Ե՞րբ կհանձնվի Ռամիզ Մեհթիեւը
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին երկարամյա ղեկավար, Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռամիզ Մեհթիեւը հայտնվել է քննադատությունների թիրախում: Օգոստոսի 18-ին Բաքվին մերձակա ամառանոցում նա կազմակերպել է թոռան հարսանիքը, որին հրավիրված են եղել ադրբեջանական վերնախավի ներկայացուցիչներ: Ոստիկանությունը միջամտել, բերման է ենթարկել Մեհթիեւի փեսային, նրան դատարան են հասցրել ձեռնաշթղթաներով եւ 400 մանաթ տուգանելուց հետո ազատ արձակել:
Նույն չափով տուգանվել է նաեւ իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլլի մեջլիսի պատգամավոր Սիավուշ Նովրուզովը: Վերջինս հաջորդ օրը կուսակցական պաշտոնից հրաժարական է տվել եւ հայտարարել, որ Մեհթիեւը բոլորին խաբել է, հայտարարել, որ Իլհամ Ալիեւից հարսանքի արարողության թույլտվություն ունի, անգամ «մեծարգո պարոն նախագահը զանգել եւ շնորհավորել է նորապսակներին»: Մամուլում Մեհթիեւի հասցեին սուր քննադատական հոդվածներ են հրապարակվում, սակայն նա, երեւում է, մտադիր չէ հեշտությամբ հանձնվել: ԳԱ պաշտոնական կայքը հերքել է լուրերը, որ Մեհթիեւն արձակուրդում է եւ այլեւս պաշտոնին չի վերադառնա: Նույն տեղում հրապարակվել է Մեհթիեւի երկարաշունչ մեկնաբանությունը, որտեղ նա ոչ մի անգամ չի տալիս Իլհամ Ալիեւի անունը, հավատարմություն չի հայտնում նրա վարած քաղաքականությանը: Ընդհակառակը, նախկին բարձրաստիճան պաշտոնյան իր եւ ընտանիքի նկատմամբ մամուլի վերաբերմունքը գնահատում է «երկակի ստանդարտի կիրառում»:
Նա, առանց անուններ տալու, հիշում է որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք նույնպես համավարակի պայմաններում տոնախմբություններ են կազմակերպել, բայց իշխանությունը նրան նկատմամբ պատժիչ քայլեր չի ձեռնարկել: Ադրբեջանցի վտարանդի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի բնութագրմամբ՝ Մեհթիեւը «բարձրացրեց իրեն նետած ձեռնոցը»: Համարվում է, որ Իլհամ Ալիեւը մտադրվել է Գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնից հեռացնել Մեհթիեւին եւ իշխանության բոլոր օղակները մաքրել նրա մարդկանցից: Մեհթիեւը, կարծես, փորձում է դիմադրություն կազմակերպել: Տեղեկություններ կան, որ նրա շրջապատից բանագնացներ են այցելել Մոսկվա, որտեղ հանդիպել են նախկին առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովին եւ քննարկել հակաալիեւյան ճակատ կազմելու հետ կապված հարցեր: Հավաստի՞ են այս լուրերը, թե՞ ոչ՝ չափազանց անորոշ է: Աբաս Աբասովը նախկինում նույնպես մեղադրվել է հակաալիեւյան խմբավորում կազմելու մեջ:
Կա՞ն ռեսուրսներ, որպեսզի Մեհթիեւը պահպանի իշխանության մեջ դիրքերը: Տպավորություն է, որ առանց պաշտոնական Մոսկվայի աջակցության նրա համար շատ դժվար կլինի դիմադրել եւ, մանավանդ, վերականգնել խաթարված հեղինակությունը: Մեհթիեւն, ամենայն հավանականությամբ, կհանձնվի, բայց՝ որոշակի երաշխիքներ ունենալու դեպքում: Կտա՞ Ալիեւը նման երաշխիքներ:
Կարծիքներ