Արսեն Թորոսյանի մանիպուլյացիաները եւ Տիգրան Ավինյանի կասկածները

Արսեն Թորոսյանի մանիպուլյացիաները եւ Տիգրան Ավինյանի կասկածները

Գնալով ավելի շատ մարդիկ են սկսում խոսել այն մասին, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հնարավոր է, մանիպուլացնում է կորոնավիրուսով վարակված, առողջացած, բուժվող և փաստացի բուժված անձանց վիճակագրական թվերը՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: 
Առողջապահության համակարգում խոսում են, որ ներկայումս սկսել են ուռճացնել հատկապես կորոնավիրուսով փաստացի բուժվողների թվերը: Այսօր, օրինակ, ՀՀ ԱՆ-ն պաշտոնապես հրապարակել է, որ 24.04.2020թ. դրությամբ փաստացի հիվանդանոցային բուժում է ստանում 841 պացիենտ, առողջացել է 728-ը, մահացել՝ 27-ը, իսկ ընդհանուր վարակվածները 1596-ն են: Թվեր, որոնք առաջին հայացքից անգամ կասկածելի են թվում։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նախարարը մեծացնում հատկապես հիվանդանոցներում բուժվողների քանակը: Պատասխանն ավելի քան պարզ է: Բուժվող յուրաքանչյուր հիվանդի համար միջոցներ են դուրս գրվում և պետական բյուջեից, և COVID-19 հիմնադրամից: Ինչքան շատ հիվանդ, այնքան շատ ֆինանսավորում: Ինչքան շատ հիվանդ, այդքան շատ հիմքեր՝ պահուստային ֆոնդից գումարներ պահանջելու, նոր հիվանդանոցներ ներգրավելու, նրանցում վերանորոգում և վերազինում իրականացնելու համար՝ հիմնականում առանց մրցույթներ հայտարարելու, և մեկ անձից գնումներ կատարելով: Համակարգի մեր աղբյուրը փաստում է, որ իրականում բուժում ստացողների թիվը պակաս է հրապարակվողից, իսկ քանի որ այդ թվերը երկար թաքցնել չի ստացվի, ապա Թորոսյանը պարբերաբար սրբագրում է վիճակագրական տվյալները՝ մի քանի օր շարունակ մեծ կամ փոքր թվեր հրապարակելով: Չենք զարմանա, որ մոտ օրերս, օրինակ, կտրուկ ավելանան առողջացածները և դուրս գրվածները:
Ասում են, որ այս մանիպուլյացիաների մասին արդեն կասկածներ ունի նաև պարետը՝ Տիգրան Ավինյանը և ներկայումս փորձում է սեփական խողովակներով ճշտել իրականում բուժվողների, բուժվածների եւ հիվանդների քանակը: Եթե նրա կասկածները հաստատվեն, Արսեն Թորոսյանին տհաճ խոսակցություն եւ այլ հետեւանքներ են սպասվում: Սպասենք մոտակա օրերին հրապարակվող թվերին: