Քոչարյան Անդոյի, նրա զույգ ոտքի եւ կոշիկի թայի մասին

Քոչարյան Անդոյի, նրա զույգ ոտքի եւ կոշիկի թայի մասին

Փաշինյանն ասում էր՝ քանի ես վարչապետ եմ, Հայաստանում բռնություն չի լինելու: Այս հրաշալի խոսքերը հիմա քչերն են հիշում, որովհետեւ հայը, առհասարակ, բնությամբ այնպիսին է, որ միշտ նախընտրում է իր գործն ուժով, երբեմն՝ զոռբայությամբ, երբեմն էլ՝ բացահայտ բռնությամբ առաջ տանելը: Այսօր Նիկոլը՝ ինքը, բռնություն կիրառում է ամենուր, էլ ի՞նչ պահանջես մյուսներից: Ո՞ր արարքն է կոչվում բռնություն: Իմ կարծիքով՝ այն, ինչ օրենքով չի արվում, արդեն իսկ բռնություն է: Պարտադիր չէ մարդուն բռնաբարես, որ կոչվի բռնություն:

Հիշո՞ւմ եք՝ դդում Արոյի ժամանակ ուզում էին կրթական համակարգը գլխիվայր շրջել, հայերենը հանել բուհերից ու էլի չգիտեմ ինչեր անել: Բռնություն չէ՞ր: Իհարկե՝ բռնություն էր: Մեկ տարի չանցած՝ ՍԴ-ն Արոյի նախագծերը հայտարարեց հակասահմանադրական, եւ նրան տխուր ճակատագիր բաժին կընկներ, եթե Նիկոլն այդ խայտառակ երեւույթին ԿԳՄՍՆ-ից չփախցներ ու չտաներ վարչապետի աշխատակազմ: Դդումն այդպես էլ պատասխան չտվեց ու չի էլ տա, որովհետեւ ԿԳՄՍ նախարար նշանակվեց Վահրամ Դումանյանը՝ մի մարդ, որը ոչինչ չի տեսնում եւ ոչինչ չի լսում, եթե նույնիսկ կողքին ռումբ պայթի (այս մասին ինքն ասաց Եռաբլուրում):

Բռնությո՞ւն է, արդյոք, Քոչարյան Անդոյի արածը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը վիզ է դրել, որ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը չդառնա այդ հանձնաժողովի փոխնախագահ: Քոչարյան Անդոյի այդ պահվածքը տարբեր կողմերից կարելի է մեկնաբանել, սկսած «личная неприязнь»-ից մինչեւ երազում Նիկոլի նկարը տեսնելն ու ինչ-որ բաներ հիշելը: Բայց ահա օրենքի տեսանկյունից Քոչարյան Անդոյի պահվածքը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Չի ուզում, որ Ղազինյանը դառնա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ եւ վերջ: Ասում է՝ միայն իմ դիակի վրայով: Եվ քանի որ Արթուր Ղազինյանն էլ կիրթ մարդ է եւ հակահիգիենիկ բաներ չի սիրում, ամեն անգամ գնում է այդ հանձնաժողովի նիստին ու ամեն անգամ մերժված, «ներվայնացած» դուրս գալիս: Ոմանք ընդդիմությանն են մեղադրում՝ չե՞ք տեսնում, որ Անդոն չի ուզում, ինչո՞ւ եք ամեն անգամ Ղազինյանին առաջարկում, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք: Համամիտ չեմ, իհարկե:

Ընդդիմությունը շարժվում է օրենքով, այդ պաշտոնը հասնում է իրեն, ինքն էլ տնօրինում է այնպես, ինչպես ուզում է: Հետեւաբար, գնդակը ոչ թե ընդդիմության, այլ Քոչարյան Անդոյի դաշտում է: Այդ նա է ապօրինի կերպով մերժում ընդդիմության թեկնածուին՝ այդկերպ բռնանալով ոչ միայն Արթուր Ղազինյանի եւ ընդդիմության իրավունքների, այլեւ ԱԺ կանոնակարգ օրենքի եւ ՀՀ Սահմանադրության նկատմամբ:

Կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե Քոչարյան Անդոն վաղո՞ւց է ճանաչում Արթուր Ղազինյանին, եւ ինչ-որ մութ գործեր կան նրանց հարաբերություններում: Ես չեմ կարծում, որ Արթուր Ղազինյանի նման դաստիարակություն ստացած երիտասարդը երբեւէ կարող էր անհետացող դինոզավրերի խմբին պատկանող Քոչարյան Անդոյի հետ որեւէ առնչություն ունեցած լիներ: Հետեւաբար, մութ գործերի վարկածը բացառում եմ: Մնում է մտածել, որ կա՛մ Քոչարյան Անդոն վախենում է Արթուր Ղազինյանից, կա՛մ էլ նրան ասել են, որ Ղազինյանը կարող է փորձանք բերել ոչ միայն «փառահեղ ուղի» անցած հանձնաժողովի, այլեւ 44-օրյա պատերազմում պարտված իշխանության գլխին: Բանն այն է, որ Քոչարյան Անդոյի հանձնաժողովն է լինելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հիմքում, իսկ Արթուր Ղազինյանին մոլորեցնելը եւ ուրիշ ուղղությամբ տանելը, մեղմ ասած, ո՛չ Քոչարյան Անդոյի եւ ո՛չ էլ նրա հանձնաժողովում ընդգրկված որեւէ ուսապարկի խելքի բանը չէ:

Իշխանական շրջանակները պնդում են, որ Արթուր Ղազինյանի թեկնածությանը Քոչարյան Անդոն ընդդիմանում է, քանզի «շշամարտի» օրը Ղազինյանն իր բաժին շիշը նետել է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ՝ չի կպել, բայց կարող էր կպնել, շիշը նռնակ չէր, բայց կարող էր նռնակ լինել՝ բացատրություններով: Մենք, իհարկե, գիտենք, որ, ի տարբերություն մյուս մարդկանց, որոնց գիտակցությունը կեցության հետեւանք է, ՔՊ-ականների գիտակցությունը որոշվում է ներքին շիզոֆրենիայի աստիճանով: Հետեւաբար, այս պատճառաբանությունն էլ ընդունելի չէ: Այլապես պետք է նրանք հետեւողական լինեն, որ ով Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ որեւէ բան է նետել՝ ողջույններ, հայհոյանք, քննադատական խոսք եւ այլն, պաշտոն չստանա եւ նույնիսկ զրկվի ունեցածից: Իսկ մեկ բառով ինչպե՞ս բնութագրել այս երեւույթը: Ամենահարմարը, թերեւս, «բռնություն» բառն է, բռնություն, որ կա Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, եւ որով փորձ է արվում պահել այդ տխրահռչակ իշխանությունը: