Հետընտրական մտորումներ, որոնք, գուցե, օգտակար լինեն առաջիկայում

Հետընտրական մտորումներ, որոնք, գուցե, օգտակար լինեն առաջիկայում

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներում ոչ մի տրամաբանություն չկա: ՔՊ-ն հասկանալի ու անմեկնելի է` դա թող մնա ընտրողների խղճին: Թվում էր, թե քաղաքական իր դիրքորոշմամբ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պետք է զբաղեցներ երկրորդ հորիզոնականը՝ առնվազն 350-400 հազար ձայնով: Բայց ստացվում է, որ ընտրողները մի նժարի վրա են դրել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Արման Բաբաջանյանին: Անձնական որեւէ բան չունեմ երկուսի նկատմամբ էլ, իսկ 1990-ականներից հակակրանք ունեմ ՀՀՇ-ՀԱԿ-ի նկատմամբ, բայց ժողովրդական առածն ասում է․ «Ուղտն ինչքան էլ սատկած լինի, էլի կաշին մի իշաբեռ է»: Այս առումով, ընտրողների վարքագիծը կասկածահարույց է: Ստացվում է, որ նախագահներին չսիրող ժողովուրդն ամենից առաջ «սիրում է» Ռոբերտ Քոչարյանին, այնուհետեւ՝ Սերժ Սարգսյանին: Հետո, եւս մեկ կարեւոր հանգամանք:

Վիճակագրության մեջ գոյություն ունի «կշռված միջին հասկացությունը»: Խոսքը վերաբերում է նրան, որ ԼՏՊ-ն մի 7 տարի է եղել նախագահ: Ընդ որում, պետականաշինության, բանակաշինության հիմքերը դրվել են նրա պաշտոնավարման տարիներին: Ավելորդ է ասել նաեւ, որ 1994 թվականին հաստատվեց զինադադար՝ հայերի համար շահավետ պայմաններում: Իսկ 1998 թվականին գրեթե կայացել էին շուկայական ենթակառուցվածքները, մասնավոր հատվածի մասնաբաժինը հասել էր 60 տոկոսի: Ըստ այս տվյալների եւ հանուն արդարության, տրամաբանական կլիներ ԼՏՊ-ի ղեկավարած քաղաքական ուժի երկրորդ հորիզոնականում հայտնվելը: 

Երկրորդ եւ երրորդ նախագահներին, որոնց նույնպես չի հաջողվել խուսափել սխալներից, հաջողվել է ինչ-որ կերպ պահպանել խաղաղությունը: Երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակ տնտեսությունն աճել է արագ տեմպերով, թեպետ առանձնապես չի զարգացել: Երրորդ նախագահի պաշտոնավարումը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամին, եւ 2008-ից հետո ներդրումները խիստ նվազեցին, որոնք ներքին խնայողությունների ցածր մակարդակի պայմաններում համախառն կապիտալի կուտակման, այսինքն՝ երկրի տնտեսական ներուժի մեծացման գլխավոր աղբյուրն էին: Դրան գումարվեց նաեւ ՌԴ-ի՝ ՀՀ-ի գլխավոր տնտեսական գործընկերոջ նկատմամբ 2014-ից տնտեսական պատժամիջոցների կիրառումը: Այդ աննպաստ պայմանների ազդեցությունն ավելի ուժգնացավ պետական կառավարման ոլորտում, դեռեւս 2000-ականների սկզբին մեկնարկած, բարեփոխումները գրեթե մարեցին: Միաժամանակ որոշ ոլորտներում ձեւավորվեցին կոռուպցիոն դրսեւորումներ:

Մի երկու խոսք ԲՀԿ-ի մասին: Դժվար է այն անվանել քաղաքական կուսակցություն, բայց նրա առաջնորդն անմիջականորեն, բազմազան ձեւերով, աջակցել է մարդկանց: Այս ընտրություններում ԲՀԿ-ին` նրա առաջնորդի բիզնեսներում զբաղ-վածներից ոչ բոլորն են ձայն տվել: Այստեղ խոսել է պարզ, գուցե մարդուն բնորոշ զգացումը, օրգանական հակակրանքն ունեւոր, բիզնեսում հաջողակ մարդկանց նկատմամբ: Չնայած այդ ամենին, երեք նախագահների ժամանակները 2018-ից հետո ստեղծված իրավիճակի համեմատ կարելի է համարել պայմանականորեն իդեալական, պլյուս-մինուս այս կամ այն նախագահի դեպքում: 2018-2021թթ. ժամանակահատվածի վրա կանգ առնելն անիմաստ է: 

Հարկ է նշել, որ ընտրությունների իրական պատկերի վրա ազդել են նաեւ «մեկ օրական» կուսակցությունները՝ նշանակալի մասը կանխամտածված: Եվ պետության ճակատագիրը թողնվել է բախտախնդիր քաղաքական լարախաղացների հույսին: Հետեւաբար, դա պետք է կանխել օրենսդրորեն: Առաջնահերթորեն, «Կուսակցությունների մասին»  ՀՀ օրենքով պետք է սահմանել ավելի բարձր չափանիշներ, ընդհուպ` կուսակցական օրաթերթ ունենալը, անդամավճարների պարտադիր լինելը եւ ֆիքսելն անդամատոմսերում, բոլոր մարզերում ստորա-բաժանումներ ունենալը եւ այլն: Իսկ Ընտրական օրենսգրքով պետք է նախատեսել առնվազն 5-ամյա աշխատանքային ստաժ` ընտրություններին հայտ ներկայացնող կուսակցությունների համար: 

Քաղաքական միջավայրն աղավաղողներից, «աղմուկներ» առաջացնողներից են ՀԿ-ները, հատկապես արտաքին ֆինանսավորում ունեցողները: Դրանց գրանցման կարգը նպատակահարմար է փոխել: Նախ, գրանցումը նպատակահարմար է իրականացնել ԱԱԾ-ի կողմից կամ նրա տրամադրած տեղեկանքի հիման վրա: Դրանց աշխատակիցները յուրաքանչյուր գործուղումից հետո պետք է գրավոր հաշվետվություն ներկայացնեն պետական կառույցին, նաեւ ֆինանսական շարժը պետք է վերահսկվի: Չէ՞ որ արտաքին ֆինանսավորմամբ ՀԿ-ների աշխատակիցների որոշ մասն ուղղակի տարբեր երկրների լեգալ գործակալներ են:

Գագիկ Վարդանյան