Սոթքի հանքավայրի ճգնաժամը հասավ Արարատի ոսկու կորզման կոմբինատին

Սոթքի հանքավայրի ճգնաժամը հասավ Արարատի ոսկու կորզման կոմբինատին

«Գեոպրոմայնինգ գոլդ» ռուսական ընկերության համար վերջին երեք տարիները կորուստների ժամանակաշրջան են` պայմանավորված ադրբեջանական հարձակումների հետեւանքներով։ Նախ՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ Քարվաճառի հանքերի մի մասն անցավ Ադրբեջանին, ընկերության մաս կազմող Սոթքի հանքավայրը պատերազմական գոտի դարձավ։ Պատերազմի ավարտից հետո աշխատանքը հանքում կարծես վերսկսվեց, սակայն պարբերաբար դադարեցվում էր, իսկ 2023-ի ապրիլյան ռմբակոծություններից հետո ձեռնարկությունն ընդհանրապես կանգնեց, աշխատողները տարհանվեցին եւ այժմ աշխատանքի չեն հաճախում, որովհետեւ թշնամու ուղիղ նշանառության տակ են։ Հետո Սոթքի աշխատողներին ասվեց, որ հանքը փակվում է` մաս-մաս աշխատակիցները պետք է ազատվեն, որովհետեւ, ակնհայտորեն, ռուսական կողմն արդեն հույս չունի, որ կկարողանա աշխատել. ադրբեջանցիները ո՛չ իրենք  կկարողանան հանքն արդյունահանել` դրա համար մեծ ներդրումներ եւ ժամանակ են պետք, ո՛չ էլ թույլ կտան հայկական կողմից շարունակել արդյունահանումը:

Սոթքի կանգնելը, պարզվում է, շղթայական ռեակցիա է առաջացրել «Գեոպրոմայնինգին» պատկանող մյուս խոշոր ձեռնարկությունում՝ Արարատի ոսկու արդյունահանման կոմբինատում, որը հիմնականում աշխատում էր Սոթքի հումքի վրա։ Այստեղ արտադրական ծավալների անկում եւ կրճատումներ կան։ Արարատի ձեռնարկության աշխատողները պատմում են, որ տնօրեն Անդրեյ Ցվետկովը պատրաստվում է 200 հոգուց ավելի մարդու ազատել աշխատանքից։

«Աշխատանքից ազատումներն իրականացվում են շոուի ձեւով եւ ուղեկցվում են ապօրինություններով ու սպառնալիքներով՝ բոլորիդ դատի կտամ, էս կանեմ, էն կանեմ, ձեզ կազատենք` չինացիների եւ տաջիկների կընդունենք։ Նման սպառնալիք Ցվետկովը մի քանի անգամ տվել է արդեն, եւ նա հասնում է իր ուզածին, եթե ուզում է մեկին ազատել։ Վերջերս թարգմանչուհուց ուզում էին ազատվել, նրա շտատը պարզապես փակեցին։ Եվ եթե մարդը չի համաձայնում հեռանալ իր ասած պայմաններով, նա բոլորին դատի է տալիս, եւ այդ մարդիկ սովորաբար պարտվում են, եւ մեր կառավարությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ոչինչ չեն կարողանում անել։ Պետությունն անզոր է նրան սանձելու»,- ասում է Արարատի կոմբինատի նախկին աշխատակից Կարեն Ադամյանը։ Ըստ նրա՝ մարտի վերջին Արարատի գործարանում տեղեկատվական թերթիկ էր փակցված, որտեղ գրված էր, որ այս տարի աշնանը տնօրինությունը պատրաստվում է աշխատանքից ազատել 217 աշխատակցի։

«Սեպտեմբերի վերջին բոլորի պայմանագրերը միակողմանի լուծարվելու էին: Հետո այս թերթիկը հանեցին պատից։ Շաբաթն ուրբաթից շուտ եկավ, փաստորեն։ Իրենք Սոթքից տեխնիկան հանում են կրակոցների տակ։ Ալիեւն օգնեց, որ ազատումներն ավելի շուտ տեղի ունենան, եւ այս ամենի մեջ ՀՀ կառավարությունը շատ պասիվ գտնվեց»,- ասում է Ադամյանը։

Նա անձամբ շրջել է գերատեսչություններով, կառավարության ապարատում է եղել, տարածքային կառավարման նախարարությունում, վարչապետի աշխատակազմում, սակայն կառավարությունից ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող աշխատողներին, որոնց գործազրկություն է սպասվում։

«Մենք այս առումով շատ անելիք չունենք, բայց մշտական կապի մեջ ենք թե՛ մարզպետարանի, թե՛ Գեղարքունիքի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հետ։ Մշտապես քննարկվում են ծավալների կրճատման հետ կապված հարցերը։ Հիմնական պատճառն այն է, որ հիմա անցում է կատարվում շահագործման բաց եղանակից դեպի փակ եղանակ, եւ այդ կրճատումները պայմանավորված են աշխատանքների տեսակների փոփոխությամբ»,- պատասխանեցին մեզ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

Փաստորեն, Սոթքի հանքավայրի եւ Արարատի ոսկու կորզման կոմբինատի աշխատողների ճակատագիրն անհայտ է։ Մինչդեռ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ապրիլի 25-ին հանդիպել էր Սոթքի հանքավայրի աշխատողների հետ, խոսել տարբեր հարցերի շուրջ, հանդիպմանը մասնակցած անձինք ասում էին, որ ուղիղ տեքստով ասվել է` հանքը փակվում է: Սակայն իրեն զանգահարող լրագրողներին նա ասում էր, որ հանքի փակման մասին որեւէ քննարկում չի եղել, եւ, առհասարակ, այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: «Կրակոցների արդյունքում է այս իրավիճակը ստեղծվել, երբ անվտանգային խնդիրը լուծվի, հանքը կշահագործվի, չնայած որ այս պահին հանքը մասնակիորեն շահագործվում է»,- ասել էր նա, սակայն թաքցրել էր, որ անցնելու են հանքարդյունահանման ստորգետնյա եղանակին, որը կարելի է կազմակերպել անհամեմատ քիչ աշխատողներով։

«Գեոպրոմայնինգ» ընկերությունից որեւէ տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ։ Մամուլի պատասխանատուին եւ բոլոր մյուսներին, մեր աղբյուրների պնդմամբ, պարզապես արգելված է շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, հանրությանը որեւէ տեղեկություն փոխանցել։

Հարցին, թե ինչ է լինելու աշխատողների հետ, ընկերության մեր աղբյուրն ասում է․ «Նախ, Արարատում կան թոշակի տարիքի հասած բազմաթիվ աշխատողներ՝ մոտ 20 հոգի։ Նրանք արդեն ստացել են տեղեկացում»։

«Գեոպրոմայնինգի»` մամուլի հետ շփումների պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ այս պահին չունի տեղեկություն, թե քանի աշխատակից է ազատման ծանուցում ստացել Արարատի կոմբինատում, իսկ 200 թիվը հնարավոր է` չափազանցված լինի։ Նա խոստացավ ճշտել տեղեկությունը։ Այս պահին Արարատի եւ Սոթքի ձեռնարկությունների տնօրինությունը մայիսմեկյան արձակուրդում է, որը Ռուսաստանում եւ ռուսական պատկանելությամբ ձեռնարկություններում տեւում է 10 օր՝ մայիսի 1-ից մինչեւ 10-ը։