Կան հարցեր, որ նպատակահարմար չէ հանրային քննարկման առարկա դարձնել

Կան հարցեր, որ նպատակահարմար չէ հանրային քննարկման առարկա դարձնել

Հարցազրույց Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ

- Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ հրադադարին ուղղված ջանքերից հետո եկավ Ամերիկայի հերթը։ Մինչ այդ հայ հասարակության մեջ կար մտայնություն, թե իբր առաջին երկուսն այնքան էլ շահագրգռված չեն հրադադարի հաստատմամբ, եւ դրա համար էլ այն չպահպանվեց: Բացի այդ, առաջին երկուսի համեմատ Ամերիկան լուրջ առավելություն ունի: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը, սպասելի՞ էր, որ երրորդ անգամ էլ չի պահպանվի հրադադարի պայմանավորվածությունը։

- Հաշվի առնելով առաջին պատերազմի փորձը՝ նկատի ունեմ 1991-1994 թթ․, այն ժամանակ էլ նման միջնորդություն եղավ՝ հրադադար հաստատելու, բայց, ցավոք սրտի, ամեն անգամ պայմանավորվածությունը խախտվում էր․ Ադրբեջանը որոշակի ակնկալիքներ ուներ, որ ռազմաճակատում հաջողություններ կգրանցի, որպեսզի հետագայում թելադրողի դիրքերից բանակցություններին մասնակցի։ Այս անգամ էլ, ինձ թվում է, նույն սցենարն է։ Որքան էլ ցավալի է, բայց ես նախապես մեր զրույցներում կանխատեսում էի, որ երրորդ պայմանավորվածությունն էլ չի պահպանվի, քանի որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ հարկավոր է ուժի դիրքերից խոսել Ադրբեջանի հետ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական հարթակներում։ Խնդիրն այն է, որ դիվանագիտությունն ունի իր չերեւացող կողմը, եւ միայն հայտարարությունները բավարար չեն, գուցե նրանք ա՞յլ խոսակցություններ ունեն մյուս կողմի հետ, եւ հայտարարություններից չենք կարող ասել՝ դրանք անկե՞ղծ են, թե՞ ոչ։ Վերջին տարիները ցույց են տվել, որ այդ երկիրը կարող է նման բան անել, եթե անկեղծ է, եթե ուզում է։ Գիտեք, ԱՄՆ-ն այն երկիրն է, որի մասին չի կարելի ասել, թե խոսքը ջուրն է նետում։ Դրա համար եմ ասում՝ մենք չգիտենք, թե ինչ պայմանավորվածություններ կան նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Հիմա, ԱՄՆ ապագա իշխանությունները կգնան նման քայլերի, թե ոչ՝ դժվար է ասել, բայց այսօր փաստն այն է, որ այսօր միջնորդական առաքելությունները լիարժեք չեն իրականացվում։

- Հիմա, երբ, ինչպես Դուք ասացիք, միջնորդները չեն կարողանում կամ չեն ուզում իրենց առաքելությունը կատարել, ի՞նչ զարգացումներ կարող են հաջորդել, ո՞րն է մեր անելիքը։

- Իհարկե, պետք է շարունակել բանակցությունները, պարտադիր չէ հանրությանը մանրակրկիտ ներկայացնել, թե ինչ է արվում, բայց պետք է ավելի ակտիվ աշխատանքներ տարվեն։ Սրան զուգահեռ, ռազմաճակատում էլ պետք է ուժեղացնել մեր դիրքերը, հակառակորդը պետք է հասկանա, թե ինչ ժողովրդի հետ գործ ունի։ Հարավում արձանագրելով հաջողություններ՝ նկատելի դարձավ, թե ինչ հռետորաբանությամբ է խոսում Ալիեւը, որ ոչ մի պայման չի քննարկելու եւ այլն, բայց ռազմաճակատի այլ հատվածում մեր ակտիվությունը նրան ստիպեց խոսել բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու եւ այլնի մասին։ Ուզում եմ ասել, որ պետք է թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատում զուգորդված աշխատանքներ տանել։
Մենք չենք կարող ասել, որ միջնորդներն անելիք չունեն։ Եթե չխոսեն խնդրի մասին, պատերազմն ավելի կսաստկանա։ Մենք պետք է ակտիվացնենք մեր շփումները հատկապես Ռուսաստանի հետ, որովհետեւ դա մի երկիր է, որի հետ մենք որոշակի ճանապարհ ենք անցել։ Հայությունը 350 տարվա պատմություն ունի Ռուսաստանի հետ հարաբերություններում, եւ կարծում եմ, որ դա ակնթարթ չէ եւ պետք է շարունակություն ունենա։

- Ինչպե՞ս եք պատկերացնում Ռուսաստանի գործոնի ակտիվացումը։ Մեր իշխանությունները վստահեցնում են, որ շատ լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, ինչ պետք է, արվում է, օրերս էլ Արայիկ Հարությունյանը նամակով դիմեց Պուտինին։ 

- Գիտեք, որոշակի տեղեկատվություն տիրապետողը հասկանում է, որ նման անհրաժեշտություն կա (նկատի ունի բաց նամակը՝ Լ․ Շ)։ Հազար ու մի հարց կա՝ խաղաղության, մեր պետականության, պատասխանատվության, մեր երեխաների կյանքի, եւ չէր կարելի քննադատել, թե ինչու դիմեց։

- Լավ, իսկ Դուք ի՞նչ եք ակնկալում ռուսական կողմից, ի՞նչ չեն անում։

- Այո, որոշակի բաներ արվում են, կան դրական տեղաշարժեր։

- Այսինքն, կարծում եք՝ կարող են ավելին անել, չե՞ն անում, ինչո՞ւ։

- Կան հարցեր, որ նպատակահարմար չէ հանրային քննարկման առարկա դարձնելը, որովհետեւ դրանից ավելի շատ վնաս կարող ենք կրել։ Այնպես որ, եկեք չխորանանք նման խնդիրների մեջ։ 

- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում ԼՂ հակամարտության մասին աղմկահարույց հայտարարություններ արեց, օրինակ, «նման իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքների զգալի մասը կորսված է, չի կարող հարատեւ լինել»։ Խոսեց ռուս խաղաղապահների տեղակայման մասին, որն ընդունելի համարեց նաեւ մեր վարչապետը։ Որքանո՞վ են այս հայտարարություններն ընդունելի Արցախի համար:

- Ինքը միայն դա չասաց, ասաց, որ սա էթնիկ հիմքի վրա առճակատում է, հայերի նկատմամբ ոճրագործությունները, որ կատարվեցին Սումգայիթում, ապա՝ նաեւ Ղարաբաղում։ Սա հստակ մեսիջ է Ադրբեջանին, որ այդ երկիրն իրականացնում է էթնիկ զտումների քաղաքականություն։ Կարծում եմ, որ ՌԴ նախագահի այդ խոսքը Ադրբեջանին նախազգուշացնող հանգամանք ունի իր մեջ՝ այն առումով, որ անընդհատ ագրեսիվ պահվածքը, դրա մեջ ներգրավելով նաեւ վարձկան ահաբեկիչներին, այսօր նաեւ ակտիվորեն գործում է Հյուսիսային Կովկասում եւ մտահոգում է Ռուսաստանին։ Սա թույլ է տալիս մեզ ասելու, որ Ռուսաստանի կողմից կոնկրետ քայլեր հաստատ կձեռնարկվեն, թե երբ՝ ես չեմ կարող ասել։

- Գուցե այդ կոնկրետ քայլը՝ առաջինը լինի Արցախում խաղաղապահների տեղակայումը։

- Չեմ կարող ասել՝ այդ քայլը կլինի խաղաղապահների տեսքով կամ այլ կերպ, բայց որ պետք է քայլեր արվեն, ես դրանում չեմ կասկածում։

- Իսկ գուցե Ռուսաստանն առաջարկում է «տարածքներ, խաղաղություն, խաղաղապահների տեղակայում» ձեւաչափը, եւ դա մեր իշխանությունների համար ընդունելի չէ։

- Բայց ինքն էլ մի քանի անգամ խոսեց, որ հարցը պետք է լուծվի 3 սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի։ 3 սկզբունքներն իրար հետ պետք է խոսեն, եւ ինչ-որ որոշում կայացնեն։ Թե դա ինչ ձեւով է լինելու, չեմ կարող այս պահին ասել, բայց որ պետք է մի տեղից սկսել խոսել, սա անհրաժեշտություն է՝ անկախ նրանից, թե ինչ ելակետ է լինելու։ Փաստն այն է, որ եթե կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ, միջնորդների ակտիվ մասնակցության պարագայում կարելի է մի բանի հասնել, մի լուծման, որը թույլ կտա տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն պահպանել։