«Անջատում՝ հանուն փրկության»-ն ընդամենը տերմին է, իսկ մեզ պետք են Realpolitik լուծումներ

«Անջատում՝ հանուն փրկության»-ն ընդամենը տերմին է, իսկ մեզ պետք են Realpolitik լուծումներ

Ինչպե՞ս պետք է կիրառվի «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը, որն առաջարկում է վարչապետ Փաշինյանը: Ո՞վ է տեր կանգնելու դրան, ո՞ւմ է ուղղված այն, երբ աշխարհն այսօր անտարբեր է Արցախի ճակատագրի հանդեպ: Այս հարցերն ուղղեցինք քաղաքագետ Աղասի Ենոքյանին: Ըստ նրա, «անջատում՝ հանուն փրկության» կոնցեպտը միջազգային իրավունքի առանձին դրույթ չէ, այլ ազգերի ինքնորոշման իրավունքի արտահայտման ձեւ, որը, թերեւս, ավելի մեծ ուշադրություն է հրավիրում ինքնորոշվող այն տարածքներին, որտեղ առկա են պատերազմ, թեժ կոնֆլիկտ։ «Մեր դեպքում երեւի ավելի ճիշտ կլիներ խոսել «ճանաչում՝ հանուն փրկության» կոնցեպտի մասին, քանի որ Արցախը վաղուց է անջատվել Ադրբեջանից, ավելին՝ իրավական տեսանկյունից եղել է միայն Խորհրդային Ադրբեջանի տարածքային միավոր, բայց երբեք էլ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»,- ասաց Աղասի Ենոքյանը: 

Ըստ նրա, «անջատում՝ հանուն փրկության» մոտեցման մեջ ավելի շատ շեշտադրում կա տարածքային խնդիրների վրա, մինչդեռ «ազգերի ինքնորոշումը» մարդու իրավունքների տեսանկյունից է նայում հարցին եւ այդ առումով ավելի հասկանալի եւ ընդունելի է միջազգային հանրության կողմից։

Ըստ քաղաքագետի, կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ ղարաբաղյան բանակցությունների շուրջ 30-ամյա ընթացքում ազգերի ինքնորոշման հարցը միշտ եղել է օրակարգում, եւ հիմա նոր կոնցեպտներ եւ նոր հասկացություններ օրակարգ բերելը կարող է միայն ձգձգել ու խճճել խնդիրը։

- Եղե՞լ են արդյոք այլ կոնֆլիկտներ, որոնք լուծվել են «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կիրառմամբ: 

- «Անջատում՝ հանուն փրկության» մոտեցման մասին խոսել են Կոսովոյի դեպքում, Աբխազիայի դեպքում, մի շարք այլ «տաք» հակամարտությունների քննարկման ժամանակ։ Կոսովոյի դեպքում տեղի ունեցավ միջազգային ճանաչում, Աբխազիայի դեպքում տեղի չունեցավ, այնպես որ, այս տերմինի արտաբերումն ինքնին չի նշանակում հարցի լուծում։ 

Միջազգային իրավունքը միջազգային հարաբերությունների կարգավորման շատ փուխր գործիք է՝ մանավանդ պատերազմական իրավիճակներում, եւ «քարտեզագրման» նրա նորմերն աշխատում են միայն այն ժամանակ, երբ խնդրի շուրջ կա ձեւավորված ուժային-քաղաքական կոնսենսուս։ Մեր դեպքում, տեսնում ենք, որ իրավիճակը շատ հարափոփոխ է, անցած 30 տարիների այդ կոնսենսուսը չի կայանում, բալանսն անընդհատ փոխվում է, ինչ-որ խաղացողներ ուժեղանում են, մյուսները՝ թուլանում։ Օրինակ, 90-ականներին Թուրքիան այն լուրջ եւ ուժեղ խաղացողը չէր ռեգիոնում, ինչպես այժմ, քանի որ ուներ քաղաքական այլ նախապատվություններ, մասնավորապես՝ Եվրոպայի մաս կազմելը։ Մինչդեռ Էրդողանի կառավարման տարիներին առավել ուժեղացան պանօսմանական եւ պանթուրքական քաղաքական վեկտորները, ինչը Թուրքիային ստիպում է ընդլայնվել դեպի այլ ռեգիոններ եւ, մասնավորապես՝ Հարավային Կովկաս։
Եթե համաշխարհային ուժերի կողմից կայանա համաձայնությունը ռեգիոնում բալանսի վերաբերյալ, ապա կարելի է կյանքի կոչել «ազգերի ինքնորոշումը», «անջատում՝ հանուն փրկության»-ը, «ինքնորոշում՝ հանուն փրկության»-ը եւ այլն։ Այսինքն, միջազգային իրավունքում բազմաթիվ օգտագործելի տերմիններ կան, բայց կարեւորը խնդրի Realpolitik լուծումն է»,- ասաց քաղաքագետը: