Սահմանները պահել, տնտեսությունը զարգացնել, արտագաղթը դադարեցնել

Սահմանները պահել, տնտեսությունը զարգացնել, արտագաղթը դադարեցնել

Անցնող տարում, գրականագետ Դավիթ Գասպարյանը մի քանի լուսավոր կետ է մատնանշում, որից մեկն այն էր, որ կառավարությունը վերջերս Մատենադարանին ընծայաբերեց 15-րդ դարի մեծարժեք Ավետարան, որն իր համար ուրախալի իրողություն էր․ 

«Մի ձեռագիր, որ ստեղծվել էր Նարեկ գյուղի մերձակա գյուղում եւ արդեն ի շնորհիվ այդ Ավետարանի՝ կհիշվի նաեւ դարերում։ Այս կարգի բաներ որ շատ արվեն, մեր շունչն էլ կբացվի, մեր հոգին էլ կուրախանա։ Մի ուրախալի բան էլ տեղի ունեցավ․ լույս տեսավ Եղիշե Չարենցի երկերի 13-հատորյա գիտական հրատարակության 1-ին հատորը, որի գլխավոր խմբագիրը ես եմ։ Այս կարգի գրական լիցքերը մտավորական հայ մարդուն թեւեր են տալիս, բայց դե այս տարին նաեւ ծանր կորստի տարի էր՝ Արցախը դատարկվեց իր բնակչությունից, եւ հիմա, երբ ես Երեւանում տեսնում եմ իմ ծանոթներին, որոնց Արցախում էի հանդիպում, պարզապես կարկամում եմ եւ ոչ մի բան չեմ կարողանում ասել, որովհետեւ լռում եմ անզորությունից»,-ասում է Դ. Գասպարյանն ու հավելում, որ մեզանից յուրաքանչյուրն իր պատասխանատվությունն է զգում այս իրավիճակի համար։ 

«Չեմ ուզում հիմա շատ ծանր թեմաների անդրադառնալ, որովհետեւ տարվա ընթացքում պարբերաբար խոսել ենք դրանց մասին, բայց ուզում եմ, որ կարողանանք տարին բարեհաջող ավարտել, եւ հաջորդ տարի գոնե մեր ժողովրդի գլխին մի լույս բացվի, իսկ կորուստները, վտանգները, արտագաղթը շատ եղան, այդ բոլորը թող կարողանանք հաղթահարել եւ վերականգնենք մեր ազգային արժանապատվությունը, ինքնագիտակցությունը, իսկ դա արվում է գործով, գործն էլ հայրենիքն է, նրա սահմանները պահպանելն է, տնտեսությունը զարգացնելն է, արտագաղթը դադարեցնելն է, հային իր արժանի կերպարը վերադարձնելն է, այն, ինչին մենք հասել էինք 1990-ական թվականներին։ Կարողանանք դա վերականգնել, պահել-պահպանել, որպեսզի շարունակվի մեր դժվարին ճանապարհն այս մոլորակի վրա»։