«Հրապարակը» կրկին հաղթեց դատարանում. պետության հովանու տակ գործող ԱՆԻՖ-ը պարտվեց

«Հրապարակը» կրկին հաղթեց դատարանում. պետության հովանու տակ գործող ԱՆԻՖ-ը պարտվեց

Երեկ դատարանից հերթական լավ լուրը ստացանք։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ) մերժել է  «Պետական հետաքրքրությունների հիմնադրամ» կամ «ԱՆԻՖ» անունով ընկերության հայցն ընդդեմ մեր թերթի եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի: Այս կազմակերպությունը բազմաթիվ հայցեր է ներկայացրել տարբեր լրատվամիջոցների դեմ: Սա առաջին վճիռն է, որտեղ մամուլը հաղթեց` ապացուցելով իր ճշմարտացիությունն ու պաշտպանելով ազատ արտահայտվելու իր իրավունքը: Որն էր վեճի թեման:

«Հրապարակին» տված հարցազրույցում (հեղինակ՝ Սյուզան Սիմոնյան) նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գնահատողական դատողություն էր արել` պնդելով, թե առանց մրցույթի ազգային ավիափոխադրողի ստեղծումն ինքը համարում է կոռուպցիոն գործարք։ ԱՆԻՖ-ի ղեկավարությունը վիրավորվել էր Բագրատյանի այս կարծիքից, դրանում տեսել էր զրպարտություն, իր բարի համբավն արատավորելու փորձ եւ անմիջապես գնացել էր դատարան` առանց անգամ հերքում կամ պարզաբանում պահանջելու։ Ավելին` այս հայցով դատարանից պահանջել էին արգելանք դնել ե՛ւ խմբագրության, ե՛ւ երկրորդ պատասխանողի` Հ. Բագրատյանի գույքի ու դրամանական միջոցների վրա, եւ 2 մլն դրամի արգելանք էր դրվել Հրանտ Բագրատյանի հաշիվների վրա:

Երեկ համարյա մեկուկես տարի տեւած դատաքննությունն ավարտվեց հայցի մերժումով։ Դատարանը գտավ, որ ԱՆԻՖ-ի վերաբերյալ հրապարակված տեղեկություններն իրենից բնույթով հստակ եւ որոշակի չեն, կրում են ընդհանրական եւ վերացական բնույթ, քանի որ չունեն կոնկրետություն` «ընթերցողի մոտ չի ձեւավորվում որեւէ պատկերացում, թե ինչ կոռուպցիոն գործողությունների մասին է խոսքը, ինչ եղանակով են դրանք իրականացվել, պարզ չէ դրա բովանդակությունը, դրանք կատարած անձանց շրջանակը»: Դատարանը փաստել է, որ 28․09․2021 թվականին հրապարակված «Ազգային ավիափոխադրողի ստեղծումն առանց մրցույթի համարում եմ կոռուպցիոն գործարք» վերտառությամբ հոդվածում սուտ, անհիմն, ոչ հավաստի տվյալներ չկան։

Հետաքրքիր է նաեւ կոռուպցիոն ռիսկի վերաբերյալ դատարանի վերլուծությունը․ «Պատասխանողի կողմից օգտագործվել է «կոռուպցիոն ռիսկ» արտահայտությունը, որը բովանդակային առումով նշանակում է կոռուպցիայի հնարավոր վտանգ, որը ․․․գնահատողական դատողություն է․․․ դատարանը փաստում է, որ չի հիմնավորվել այն փաստը, որ պատասխանողը նպատակ է ունեցել արատավորել ընկերության բարի համբավը, այլ կատարել է գնահատողական բնույթի դատողություններ:

Դատարանի գնահատմամբ՝ հոդվածի ուսումնասիրությունը չի կարող ողջամիտ ընթերցողի մոտ ձեւավորել համոզմունք, որ ընկերությանը վերագրվել է քրեորեն հետապնդելի արարք, այլ հրապարակման մեջ տեղ գտած դատողություններն իրենցից ենթադրում են պատասխանողի ստացած տեղեկությունների եւ կատարած վերլուծությունների արդյունքը՝ այդպիսով արտահայտելով վերջինիս բացասական կարծիքը, քննադատությունը, գնահատողական դատողությունը որոշակի փաստական հանգամանքների վերաբերյալ: Ընդ որում՝ դրա մասին է վկայում նաեւ Հրանտ Բագրատյանի կողմից օգտագործված «համարում եմ» բառը, որը եւս ընդգծում է, որ արտահայտվածը հանդիսանում է Հրանտ Բագրատյանի սուբյեկտիվ գնահատողական կարծիքը»:

Այս վերլուծության հիման վրա դատարանը հանգել է հետեւության, որ հայցվորի կողմից որպես զրպարտություն գնահատված արտահայտություններն իրենցից ներկայացնում են գնահատողական դատողություններ, ուստի հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման:

Հիշեցնենք, որ այս հիմնադրամի գործադիր տնօրենը ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին է` Դավիթ Փափազյանը, իսկ խորհրդի նախագահը ժամանակին Տիգրան Ավինյանն էր: Ուշագրավ է նաեւ այն, որ ամպագոռգոռ առաքելությամբ, հսկայական միջոցներ տնօրինող այս հիմնադրամը չի կարողացել գրագետ իրավաբանական ծառայություն ձեւավորել եւ մերժման ենթակա հայց է ներկայացրել դատարան` զբաղեցնելով առանց այն էլ գերծանրաբեռնված դատարանին եւ լրատվամիջոցներից խլելով թանկ ռեսուրս: