Փաստաբաններին քրեական գործերով չեն կարող վախեցնել. Արա Զոհրաբյան

Փաստաբաններին քրեական գործերով չեն կարող վախեցնել. Արա Զոհրաբյան

Այսօր ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, Էրիկ Ալեքսանյանի պաշտպաններն ու փաստաբան ընկերները, որոնք ծանոթ են նրան առաջադրված մեղադրանքին, նշում են, որ Ալեքսանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Թեմայի առնչությամբ զրուցել ենք փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հետ:

- Պարոն Զոհրաբյան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել, և ԱԱԾ կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան։ Խնդրում եմ Ձեր գնահատականը դեպքի վերաբերյալ։

- Դեպքի մանրամասներին ծանոթ չեմ, բայց որքանով մամուլի հրապարակումներից հասկացել եմ դեպքը կապված է Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեության հետ:

- Արդյոք այս դեպքը կարող է ազդել փաստաբանների հետագա անկաշկանդ գործունեության վրա։

- Փաստաբաններին քրեական հետապնդումներով չեն կարող վախեցնել: Փաստաբանն ինքն է իր վստահորդին պաշտպանում քրեական հետապնդումից և լավ տիրապետում է պաշտպանական հմտություններին ու գործիքակազմին:

- Ալեքսանյանի պաշտպանները, նրա փաստաբան ընկերները, որոնք ծանոթ են մեղադրանքին, նշում են, որ ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող քրգործ է։ Ինչ կասեք այս առումով։

- Նյութին ծանոթ չլինելու պատճառով չեմ կարող հստակ դիրքորոշում հայտնել, բայց կարծում եմ, որ մոտ ապագայում կիմանանք քաղաքական ենթատեքստ ունեցող գործ է, թե՝ ոչ: Եթե պարզվի, որ ակնհայտ անհիմն մեղադրանք է ներկայացվել, ապա Էրիկ Ալեքսանյանի փաստաբանները հանգիստ կարող են դա կապել քաղաքական դրդապատճառների հետ:

- Նման դեպքերում ի՞նչ գործառույթ ունի Փաստաբանների պալատը, կարո՞ղ է որևէ կերպ աջակցել քրեական հետապնդման ենթարկվող փաստաբանին։

- Փաստաբանների պալատի խնդիրներից է պաշտպանել փաստաբանի իրավունքները: Իմ տեղեկությամբ փաստաբանների պալատի նախագահը հանդիպել է Էրիկ Ալեքսանյանի հետ և այս գործը պահելու է իր ուշադրության կենտրոնում: