Էսա բերքը հավքենք՝ ձեր ինադու թուրքերի վրա էլ ծախելու ենք, գնացեք, սոված սատկեք

Էսա բերքը հավքենք՝ ձեր ինադու թուրքերի վրա էլ ծախելու ենք, գնացեք, սոված սատկեք

Ընդամենը մի քանի օր տեւեց հանդարտությունը, եւ Ֆեյսբուքում նորից ամեն ինչ եռում է։ Հիմա էլ Արմավիրի գյուղերում ջուրն է վերջացել, եւ շատերը դրանից տուժած գյուղացիներին են կշտամբում ու վիրավորում՝ ասելով, թե նրանք արժանի են դրան, քանի որ իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին։

Արմավիրի մարզի ջրազուրկ բնակիչները հիմա չգիտեն ինչ անեն՝ իրենց ուղղված կշտամբանքների՞ն պատասխանեն, թե՞ բողոքի ակցիաները շարունակեն։ Սա արդեն պարզապես բարձրակարգ կատակերգություն է։ Այս կողմում՝ ընդդիմադիր ճամբարում, կրքերը չեն հանդարտվում․ ընդդիմադիր հայացքներով քաղաքացիները հարձակվել են ջրազրկված գյուղացիների վրա ու ինչ ասես, որ չեն ասում․ «Այ տենց՝ չորացեք, ոնց որ մեր քաղաքական դաշտը չորացրիք ձեր տուպոյ ընտրությամբ», «Հը, լա՞վն ա ձեր Նիկոլը, այ անապատի կարիճներ․․․», «Արա, գոնե ձեր գյուղի գյուղապետ կընտրեիք Նիկոլին ու մենակ դուք ձեր հաճույքը կվայելեիք, էս ի՞նչ արիք դուք մեր գլխին, խի՞ մեզ էս կրակի մեջ քցիք», «Ո՞ւր ա՝ ձեզ էլ Նիկոլը հանձնի թուրքին՝ պրծնենք, չնայած դուք հաստատ դրանից կուրախանաք․․․», «Արա, նախկինների վախտ էնքան ջուր կար, որ բերքը հավաքելու համար վադալազ ու սուզանավ էիք կանչում, իսկ ձեր Նիկոլի վախտով հողը նենց ա չորացել, որ արդեն պիտի պերֆարատըրով քանդեք, կարտոլը հանեք, այ վրեդնի դեբիլներ»։

Ու այս՝ դաշտավայրի կողմից էլ արդեն սկսել են հակադարձել․ «Արա, դուք խի՞ եք տենց մրմռում մեր տեղը, այ դարմայեդներ, մենք առանց ջուր էլ յոլա կեթանք, մենակ Նիկոլ ունենանք․․․», «Արա, էսա բերքը հավքենք՝ իսկականից ձեր ինադու հենց թուրքերի վրա էլ ծախելու ենք, գնացեք, սոված սատկեք, այ դիշովկեք․․․ Գնացեք՝ գյաջ քաշել-բան սովրեք, որ կարնաք աշխատել ու ապրել, պրծաաավ հավայի փողեր կպցնելը» (այս օգտատերը, պարզվեց, Հունաստանում է բնակվում եւ որոշել է օգնել Արմավիրի մարզի բնակիչներին), «Արա, դուք ձեր մասին մտածեք ու մեզնից էլ յան տվեք, հիմա ջուր չկա, բայց զատո սաղ բերքը մերն ա ըլնելու, էն վախտ Սաշիկի ախռաննիկները գալիս՝ բերքի կեսը ձրի բարձում-տանում էին, պրծավ էտի, ապե․․․» (այս օգտատերն էլ կարծես հայտնի ՊՈԱԿ-ից էր, որ փորձում էր գյուղացիներին հին միֆերը հիշեցնել)։ 

Ինչպես տեսնում ենք, այս երկխոսությունների մեջ որոշակի սիմետրիա կա՝ բանավեճ։ Կողմերը՝ մարդիկ, փորձում են միմյանց հետ խոսել, պարզաբանումներ պահանջել, բացատրություններ տալ եւ փոխադարձ մեղադրանքներ ներկայացնել, իհարկե, պոստմոդեռնիստական ոճով։ Եվ կարելի է ենթադրել, որ նրանք ի վերջո կգան մի ինչ-որ ընդհանուր հայտարարի։ Ի տարբերություն հասարակ մարդկանց, քաղաքական վերնախավի պահվածքը, հռետորաբանությունն ու մոտեցումներն ընդհանրապես չեն ենթարկվում տրամաբանության եւ բանականության կանոններին։ Այստեղ հակամարտող կողմերը միմյանց անգամ չեն նկատում, իսկ նկատելիս էլ երբեք չեն փորձում հասկանալ, թե դիմացինն ինչ է առաջարկում կամ ինչից է դժգոհում։ Նրանք գոյատեւում են իրարից անկախ ու նախընտրում շփվել միմիայն իրենց համակիրների ու զինակիցների հետ։
Նիկոլ Փաշինյանի տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մարդիկ իրենց տեսահոլովակներն են թողարկում՝ նախատեսված միայն իրենց համակիրների համար, ընդդիմադիրները միայն ընդդիմադիր լրատվամիջոցներին են հարցազրույցներ տալիս եւ իրենց համակիրների հետ շփվում։

Սակայն, երբ ուսումնասիրում ես նրանց բառամթերքը, տեսնում ես, որ այդ ճռճռան ու խրոխտ բառերի տակ բացարձակապես ոչինչ չկա․ փաշինյանականները տեսահոլովակ են տեղադրում Յութուբում, թե «Հայաստանյան ընտրությունների արդյունքներով հիացած բրիտանացի գիտնականները խոստացել են Նիկոլ Փաշինյանի անունով մոլորակ անվանել․․․ Չար լեզուներն ասում են, որ այդ լուրը լսելով՝ Արմեն Աշոտյանն այնպիսի շոկի մեջ է ընկել, որ գիշերը փորձել է գրավել Բյուրականի աստղադիտարանը, բայց աստղադիտարանի նիկոլապաշտ պահակն արագ չեզոքացրել է գրոհը», կամ՝ «Մոնիկա Բելուչին սիրային նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին․․․

Մանրամասները վերակենդանացման բաժանմունքից ներկայացնում է կառավարական առանձնատան այգեպան Սերոժը, ով գտել է այդ նամակը, կարդացել եւ հուզմունքից կաթվածահար եղել․․․ Պարզվեց, որ Սերոժը ոչ թե չքնաղ Բելուչիի նամակն էր գտել, այլ՝ Իլհամ Ալիեւի», կամ՝ «Մեքսիկացի նարկոբարոնն իր ողջ կարողությունը կտակել է Նիկոլ Փաշինյանին, իսկ Նիկոլը հրաժարվել է վերցնել հարամ փողերը՝ առաջարկելով գումարը մուտքագրել Մեքսիկայի պետական բյուջե կամ փոխանցել հայաստանյան հայտնի հիմնադրամներին», «Շեյխն արտասվեց, երբ տեսավ, որ վարչապետի որդին փողոցում գարեջուր է վաճառում, եւ որոշեց օգնել Փաշինյանների ընտանիքին ու 50 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռ նվիրեց նրանց․․․ Վարչապետի թանկարժեք ինքնաթիռի առեղծվածը բացահայտված է», «Իլոն Մասկը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իր հետ ուղեւորվել Մարս, որ եթե այնտեղ հանկարծ այլմոլորակայինների հանդիպեն, Նիկոլը կարողանա նրանց հետ լեզու գտնել՝ ճիշտ այնպես, ինչպես հայ ազգին համոզեց, որ իրեն ընտրեն»։ 

Իսկ այս ֆոնին լրատվամիջոցները տեղադրում են կարկառուն հանրապետականի՝ Ֆեյսբուքում գրառումը․ «Թուրքահպատակ, թրքաբարո, պիղծ, ազգուրաց հողազուրկը որոշել է տարածաշրջանային խաղաղությանը նպաստել․․․ Մակեդոնացու գերեզմանին կայծակ խփեց, Ներոնի արձանը գլորվեց, Կրասոս, Օկտավիանոս, ո՞ւր է ձեր հոգին, եկեք տարեք այս ստոր խաղաղամոլին․․․ Ճիշտ են ասում, էլի, որ հայերն ավելի շատ կոմֆորտի սիրահար են, քան պատերազմի․․․», կամ՝ «Հուլիոս Կեսարը Կլեոպատրայի հետ ընթրելիս հանկարծ հայերին հիշեց ու մի շատ ճիշտ բան ասաց, որ հայերը լավ ժողովուրդ են, բայց թասիբ չունեն․․․ Հիմա էս դուդուկ ու սազ ուրացողը թուրքական սկուտեղով մեզ հաշտություն է հրամցնում, ու մենք դա պիտի սենց հանգիստ ուտե՞նք․․․ գնալու ես․․․», «Կալիգուլայի ձիու նեխած ատամների ժանգը ձեզանից թասիբով ա, Լուկուլլոսի խոհարարի պատրաստած ապուրի հոտը չարժեք անգամ, այ ՔՊ-ականներ, Պոմպեոսի ախոռապանի ինտելեկտի կեսը չունեք, ես ձեզ էլ ի՞նչ ասեմ․․․ Ժողովուուուրդ, խելքի եկեք, քանի ուշ չէ, այֆոնները մի կողմ դրեք, պարկապզուկներն ու դուդուկները վերցրեք, իջեք փողոց՝ ցույց տանք աշխարհին, որ մենք հայ ենք մնացել․․․ քամանչա պետք չի վերցնել, ես հետս կբերեմ․․․ Վաղը 19։00-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ՝ Հայ Ազգի Վերջնահավաք»։

Մի ընդդիմադիր էլ հարցազրույց է տալիս, կարելի է ասել՝ մենախոսությամբ է զբաղվում, թե «Պյութագորասից մինչեւ Սոկրատես, Եզոպոսից մինչեւ Օնասիս՝ բոլորն ասել են՝ թուրքի հետ կարող ես բանակցել, ֆուտբոլային դիվանագիտություն տանել, թեկուզ, եթե պետք է, կարող ես Մասիս սարը երկրի գերբի վրայից հանել, բայց երբեք խաղաղության պայմանագիր չստորագրես թուրքի հետ․․․ Լավ, ժողովուրդ ջան, հույներին չեք հավատում, Ղազար Նախնադարեցու առակները կարդացեք, տեսեք ինչ է ասում մեր ազգասեր մտածողը։

Ասում է, որ մի օր Նիկոլի նման մեկը կգա ու կասի՝ եկեք գնանք Եվրոպա, բայց կխաբի ու բոլորին կտանի Հնդկաստանի անտառներում կկանգնեցնի․․․ Ժողովուրդ ջան, այդ ստահակին մի հավատացեք, նա ձեզ Եվրոպա չի տանելու, մոռացեք, նա ձեզ Վիետնամի ջունգլիներում ա խճճելու, ինքն էլ գնա կանադաներում կյանքը վայելի՝ թուրքերից վերցրած փողերով․․․ Սա Բադեն-Բադենը չի, է, որ տենց էլ չկարողացան ապացուցել, սա Կանադայի առանձնատունն ա, որի մասին մենք ենք ասում, ուշքի եկեք, ժողովուրդ ջան, բոլորը տեսել են այդ շքեղ ու անճաշակ առանձնատունը, ամբողջ Կանադան դա գիտի, էս ժողովուրդը ո՞նց չի ուզում էս պրիմիտիվ բաները հասկանա՝ ես զարմանում եմ․․․ Նախնադարեցին էլ շատ հստակ ասել ա ու ապացուցել, թե ինչ է սպասվում հայ ազգին, կարդացեք, էլի, հո դժվար չի․․․ Էդ էլ հո մենք չենք ասում, որ ասեք՝ նախկիններն են հորինում, որ վերադառնան․․․ ես ձեզ էլ ո՞նց ասեմ, որ ինձ հավատաք», «Սրանք հայկականի դեմ են պայքարում, ժողովուրդ ջան, էս մարդիկ չեն հասկանում ինչ ա տոլմեն, ինչ ա լավաշը, ծիրանը, թանը, ղափաման․․․ փողոցներում խորոված էին անում՝ խորովածն էլ արժեզրկեցին, գյուղերում ջուրը կտրեցին, որ հայկական ծիրանը վերանա աշխարհի երեսից, դդումին պաշտոն տվին, որ ժողովուրդը ղափամայից հիասթափվի։

Գիտեք մոռացե՞լ ենք, թե ոնց էր Նիկոլը կամերաների առաջ լավաշը անշնորհք կտրում, խժռում․․․ Կամ՝ հիշո՞ւմ եք, թե ոնց էր իրա տանը բանավեճ սարքել՝ սխտոր-մածո՞ւն ա, թե՞ մածուն-սխտոր․․․ Կամ՝ գինու բաժակը դրել էր կողքին ու հարբած՝ մաքուր օդին, որ դրանով աշխարհին ցույց տա, որ մեր գինին էնքան վատն ա, մի գնեք հայկական գինի, մի բաժակից հարբելու եք։ Հիշո՞ւմ եք ոնց էր օպերատորին ասում՝ այ, էն մեքենաների կմախքները նկարի, բոլորը «ԵրԱԶ»-ի կմախքներ էին, ինչի կարող ա չգիտե՞ր, որ դրանով մեր գործարանն ա վարկաբեկում, որ հայերն ավտո արտադրել չգիտեն, այ, սենց ժանգոտում են հայերի արտադրած ավտոները, շատ լավ դա գիտեր ու հենց դա էլ ցույց էր տալիս ամբողջ աշխարհին, որ մեր ավտոն մետալալոմ ա՝ երբեք չառնեք հայկական ավտո․․․

Նիկոլ, դու կարող ա ժողովրդին խաբես, բայց մեզ չես խաբի, մենք ամեն ինչ լավ հասկանում ենք ու գիտենք, որ դու հայկականի հետեւից ես ընկել, որոշել ես ամեն հայկական բան ոչնչացնես․․․», «Այ ազգադավ-հողատու, էդ ինչի՞ ընտրություններից առաջ գնացիր Մակրոնի կնգա Լաբուտենների տակ պառկեցիր, հը՞․․․ Փարիզ ու Բրյուսել ես գնում, որ հայ ազգին լրի՞վ այլասերես, կարող ա՞ մի հատ էլ բոլորին սեռափոխես, ու պրծնենք․․․ Մեր աշուղների սազի լարը կկտրվեր, մեր լեգենդար չեկիստների պայծառ ուղեղը կկախեր, որ իմանային՝ կարող ա հանկարծ մի օր Հայաստանի վարչապետ կոչվածը Ֆրանսիա գնա ու Մակրոնի հետ կռուասան զխտկվի․․․ Նիկոլ, դու ո՞նց ուրացար մեր անցյալը՝ ախր, հայը Սիբիր ա ծաղկացրել ու շենացրել, ԲԱՄ ենք կառուցել, դու հիմա գնաս ֆրանսիացիների հետ բարեկամությո՞ւն անես․․․ Բա էլ ո՞ւմ համար էինք մագադանները շենացնում, որ վերջում պիտի Բրյուսել գնայինք․․․ Բան չեմ ասում, մենք էլ էինք Եվրոպա գնում, բայց շնորհքով, կիրթ ու ծրագրված, ռուսների հետ համաձայնեցված քվեարկում ու իրենց ինքնաթիռներով էլ հետ էինք գալիս, մարդիկ համոզվում էին, որ եվրոպացիների հետ գաղտնի բաներ չենք պայմանավորվում․․․ Այ, տենց ա լինում ազգանվեր քաղաքականությունը, այ, տենց են հայ ազգը սիրում․․․»։

Մի խոսքով, կողմերը բացարձակապես հակված չեն երկխոսության եւ լուրջ քննարկումների, այլ հիմնականում զբաղված են անիմաստ եւ անպտուղ մանիպուլյացիաներով, ինչը թեեւ հումորի տեղիք է տալիս, բայց չի նպաստում պետության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։

Պողոս Պողոսյան