Դրախտիկ գյուղն ու դժոխային պատերազմը

Դրախտիկ գյուղն ու դժոխային պատերազմը

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում ենք: Երեկո է: Տիկին Վալյան անասուններին տանում է գոմ, ավարտում գյուղի գործերը, իրեն կարգի բերելուց հետո միանում է իմ ու Արեւի զրույցին: Արեւը հարսն է. Գնելն ու ինքը 4 օրվա ամուսիններ էին, երբ պատերազմն սկսվեց, եւ քառօրյա համատեղ կյանքն այդպես էլ շարունակություն չունեցավ:

Տիկին Վալյայի հոգնած ու տանջված աչքերը խոսում են իր փոխարեն, իսկ 19-ամյա Արեւը չի համակերպվում՝ ինչո՞ւ այսքան երիտասարդ կորցրեց սիրելիին, եւ ինչու պետք է այս «մարդասեր» աշխարհում պատերազմներ գոյություն ունենան:

Տիկին Վալյայի դողացող ձայնը տակնուվրա է անում ունկնդրին, իսկ կրտսեր որդու՝ Գնելի մասին հիշողությունները նրա աչքերից քամում են երբեք չսպառվող արցունքները. «Փոքրս էր… ճիշտն ասած՝ ես դեմ էի, որ գնա. սիրտս վկայում էր: Ասեցի՝ մի՛ գնա, Գնե՛լ ջան, մի՛ գնա, խնդրում եմ: Դու նորապսակ ես: Ասեց՝ չէ՛, մա՛մ, ես պիտի գնամ… Գնելս ապրիլյանին էլ էր մասնակցել, շնորհակալագրեր ու մեդալներ ունի… Գիտե՞ս, ցա՛վդ տանեմ,  ես գիտեի, որ ինքն անվախ է, ընկերասեր, ինքն իրեն պահող չի: Ինքը կուզի ընկերներին փրկի, բայց ինքն իրեն՝ չէ: Ինքը 20-ից ավելի կյանքեր է փրկել»: 

Մինչեւ վերջին շունչը…

Գնելը կռվել է սեպտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 8-ը: Պայմանագրային զինծառայողներ էին ինքն ու եղբայրը: Երկուսն էլ առաջնագծում էին: 
Տիկին Վալյան պատմում է. «Նոյեմբերի 9-ին տեղս չէի գտնում: Գնելս շուն ուներ, պոստերից էր բերել: Զոհվելու օրը դուրս եկա, տեսա շունն արձակ է: Ամուսինս ասեց՝ ոչինչ, կովերը կթենք, կկապենք: Խեղճացած, առանց կապելու գնաց-մտավ բունը: Ամուսինս զարմացավ՝ էս ո՞նց եղավ, սրանից չէր, խելոք մտավ բունը։ Երեւի շունն էլ էր զգում:
Հետո տեգրս եկավ, ամուսնուս կանչեց դուրս, ես էլ անհանգստացած դուրս եկա հայաթ: Խաբեց, թե՝ վիրավոր ա…ամուսինս գլուխը բռնել էր՝  Գնե՜լս, Գնե՜լս…
Գնացի, մի քիչ գոմում նստեցի, հետո մեծ տղես եկավ… ասեց… տղես զոհվել ա»: 

Մի կտոր էլ քեզի խղճայիր…

Տիկին Վալյան զգում է՝ որդին միշտ է իր հետ. «Որ դուրս եմ գալիս հայաթները, ներկայությունն ամեն տեղ զգում եմ, անգամ շունչն եմ զգում… ինքը շատ ծնողասեր էր: Ծրագրեր էր մշակել՝ էս ենք անելու, էն ենք անելու, դե՜, գոմում, էլի, դե՛, մերը գյուղ ա, հիմնականում գոմում են գործերը: Առավոտ գոմից գալիս եմ, մինչեւ նկարը չպաչեմ, հետը չխոսեմ, անգամ ջուր չեմ խմում…է՛հ, չեմ իմանում… թեթեւանում եմ, որ հետը խոսում եմ, հետո ամուսինս ա պաչում ու խոսում: Ասում եմ՝ ցա՛վդ տանեմ, բը դու նուրապսակիր, բան չունեմ ասելու, որ ուրիշների կյանքը փրկեր ես, բայց մի կտոր էլ քեզի խղճայիր, ախր դու նորիր ընտանիք կազմե…

Գյուղից մի քիչ ներքեւ բեսեդկա ենք սարքում՝ Գնելի անունով, ամուսինս ա սարքում. քարը դնում ա, լաց ըլնում, քարը դնում ա, լաց ըլնում…»:
Ասում է. «Չգիտեմ՝ ղեկավարությո՞ւն չկար, թե՞ ինչ էր, բայց ես իմ տղուց զրկվեցի: Գիտե՞ս ինձ ինչն ա տանջում, որ ընկերները փախել են կողքից, 120 փամփուշտից 3-ն ա մնացել մոտը, երեւի պաշտպանվել ա… Մեր գյուղից 4 զոհ ունենք…»:

Տիկին Վալյան երազում է, որ բոլոր գերիները շուտ վերադառնան, անհետ կորածներին էլ բերեն-հասցնեն իրենց ծնողներին. «Որ գնում ես գերեզմաններ, արցունք ես թափում, մի տեսակ հանգստանում ես, սիրտդ հովանում ա: Բայց շատ դաժան ա, որ գերեզման չկա…»:

Արեւի 4-օրյա երջանկությունը

19-ամյա Արեւը պատմում է Գնելի մասին ու պարբերաբար հիշեցնում, որ Գնելից երկրորդը չկար աշխարհում, չկա ու չի էլ լինի: Արեւն ամուսնուն վերջին անգամ տեսել է սեպտեմբերի 28-ին՝ ռազմաճակատ ճանապարհելիս, եւ նոյեմբերի 6-ին. «Ամեն օր խոսում էինք: Նոյեմբերի 6-ին եկավ տուն, լողացավ, մեկ էլ գիշերվա երկուսին զանգեցին, շուտ հավաքվեց ու գնաց: Տարել էին Շուշի: Վերջին անգամ հետը խոսել եմ նոյեմբերի 8-ին, մեր նշանադրության 3 ամիսն էր… Գնելը հենց այդ օրն էլ զոհվել է»: 

Արեւի ցավը բազմապատկվել է, երբ հայտնի փաստաթուղթը ստորագրվել է. «Գնելի արյունով պաշտպանած հողերը չկային, փաստորեն՝ սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը Գնելը կռվել էր ու զոհվեց փաստաթուղթը ստորագրելուց ընդամենը ժամեր առաջ: Գիտե՞ք՝ իրեն իրավունք էլ չունեին տանելու առաջնագիծ, քանի որ իր եղբայրն էլ էր առաջնագծում, իսկ նույն ընտանիքից երկուսին չեն տանում առաջնագիծ: 

Գնալու գիշերն ինքն ինձ հրաժեշտ տվեց. «Ես գիտեմ, որ չեմ գալու, խնդրում եմ՝ կյանքդ կշարունակես»: Ինքը գիտեր, որ հետ չի գալու. «Չլացես, թող հանգիստ գնամ»,- ասում էր ինձ: Շուշի գնալուց առաջ հարցրեց. «Կարո՞ղ ա գնամ, զանգես, լավ նորություն ասես»․ ինքը տղա երեխա էր ուզում, բայց իր ցանկությունն անկատար մնաց: 

Գիտե՞ք, ինչքան էլ ժամանակն անցնում է, միեւնույն է, ցավը չի մեղմանում: Մարդիկ ասում են, թե ժամանակը բուժում է, բայց՝ չէ՛, ես համամիտ չեմ, դրանք ուղղակի խոսքեր են՝ սփոփելու համար:
Ցավ, կսկիծ, կարոտ… այս ամենը, իրար հերթ չտալով, պատում են հոգիդ, ու դու անզոր ես դառնում՝ չկարողանալով ելքեր գտնել: Ցավը մեծանում ու մեծանում է, տակնուվրա անում ներսդ, իսկ կարոտը մաշում է սիրտդ…»:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ