Թշնամու առաջարկներին՝ համաձայնել, ընդդիմադիրներին՝ մերժել

Թշնամու առաջարկներին՝ համաձայնել, ընդդիմադիրներին՝ մերժել

Միջազգային հարթակում սովորաբար կշիռ են ունենում եւ հարգանքի են արժանանում այն պետությունները, որոնք կա՛մ առնվազն տարածաշրջանային գերտերություն են, կա՛մ էլ, եթե զուրկ են համաշխարհային ազդեցության ավանդական արսենալներից, օրինակ՝ միջուկային զենք, բանակ, տնտեսություն, ելք դեպի ծով, սփյուռք եւ այլն, նույնիսկ նվազ ռեսուրսներով ամեն կերպ կանխում են սեփական շահերի ոտնահարումը եւ հայելային, երբեմն անգամ ավելի կոշտ պատասխան են տալիս իրենց հակառակորդներին։

Շատ պատերազմական արկածախնդրություններ հենց այսպես էլ զսպվում են՝ հնարավոր աղետալի հետեւանքների կանխատեսմամբ։ Այդ պատճառով էլ, օրինակ, Իսրայելը պետություն է, իսկ Պաղեստինը՝ ոչ։ Երուսաղեմում որեւէ հրեայի դանակահարումը պաղեստինցու կողմից կամ, ինչպես տարիներ առաջ ընդունված էր ասել, դանակային ինտիֆադան, անհամարժեք կոշտ արձագանքի է արժանանում տեխնիկապես եւ տեխնոլոգիապես անհամեմատ զինված իսրայելյան անվտանգության ուժերի կողմից։

Եթե փորձենք ընթացիկ տարածաշրջանային իրողությունները համադրելով հասկանալ, թե ինչպես է մեզ ընկալում թշնամին եւ գնահատում միջազգային հանրությունը, խիստ անմխիթար պատկեր կարձանագրենք։ Վերջին մի քանի շաբաթներին ակտիվացած հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական ռեւերանսները հուշում են Բաքվի եւ Անկարայի հետ Երեւանի ստվերային դիվանագիտության մասին։ Ընդ որում, երկուսն էլ իրականացվում են տարածաշրջանային դերակատարների մասնակցությամբ։ Անգամ Վրաստանն է հավակնում հարթակ դառնալ Փաշինյան-Ալիեւ հանդիպման համար։

Փաշինյանը պատրաստվում է մոտ ապագայում հանդիպել Իլհամ Ալիեւին այն պայմաններում, երբ մեկ տարի շարունակ ամենավերջին հեռակա նվաստացումների է ենթարկվել նրա կողմից եւ ոչ մի անգամ չի հակադարձել։ Ավելին՝ Ալիեւն ու Փաշինյանը համընկնում են ՀՀ նախկին նախագահներից երկուսի գնահատման հարցում։ Ալիեւն առայսօր, հագուրդ տալով իր երբեմնի հավակնություններին, Քոչարյանի եւ Սարգսյանի, ոչ թե Փաշինյանի հանդեպ տարած հաղթանակից է խոսում։

Ի՞նչ այլ պահանջ ունի Բաքուն Երեւանից, երբ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակայնորեն խոսել է Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական անկլավների մասին, այսինքն՝ համաձայնել է դրանք վերադարձնելու նախապայմանին։ Ավելին՝ վերջին օրերին պաշտոնական Երեւանն արդեն չի խուսափում «միջանցք» բառից՝ պնդելով, որ կարեւորը ոչ թե ձեւակերպումն է, այլ՝ բովանդակությունը։ Սա՝ այն դեպքում, երբ ամբողջ նախընտրական քարոզարշավին Փաշինյանը պնդում էր, թե Հայաստանը միջանցքային տրամաբանությամբ որեւէ հարց չի քննարկելու։

Իրանի համառ դիմադրության պայմաններում Հայաստանը լռելյայն համաձայնում է Ադրբեջանից դեպի Նախիջեւան եւ Թուրքիա հաղորդակցությունների բացմանը։ Ալիեւն ասում է, թե Փաշինյանին հանդիպելու պայմանը երկու երկրների տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչումն է, իմա՝ մեր կողմից Արցախից վերջնական հրաժարումը։ Եվ Փաշինյանն արտերկրից պատրաստակամություն է հայտնում՝ ընդունելու հանդիպման հրավերը՝ նույնիսկ վերապահում չհայտնելով այդ ազգադավ պայմանի հարցում։

Ի վերջո, հանդիպման նախօրեին Փաշինյանն ինքն է Ադրբեջանում դատվող հայ ռազմագերիներին դարձնում առուծախի առարկա՝ Ալիեւին խոստանալով իր հետ բերել Արցախի զավթված տարածքների ականապատ քարտեզները, փոխարենն ակնկալելով մեր հայրենակիցների վերադարձ։ Կես տարի է՝ ադրբեջանական զորքը Հայաստանի տարածքում առնվազն երկու ուղղությամբ ամրանում է, բայց այդ հարցով մենք, փաստորեն, որեւէ նախապայման չունե՞նք Բաքվին։

Ի վերջո, Մինսկի խմբի մանդատը Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են տեղափոխել ինչ-որ անհասկանալի տարածաշրջանային պլատֆորմի հովանու ներքո, ո՞ւր է Հայաստանի ընդդիմախոսությունը։ Այսքան բանից հետո միջազգային հանրությունն ի՞նչ պիտի մտածի այդ պետության եւ նրա ժողովրդի մասին։

Դավիթ Սարգսյան