Չինական պանդան եւ հայկական թավիշը

Չինական պանդան եւ հայկական թավիշը

Մեծ պանդայի կամ բամբուկե արջի հայրենիքը Կենտրոնական Չինաստանն է։ Այլ երկրներում պանդայի բնօրրան չկա: 1984 թվականից Չինաստանը 10 տարով վարձակալության է տալիս պանդաներին ցանկացած երկրի՝ պետության, ոչ մասնավոր կազմակերպության: Երկու պայմանով՝ տարեկան վարձը մեկ միլիոն ԱՄՆ դոլար, եւ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները Չինաստանի սեփականությունն են: Չինաստանում պանդայի սպանության համար մահապատիժ է սահմանված: Պանդան Չինաստանի ազգային խորհրդանիշներից է: Չինաստանը հաջողել է սեփական բնության տված առավելությունը դարձնել եկամտի աղբյուր:

Թավշյա Հայաստանը հաջողել է փչացնել հարաբերությունները բոլորի հետ, այդ թվում՝ Չինաստանի: Հայաստանն էլ ունի մի յուրօրինակ առավելություն, որից չի օգտվում, չի էլ փորձում դարձնել եկամտի եւ անվտանգության աղբյուր:

Եթե չլինի Հայաստանը, կձեւավորվի թյուրքալեզու մի հսկա պետություն՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Թաջիկստան, Թուրքմենստան: Հեշտ գործ չէ, բայց կարվի: Սա ձեռնտու չէ ոչ ոքի: Չինաստանի հյուսիսում, որտեղ պանդաներ կան, ապրում են թյուրքալեզու ժողովուրդներ ու հաստատ կուզենան միանալ թյուրքալեզուներին:

Ռուսաստանի Բաշկիրիա, Կարաչաեւո-Չերկեսիա, Թաթարստան, Տուվալ, Յակուտիա դաշնային միավորներում 60-80 տոկոսը թյուրքալեզուներն են ու հաստատ կուզենան միանալ թյուրքալեզուներին:

Թյուրքալեզու մեկ միասնական մեծ պետության գոյությունը սպառնալիք է նաեւ ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, Եվրոպայի, արաբական աշխարհի համար: Թյուրքալեզու մեկ մեծ պետության գոյությունը միայն թյուրքալեզուների ցանկությունն է: Ու ողջ աշխարհի համար սպառնալիք ներկայացնող այս ծրագրի դեմ միայն Հայաստանն է կանգնած՝ իր պարտությամբ հպարտ իշխանությամբ, որը չի էլ նկատում այս առավելությունը: Ինչպես Չինաստանն է բնությունից տրվածը՝ պանդան դարձրել առավելություն, այնպես էլ մենք մեր բնական աշխարհագրական դիրքը պիտի դարձնենք առավելություն: Չինաստանին, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Իրանին, Վրաստանին, Եվրոպային, արաբներին պիտի ասենք՝ մենք ձեր հուսալի ապագայի միակ (միակ) հենքն ենք՝ կողքներիս կանգնենք, որ թյուրքանալու սպառնալիքը չեզոքացնենք:

Վստահաբար՝ բոլորն էլ կհասկանան: Իսկ եթե կրկնվի Հայաստանի վերջին ընտրության պատկերը՝ անհասկանալին, երբ մարդիկ ընտրեցին պարտությամբ հպարտին, եւ թյուրքանալու սպառնալիքը ոմանց տեսանելի չլինի, կաշխատենք նրանց հետ, ում տեսանելի է: Այդպես քիչ-քիչ բոլորի համար կդառնա տեսանելի: Հեշտ գործ չէ, բայց պետք է անել:

Չեմ կարծում, թե Հայաստանի աշխարհագրական դիրքը մի պանդայի չափ էլ չկա: Կա ու կարող է դառնալ անվտանգության երաշխիք: Պարզապես Հայաստանի իշխանությունը պանդայի ինտելեկտ ունի՝ դատարկ բամբուկից եւ խաղերից այն կողմ բան չի տեսնում:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ