Դատախազությունը միջնորդեց Քոչարյանի գործով անցնել բուն դատաքննությանը

Դատախազությունը միջնորդեց Քոչարյանի գործով անցնել բուն դատաքննությանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստը։

Նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին, որպեսզի նիստին ապահովվի դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավարությունը, ինչը այս դատական նիստին արվեց։

Նիստի մեկնարկին դատավորը քննարկման առարկա դարձրեց դատախազի միջնորդությունը՝ գործով դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ։

Պաշտպանական կողմից ասացին, թե այս միջնորդությունը իրենց միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից զրկում է։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, թե դատախազի պնդումը, որ իրենք իրավունքի չարաշահում են իրականացնում, կամ նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացնում, չի համապատասխանում իրականությանը։

Խուդոյանը նաև հռետորական հարց հնչեցրեց, թե երբ դատավորի արձակուրդ գնալու պատճառով շուրջ երկու ամիս նիստերը չէին կայանում, ինչու՞ մյուս կողմը դրանից չէր բողոքում․«Իսկ ո՞ւր էին դատախազները կամ տուժողները, երբ մենք բարձրաձայնում էինք գործի քննության արգելքների մասին»։

Խուդոյանը դատախազի միջնորդության մեջ առկա պնդումներին տվեց «սուտ» որակումը, դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին հորդորեց կարգի հրավիրել կողմին, հակառակ դեպքում ինքն էլ համանման որակումներով հանդես կգա։