Թույլ և անվճռական իշխանությունը դատապարտված է

Թույլ և անվճռական իշխանությունը դատապարտված է

Իրավիճակը չափազանց ծանր է և գնահատականն այս ոչ թե վհատեցնող է, այլ՝ նախազգուշացնող։ Կառավարությունն ակնհայտորեն ջախջախիչ պարտություն է կրել համավարակի դեմ պատերազմում։ Եվ ոչ թե այն պատճառով, որ covid 19-ը անհաղթահարելի հրեշ է, այլ պարզապես գործ ունենք անպատասխանատվության, անհետևողականության և պրոֆեսիոնալիզմի չգոյության հետ։ Կարելի է ասել, որ ներկայումս Հայաստանում կառավարում գոյություն չունի և պետությունը դատապարտված է տարերային և անվերահսկելի ինքնահոսի։ 

Սխալվելու չնչին հավանականությամբ մենք սահուն քայլերով անցնում ենք արգելված սահմանագիծն ու մոտենում վերահաս աղետին, ինչն անշուշտ կործանարար հետևանքներ է ունենանալու։ Վիճակագրությունն ասվածի լավագույն վկայությունն է։ Այսպիսի ծանրագույն իրավիճակում կառավարությունը պարտավոր է դիմել արտակարգ միջոցառումների։ Առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել տնտեսությունը փրկելու խղճուկ փորձերն ու գոնե ժամանակավորապես մոռանալ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր պահելու ցինիկ աշխատանքի մասին։ Իմ համոզմամբ լավագույն լուծումն այն կլինի, եթե գոնե մեկ շաբաթով ապահովվի կոշտ կարանտին, որի ընթացքում կբացառվի ցանկացած տեղաշարժ և որևէ կամայական գործունեություն։ Խոսքը խեղկատակային բնույթ ունեցող նախորդ կառանտինի մասին չէ, այլ իսկապես կանոնակարգված ռեժիմի, որի կյանքի կոչումը պետք է իրականացվի ոստիկանության և բանակի միջոցով։ Պետությունը ունի կոշտ քայլեր իրականացնելու և նույնիսկ բռնության դիմելու լեգիտիմ մենաշնորհ և ահա, եկել է այդ գործիքից օգտվելու ամենապահանջարկված պահը։ Այլ խոսքով՝ գոնե մեկ շաբաթ Հայաստանի տարածքում պետք է օդը կանգնի, նույնիսկ թռչունների շարժը պետք է բացառվի, իսկ բոլոր կարգազանցները պետք է խիստ իրավական գնահատականի արժանան։ 

Այս պարագայում մարդու իրավունքները պետք է մղվեն երկրորդական պլան և առաջնային պետք է դիտարկվի պետությունը աղետից փրկելու անհրաժեշտությունը։ Լավ և կենսունակ, քաղաքացիների հոգսերով ապրող և ապրումակցող իշխանությունը պետք է կարողանա բացառիկ կամք դրսևորել և նույնիսկ իր ինքնաոչնչացման գնով հասնել համընդհանուրի շահի պաշտպանությանը։ Պատրա՞ստ է արդյոք Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր վարկանիշի հաշվին հաղթել համավարակին, թե՞ վերստին պատրաստվում են վարկանիշը վեր դասել պետությունից և անմեղսունակության դիրքերից ամբողջ մեղքը բարդել քաղաքացիների միֆական անպատասխանատվության վրա։ Եթե պատրաստ չեն, ապա այդ մարդիկ պարզապես տեղ չունեն Հայաստանի կառավարման համակարգում և նրանց հաղթանակն ընդամենը հասարակագիտական անոմալիա է։ Թույլ և անվճռական իշխանությունը դատապարտված է անփառունակ հեռացումի։