Ազգային գրադարանի տնօրենի 5 թեկնածուներից եւ ոչ մեկը չի հաղթել

Ազգային գրադարանի տնօրենի 5 թեկնածուներից եւ ոչ մեկը չի հաղթել

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ էր հայտարարել Ազգային գրադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցել են Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը, գրականագետներ Արմեն Ավանեսյանն ու Աբգար Ափինյանը, մշակույթի նախարարության նախկին աշխատակից Վարդան Գրիգորյանը եւ արձակագիր, գրադարանի տնօրենի ԺՊ Հրաչ Սարիբեկյանը: Արմեն Ավանեսյանն ու Անահիտ Ասատրյանը դուրս են մնացել առաջին` գրավոր փուլից, որն իրենից ներկայացնում է օրենսդրության մասին հարցաշար, մնացած 3 մասնակիցները` Վարդան Գրիգորյանը, Աբգար Ափինյանը եւ Հրաչ Սարիբեկյանը, անցել են երկրորդ՝ բանավոր փուլ, որտեղ ներկայացրել են իրենց հայեցակարգը եւ պատասխանել բանավոր հարցերի: Սակայն փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մրցութային ժյուրին մասնակիցներից եւ ոչ մեկին հաղթող չի ճանաչել, ինչը նշանակում է, որ նախարարությունը որոշ ժամանակ հետո նոր մրցույթ կհայտարարի:  

Մրցութային հանձնաժողովի նախագահ՝ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանից մասնավորապես հետաքրքրվեցինք` մասնակիցներից եւ ոչ մեկը չի՞ բավարարել հանձնաժողովականների պահանջները։ «Այդպես է ստացվում, եթե որեւէ մեկը չի անցել, նշանակում է, որ չի բավարարել հանձնաժողովականների սպասելիքներն ու պահանջները»: Թե ինչ չափորոշիչներով են գնահատել մրցույթի մասնակիցներին, ապա. «Հայեցակարգին ենք ուշադրություն դարձրել, նաեւ բանավոր օրենսդրական դաշտից են հարցեր եղել: Մեծ ուշադրություն է դարձվել անձնակազմի հետ հարաբերվելու հմտություններին, այսինքն՝ ինչպես է թեկնածուն պատկերացնում հարաբերությունն աշխատակիցների հետ մեկ կոլեկտիվում, եւ էլի տարբեր բնույթի հարցեր»: