Այդպես կարող է Ֆլորիդան էլ հռչակի որպես անկախ պետություն՝ այնտեղ էլ են ռուսներ ապրում

Այդպես կարող է Ֆլորիդան էլ հռչակի որպես անկախ պետություն՝ այնտեղ էլ են ռուսներ ապրում

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 50 րոպեանոց տեսաուղերձի ժամանակ հայտարարեց, որ հրամանագիր է ստորագրել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին եւ դիմում է Դումային՝ առաջարկելով վավերացնել դա։ Այս քայլն ավելի քան անսպասելի էր, եւ այն բուռն արձագանքի արժանացավ համաշխարհային հանրության կողմից։ Հայաստանը 30 տարուց ավելի չի ճանաչում Արցախի անկախությունը, իսկ Ռուսաստանը կտրուկ քայլի գնաց եւ ճանաչեց ուկրաինական տարածքների անկախությունը՝ ի լուր աշխարհի հայտարարելով, որ ինքը Լուգանսկի եւ Դոնեցկի անվտանգության երաշխավորն է։

«Հրապարակը» զրուցել է Կիևի հայ համայնքի ղեկավար, Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի հետ և հետաքրքրվել, թե ինչպիսի վիճակում են այս պահին գտնվում մեր հայրենակիցները, որոնք ապրում են Լուգանսկում և Դոնեցկում։

«Ուկրաինայի իշխանությունների՝ մեզ  տրամադրած տեղեկությունների համաձայն, Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններից, վերջին օրերի լարվածության ֆոնին, քաղաքները լքած մարդիկ հետ են վերադառնում իրենց տները։ Այդ թվում` նաև մեր հայրենակիցները, որոնք տարհանվել էին»,- մեզ հետ զրույցում ասաց Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը։ Զրուցակիցս ընդգծեց նաև, որ Ուկրաինայի կողմից ոչ մի պատերազմ չկա և չի էլ եղել՝ դրանք  Ռուսաստանի կողմից կազմակերպված սադրանքներ են։

«Ուկրաինան չի կարող ոչ մեկի վրա հարձակվել և ոչ էլ հարձակվելու է։ Կան պլանավորված սադրանքներ այլ կողմերից։ Ուկրաինայի կողմը ոչ մի ռազմական որոշում չի պլանավորում և չի պատրաստվում պատերազմի։ Այնտեղ ինչ-որ կրակոցներ կան, պարզ է, բայց թե ինչպիսի զարգացումներ կլինեն՝ ժամանակը ցույց կտա։ Ոչինչ չենք կարող ասել, տեղյակ չենք»,- մեզ հետ զրույցում ասաց Նորիկ Գևորգյանը։

Մեր այն հարցին, թե ինչպես կպահեն իրենց Ուկրաինան և Արևմուտքը այս հայտարարությունից՝ ճանաչումից հետո, Նորիկ Գևորգյանն ասաց․

«Ուկրաինայի համար ոչ մի բան չի փոխվել։ Ուրկրաինան միշտ պարզ է եղել։ Այնտեղ՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի 1/3 մասն է, որ գտնվում է ոչ Ուկրաինայի հսկողության տակ։ Այնտեղ միշտ եղել են ռուսները։ Եթե միայն Ուկրաինայինը լիներ, վաղուց ամեն ինչ վերջացած կլիներ։ Հիմա ռուսներն ընդունեցին այդ երկու հանրապետությունների անկախությունը, դա իրենց որոշումն է»,- ասաց զրուցակիցս։

Կիևի հայ համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես արձագանքեց հայ համայնքը Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչմանը։ «Ուկրաինայում ապրող հայ համայնքի կողմից շատ վատ է ընդունվել Ռուսաստանի այս քայլը։ Նորմալ, քաղաքակիրթ պետության արարք չի կարելի այն որակել։ Չէր կարող Ուկրաինայի մի մասն ընդունվեր որպես անկախ պետություն։ Սա Ռուսաստանի գործն է։ Այդպես ինքը կարող է Ֆլորիդան էլ հռչակի որպես անկախ պետություն, պատճառաբանելով, որ այնտեղ մի քանի ռուս են ապրում»,- ասաց Նորիկ Գևորգյանը։

Նրա կարծիքով, պատերազմ չի լինի։ Չնայած գտնում է, որ դա կախված է մի մարդուց։

«Համայնքում ամեն ինչ նորմալ է։ Ժողովուրդն իրենց տեղերում են։ Բոլորն էլ, որպես Ուկրաինայի քաղաքացիներ, պատրաստ են մինչև վերջ տեր կանգնել Ուկրաինային, քանի որ այն մեր երկրորդ հայրենիքն է, մեր տունը։ Եթե պետք լինի՝ պիտի կռվենք ու պաշտպանենք»,- զրույցի վերջում ասաց Գևորգյանը։