում հայկական կողմի բոլոր ձեռքբերումները՝ ընդհուպ համաձայնելով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի լուծարմանը, որին ձգտում էր Իլհամ Ալիևը: Սրա արդյունքում ունեցանք 44-օրյա պատերազմ, որը ժամանակին դադարեցնելու ուժ ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբն ուներ, ոչ էլ առանձին-առանձին ՄԽ համանախագահ երկրներից որևէ մեկը: Պատերազմը դադարեցվեց ԼՂ ռուսական խաղաղապահների մուտքից հետո միայն, երբ արդեն տառացիորեն գրավված էր նաև Շուշին:
Զարմանալի է, բայց փաստ, որ Նիկոլ Փաշինյանը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո երբեք և ոչ մի առիթով չի վիճարկել Լեռնային Ղարաբաղի անկախության կամ տարածքային ամբողջականության հարցը: Այս ընթացքում նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ, տեսակ-տեսակ առաջնորդների ներկայությամբ ու մասնակցությամբ, բայց երբեք չի բարձրաձայնել մի այնպիսի հարց, ինչպիսին, օրինակ, Ադրբեջանի կողմից Շուշիի բռնագրավումն է: Փաշինյանը նախընտրում էր ավելի շատ խոսել արցախցիների ինչ-ինչ իրավունքների մասին՝ «մոռանալով», ամենաբարձր իրավունքի՝ սեփական հայրենիքում անկախ ապրելու իրավունքի մասին: Իսկ արդեն 2022թ. Պրահայում նա ստորագրեց մի փաստաթուղթ, որով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:

Ի՞նչ տեղի ունեցավ, Փաշինյանին կուլիսներո՞ւմ ստիպեցին դա անել, թե՞ դա մի հրեշավոր ծրագիր էր, որ նա իրագործեց Հայաստանում իշխանություն ունենալու դիմաց: Կրկնեմ՝ Ալիևը հստակ խոստովանեց, որ իրեն ստիպում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ Փաշինյանը երբեք չի հայտարարել, որ իրեն ստիպել են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Իր այդ քայլը նա պատճառաբանել է հազար ու մի բաներով՝ Էլ ՀԱՊԿ-ի անգործություն, էլ համաշխարհային առաջնորդների պասիվ կեցվածք, էլ հայկական բանակում տիրող թալան, էլ սպաների դավաճանություն, էլ Ամաթիի հռչակագիր, էլ խաղաղության խաչմերուկ… Վերջում էլ իր արևին բոլորին վախեցրեց, թե դրված է եղել Հայաստանի անկախության հարցը, և ինքը փրկել է Հայաստանը: Այս օրերին Փաշինյանի թիմից հայտարարություններ են հնչում, որ իրենց ապահոված ժողովրդավարության պայմաններում Հայաստանին ոչ ոք ոչինչ պարտադրել կամ ստիպել չի կարող՝ ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը… Ոչ ոք: Եվ ուրեմն ինչի՞ արդյունքում տեղի ունեցավ այս ամենը, ինչո՞ւ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ինչո՞ւ են ադրբեջանական զինված խմբավորումները տեղակայված Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, ինչո՞ւ են լարված մեր հարաբերությունները դաշնակիցների հետ, ինչո՞ւ է Փաշինյանն օրումեջ ճամբարներ փոխում: Նրան ստիպում են այդպիսի քաղաքականությո՞ւն վարել՝ ուրեմն թող հայտարարի այդ մասին, ինչի՞ց է վախենում, մի՞թե նա չունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի երկաթե մանդատը: