Միջազգային կառույցները ցույց տվեցին իրենց գորշ էությունը, ձեւական բնույթն ու ֆիկտիվ արժեքները

Միջազգային կառույցները ցույց տվեցին իրենց գորշ էությունը, ձեւական բնույթն ու ֆիկտիվ արժեքները

Հարցազրույց արդարադատության նախկին նախարար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ

- Երեկ ԱՄՆ ջանքերով հերթական հրադադարի պայմանագիրը ստորագրվեց ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից։ Սակայն առավոտից դարձյալ տեղեկություններ ստացանք, որ թշնամին նորից խախտել է հրադադարի ռեժիմը, հրետակոծում է մեր բնակավայրերը։ Ի վերջո, ո՞րն է երրորդ անգամ հրադադար հաստատելու իմաստը, եթե այն չպետք է պահպանվի։

-Հրադադարների վերաբերյալ համաձայնությունները կարող են կյանքի կոչվել, եթե երկու կողմն էլ իսկապես ցանկանում են դա: Նախորդ երկու հրադադարները ցույց տվեցին, որ թուրք-ադրբեջանական տանդեմն առանձնապես չի այրվում մարդասիրական հրադադարի ցանկությունից: Նրանց համար նշանակություն չունեն օրերով դաշտում գտնվող հարյուրավոր իրենց զինվորների դիակները կամ գերիները: Նրանց համար ամենաէականն ահաբեկչական ակտի շարունակությունն է: Նախորդ երկու հրադադարների պատմությունից, իսկ արդեն վաղ առավոտից էլ՝ փաստերով, ակնհայտ էր, որ հրադադար չի պահպանվելու:

- Հատկապես իշխանական շրջանակներում ոգեւորություն է առաջացրել Թրամփի խոսքում Կոսովոյի մասին ակնարկը: Իշխանական պատգամավորները մեկնաբանեցին, որ դա ակնարկ է Արցախի ճանաչման մասով: Համամի՞տ եք:

- Անկեղծ ասած, շատ կցանկանայի, որ այդքան լավատեսական սցենարն իսկապես լիներ իրականություն: Բայց մեզ համար, ամերիկաբնակ հայ համայնքի համար օգտակար է ավելի ռեալիստական նայել հարցին, որպեսզի անելիքներն էլ դրան համահունչ լինեն: ԱՄՆ նախագահի խոսքում Արցախի հետ ուղղակի զուգահեռ չի տարվել, բացի այդ՝ անչափ կարեւոր է հիշել, որ Դոնալդ Թրամփն իր անձնական հաջողությունն է համարում սեպտեմբերի 4-ին ԱՄՆ միջնորդությամբ Սերբիայի ու Կոսովոյի միջեւ կնքված տնտեսական համագործակցության պայմանագիրը։ Կոսովոյի հետ իր ասոցիատիվ ակնարկը գուցե այստեղ էր: Հետեւաբար, վատ չէր լինի, որ, օրինակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն առավել հստակեցում մտցներ, կամ եթե այդ պատգամավորները գիտեն ավելին, քան մենք, ասեին այդ մասին:

- Այս ընթացքում միայն ՌԴ-ն ու Ֆրանսիան էին ակտիվ ջանքեր գործադրում կրակի դադարեցման ուղղությամբ, վերջին օրերին ակտիվացավ նաեւ ԱՄՆ-ն՝ ի դեմս նախագահ Թրամփի։ Շատերի կարծիքով՝ սա Թրամփի կողմից ընդամենը նախընտրական քարոզարշավ է։ Ի՞նչ կասեք՝ որքանո՞վ են ազնիվ Թրամփի մղումներն այս հարցում։

- Կարծում եմ` նախընտրական պայքարի ամենաթեժ շրջանում գտնվելը վերջին տեղը չէ, որ ունեցել են ԱՄՆ վարչակազմի ձեռնարկած քայլերում: Ռեալ պոլիտիկում, դժբախտաբար, շահերն են որոշում ամեն բան: Այն արհավիրքը, որի միջով անցնում են Հայաստանը եւ Արցախը, եւս մեկ անգամ ցույց տվեցին այս պարզագույն ճշմարտությունը:

- Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում միջազգային կառույցների արձագանքն ու աշխատանքը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ուղղությամբ։ Միջազգային հանրության կողմից ի՞նչ դրական, մեզ համար օգտակար ազդակներ եք նկատել այս ընթացքում։

- Միջազգային հանրություն կոչվածի ու ամենատարբեր եվրոպական կառույցների արձագանքը, մեղմ ասած, բավարար համարվել չի կարող: Նրանք ապացուցեցին, որ արժեքները, որոնք քարոզել են, իրավունքները, որոնց պաշտպանության մասին խոսել են, զրո արժեք ունեն հենց իրենց համար: Ագրեսորի վարքի մասին հստակ մատնանշումներ չեն արվում: Մարդկանց հոգնեցրել են երկու կողմերին ուղղված անիմաստ կոչերը, դատապարտումներն ու մտահոգությունները: Ասեմ ավելին, ցավոք, Թուրքիայի կողմից էլ այս հակամարտության ներգրավվածության, ահաբեկիչների ու զենքի մատակարարման մասին էլ խոսում են այն երկրները, որոնք այլ հարցերում եւս խնդիր ու հակասություն ունեն թուրքերի հետ: Օրինակ, ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի ու նույն կառույցի անդամ Թուրքիայի միջեւ կոնֆլիկտում, Թուրքիայի դեմ դուրս է եկել ու հույներին աջակցություն հայտնել Ֆրանսիան: Բայց, օրինակ, Գերմանիայի դիրքորոշումն այդպիսին չէ, իսկ օրեր առաջ էլ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին հինգ երկիր թույլ չտվեց Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցներ, եւ դրանց թվում էրն օրինակն նույն Գերմանիան: Այլ կերպ ասած, շահերը որոշում ու կանխորոշում են ամեն բան:

Այս պատերազմից հետո շատ բան վերանայելու կարիք է լինելու, այդ թվում` միջազգային գործընկերների հետ հարաբերություններում: Մենք պիտի հստակ տարանջատենք՝ ով է բարեկամ, ով՝ թշնամի, իսկ ով՝ չեզոք ու ով նեղ պահին կանգնեց մեր կողքին:

- Այս օրերին հայկական կողմն ակտիվորեն աշխատում է նաեւ ՄԻԵԴ-ում մեր գերիների վերադարձման, նրանց կողմից խոշտանգումների դեպքերի, մարդատյաց դրսեւորումների ուղղությամբ։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է ադեկվատ արձագանքում միջազգային հանրությունն Ադրբեջանի այս վարքագծին, եւ ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք հետագայում հարցի դիվանագիտական կարգավորման տեսանկյունից։

- Միայն գերիների մասով է, որ որոշ դեպքերում ՄԻԵԴ կիրառած անհապաղ քայլերը Ադրբեջանի այդ լկտի վարքագծի մասով օգտակար լինում են: Բայց մենք տեսանք նաեւ, որ ՄԻԵԴ-ը դեռեւս սեպտեմբերի 29-ին՝ Ադրբեջանի, իսկ այդուհետ նաեւ Թուրքիայի դեմ կիրառեց միջանկյալ միջոց՝ օրինակ, պահանջելով դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծությունները… ու ի՞նչ, ոչինչ, երբ այդ երկու խայտառակ պետությունները շարունակեցին իրենց վարքագիծը: Ասածս այն է, որ այս կառույցները ցույց տվեցին իրենց գորշ էությունը, ձեւական բնույթն ու ֆիկտիվ արժեքները: Ի դեպ, «գորշ» բառը պատահական չեմ գործածել. այդպես եվրոպական կառույցների զեկույցներում անվանում են չճանաչված պետություններին` չակերտների մեջ դնելով «գորշ» բառը: Ես առանց չակերտի եմ օգտագործում այն: