Ինձ մի 50 տարի էլ տան, այնքա՜ն բան կնկարեմ Հայաստանում

Ինձ մի 50 տարի էլ տան, այնքա՜ն բան կնկարեմ Հայաստանում

«Այո, մարդը մահկանացու է, բայց դա դժբախտության միայն կեսն է: Վատն այն է, որ նա երբեմն հանկարծակի մահկանացու է»: Բուլգակովյան այս տրամաբանության մեջ դժվար է հավատալ վավերագրող, լուսանկարիչ Գերման Ավագյանի «հանկարծակի» չլինելուն: Ինչպես որ դժվար է նրա մասին գրել անցած ժամանակով, որովհետեւ նրա թողած ահռելի ֆոտոժառանգությունն այլեւս ժամանակից դուրս է: 

Գերման Ավագյանի հետ պատիվ եմ ունեցել ոչ միայն շփվելու, տարբեր ժամանակներում հարցազրույցներ անելու, այլ նաեւ որպես  գործընկերներ աշխատելու: Դրանցից մեկը «Շուշի․ 48 ժամ» նախագիծն էր, որի գաղափարի շուրջ նա հավաքեց 10 երիտասարդ լուսանկարիչների, ովքեր 48 ժամում պետք է նկարեին Շուշին: Հետո արդեն Գյումրին էր, երբ Գերմանն առաջարկեց Գյումրու երկրաշարժից 30 տարի անց գնալ եւ նկարել Գյումրին` ի նշան հարգանքի բոլոր այն լուսանկարիչների, ովքեր երկրաշարժի օրը թողեցին ամեն ինչ եւ եկան Գյումրի: 

Մտավոր առողջության խնդիրներ, հանքարդյունաբերության եւ սոցիալական հարցեր, հաշմանդամություն ու աղքատություն, պատերազմի հետեւանքներ. բոլոր այս թեմաները եղել են Գերման Ավագյանի տեսախցիկի կենտրոնում, բայց ամենից առաջ` մարդը:   

Գերմանը սիրում էր կրկնել` մարդու համար ամենակարեւոր ու քաղցր բանն իր անուն-ազգանունն է, հիշեք մարդկանց անունները, հատկապես այն մարդկանց, որոնց լուսանկարում եք, ձեր բլոկնոտներում գրեք նրանց անունը, հասցեն, պատմությունը․ առանց դրա չկա լուսանկար: 

***
«Մահից հետո ծնվածները» նախագծի վրա երեք տարի եմ աշխատել: Կարելի էր ուղղակի նկարել զոհված ազատամարտիկների երեխաներին, բայց այդպիսի երեխաներ 5-10 հազարներով կան, ու չես կարող բոլորին նկարել, դրա համար պետք է կորիզը վերցնես: Երկար մտածում էի դրա շուրջ ու նկարեցի այն երեխաներին, ովքեր ծնվել են իրենց հայրերի զոհվելուց հետո: Այն ժամանակ, երբ այդ միտքն առաջացավ, երեխաները դեռ փոքր էին, եւ այդ նմանությունը չկար, բայց հենց դարձան 16-18 տարեկան, այդ նմանությունը լուսանկարից ուղղակի խփում է սրտիդ: Այդ երեխան չգիտի՝ հայրն ինչ բան է, իր հայրն այդ լուսանկարն է, որը ձեռքում բռնել է: Սիմվոլիկ բան է 36 կադր, 36 նկար. «Մահից հետո ծնվածները» համարում եմ ավարտված, բայց կան պրոյեկտներ, որ երբեք չեն վերջանում, միշտ ինչ-որ բան ես տեսնում, ավելացնում: Հիմա մի պրոյեկտ էլ եմ անում` «Անհետ կորածները»․ այն կանանց մասին, ովքեր սպասում են իրենց կորած ամուսիններին կամ տղաներին:

***
Ղարաբաղի հետ կապված առաջին պրոյեկտը` «Մահաբեր խաղալիքները», արեցի դեռ տասը տարի առաջ` այն երեխաների մասին, ովքեր հաշմանդամ են դարձել պատերազմից հետո` ականների պայթյունի հետեւանքով: Դիմանկարներ, որոնք միայն ֆոտո չեն, յուրաքանչյուրի մեջ կա մեր ժամանակի կնիքը, ես զգացի, որ իմ մոտ ստացվել է նոր բան, որը ֆոտոյում մինչ այդ չեմ տեսել: Ընդամենը մի շտրիխով` ձեռքի փոքր լուսանկարով, սկսում ես հասկանալ, թե երբ է դա նկարվել, որ երկրում: Ես դա համարում եմ պատմականություն լուսանկարչության մեջ: Բայց միշտ չէ, որ ձեռքին լուսանկար է, դա կարող է լինել ինչ-որ մի շտրիխ։ Այս երկրորդ նախագծի մեջ ես նկարում էի մի կնոջ, ով անհետ կորած երեխա ունի, եւ ում լուսանկարն ինքը դեռ պահում է: Բայց երբ հարցրեցի` կարո՞ղ է երեխայից որպես հիշողություն պահած ուրիշ բան ունի, գնաց ու ինչ-որ մի սնդուկից հանեց 6-7 տարեկան երեխայի վերնաշապիկ: Այդ պահին ո՛չ ինքը, ո՛չ էլ ես չէինք պատկերացնում, թե հիմա ինչ կկատարվի։ Ինձ ասեց` ի՞նչ անեմ, ասեցի` բռնեք։ Այդ կինը նայեց վերնաշապիկին, հետո վերցրեց այն, գրկեց ու սկսեց լաց լինել: Իհարկե, ես էլ չդիմացա, հետո մոտեցա, գրկեցի նրան ու դուրս եկա սենյակից: Իսկ ի՞նչ կատարվեց. այդ լուսանկարը, որ 20 տարի իրենց պատից կամ «սերվանտից» կախված է, դարձել էր իրենց կահույքի մի մասը, իրենք սովորել էին այդ նկարին, իսկ այդ վերնաշապիկը, որ մի անկյունում պահել էր, միգուցե տեսել էր մի 30 տարի առաջ ու երբ այն վերցրեց իր ձեռքը, սկսեց ինչ-որ բան հիշել ու լացել: Հենց այստեղ էլ թաքնված է իսկության պահը: Իհարկե, այդ պահին շատ դժվար է նկարել, ու ես չեմ նկարում: Այդ կանայք սպասում են, սպասում, իսկ մեր պետությունը չի սպասում: Մեր պետությունը դատարանով թուղթ է ուղարկում Արմավիրի շրջանի Մայիսյան սովխոզում ապրող կնոջը, ով մեկ միլիոն 300 հազար դրամ ջրի պարտք ունի, որը եթե չտա, գալու են տունը բռնագրավեն:  

***
Հիշում եմ Լենինականի երկրաշարժից մի լուսանկար, որտեղ դագաղներից մեկում բաց երեսով դիակ էր պառկած։ Երբ լուսանկարչից հարցրեցի` այս դիակը բաց երեսո՞վ էր պառկած, ասեց` չէ, վրան ծածկոց էր գցած, ես այն իջացրել եմ…. Բայց դու ի՞նչ իրավունք ունեիր այդ ծածկոցն իջացնելու, քեզ ո՞վ է իրավունք տվել միջամտելու, այդ մարդու դեմքն իր սեփականությունն է նույնիսկ իր մահից հետո, դու ընդամենը լուսանկարիչ ես եւ պետք է լուսանկարես այն, ինչ տեսնում ես: Դա արդեն մարդու կրթական ցենզն է, եթե դու ուզում ես տեսնել, թե դիակը ոնց է թռնում օդում, դու դա կնկարես, բայց ես չեմ նկարի, ի դեպ «World Press Photo»-ում կար նման լուսանկար: Ընդհանրապես, վերջին տարիներին արյունոտ ֆոտոները շատացել են, արդեն հոտ է գալիս այդ ֆոտոներից, եթե ես Հայաստանում տեսնեմ նման բան, ուղղակի այդ մարդու գլխին կտամ: Պետք է մարդուն հարգես:   

***
Ինձ մի 50 տարի էլ տան, այնքան բան կնկարեմ մեր Հայաստանում: Ասենք, երբ գնում եմ Վրաստան, ինձ տուրիստ եմ զգում, 4 տարի ապրելով այնտեղ` ընդամենը 2 պրոյեկտ եմ արել, ես միշտ գալիս, այստեղ եմ աշխատում, ուրիշ տեղ չեմ նկարում: Այնպես որ, նկարելու շատ բան կա, ուրիշ հարց, որ դա չի վճարվում այստեղ, ու ոչ ոք էլ պատրաստ չէ ամիսներով աշխատել առանց կոպեկի, որը հետո կա՛մ կլինի, կա՛մ չի լինի:

«Հրապարակ» օրաթերթ, 2013թ․, օգոստոսի 23։