Քաղաքական դաշտը թատերաբեմ չէ, որ ինչ-որ մարդիկ դուրս գան բեմ, ինչ-որ մարդիկ դուրս չգան

Քաղաքական դաշտը թատերաբեմ չէ, որ ինչ-որ մարդիկ դուրս գան բեմ, ինչ-որ մարդիկ դուրս չգան
Անդրանիկ Թևանյան

Ծաղկաձորում Սերժ Սարգսյանի արտահայտած որոշ մտքեր դարձան քննարկման առարկա, ապա դրանից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 4-ին, Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում հայտարարություններ արեց, որոնք սրությամբ չէին զիջում Սերժ Սարգսյանի մտքերին։ Տպավորություն է, թե Հայաստանի երրորդ եւ երկրորդ նախագահները մրցության մեջ են՝ համացանցի հերոս դառնալու, մարդկանց ուշադրությունը գրավելու համար։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Քոչարյանի հրավիրած ասուլիսը բնավ էլ Սարգսյանի ծաղկաձորյան ելույթով չէր պայմանավորված՝ նա դրանից մեկ շաբաթ առաջ էր պլանավորել ասուլիսով հանդես գալ։

-  Ո՞րն էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի մեխը, ի՞նչ տվեց դա հանրությանը։

- Դե, դա հանրությունը պետք է գնահատի, քանի որ մեկ տարի է անցել պատերազմից, տրվեցին գնահատականներ, արվեց վերլուծություն, տրվեց քաղաքական գնահատական, հանրությունն արդեն ինքը հետեւություններ պետք է անի, եւ էս անցնող մեկ տարին ցույց է տալիս, թե մենք ինչ ունենք հետպատերազմական իրավիճակում։ Եվ եթե էս ամեն ինչը շարունակվում է, փաստորեն, մենք նոր խնդիրներ ենք ունենում արդեն Հայաստանի ինքնիշխանության եւ սահմանների հետ կապված։

- Իսկ ի՞նչ ենք անելու, որ այդ նոր խնդիրները չունենանք։

- Այդ խնդիրների լուծումը պետք է փնտրենք արդեն քաղաքական դաշտում։ Ես կարծում եմ, որ մեզ՝ բոլորիս, ՀՀ քաղաքացիներին, անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, եւ այդ փոփոխությունների ուղղությամբ բոլորը պետք է աշխատեն, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքը։

- Քաղաքական փոփոխությունները նաեւ քաղաքական լիդերների՞ մակարդակով եք տեսնում։

- Քաղաքական պրոցեսներն ավելի լայնընդգրկուն պրոցեսներ են, եւ բոլոր հասարակական-քաղաքական ակտիվ զանգվածները պետք է ներգրավվեն այդ պրոցեսում։ Եթե լինեն նոր ֆորմատներ, կարող ենք դրանց մասին խոսել, եթե լինեն այլ պրոցեսներ, կարեւորը արդյունքն ու նպատակն է, որ պետք է հասնենք քաղաքական իշխանության փոփոխության։

- Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանից դժգոհ զանգվածի 20 տոկոսն էլ դուրս գա փողոց եւ պայքարի, իշխանափոխություն կլինի։ Ընտրություններից առաջ 20 տոկոսից ավելի շատ մարդ էր դուրս եկել փողոց, բայց իշխանափոխություն չեղավ։ Հիմա դուք ինչի՞ վրա եք ձեր հույսը դրել։

- Հասարակության հետ պետք է աշխատել, պետք է վերլուծություն անել, դասեր քաղել, հասկանալ, թե ինչ խնդիրներ կային, որ այս խայտառակ իրավիճակում իշխանափոխություն չեղավ: Պետք է բաց խոսել, ընդունել այն սխալները, որ եղել են, ընդունել, որ հասարակության մեջ մի հատված կա, որ անտեղյակ է, մի հատված կա, որը միգուցե ցանկացած պարագայում չի ուզում քվեարկել նախկին իշխանությունների օգտին, պետք է նոր գաղափարներ, նաեւ նոր մարդկանց ներգրավել պրոցեսի մեջ, որպեսզի հասնենք փոփոխության։

- Գուցե հիմնական խաղացողների՞ն է պետք փոխել, այսինքն՝ մարդկանց, որոնք պետք է հասարակությանն իրենց կողմը քաշեն, մինչդեռ նրանց հասարակությունը չի ցանկանում տեսնել։

- Դա ժամանակը ցույց կտա, կարեւորը քաղաքական փոփոխությունների հասնելն է, կարեւորը Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդիրների լուծումն է։ Թե ինչ դերակատարումներով կլինեն, դա ես երկրորդական եմ համարում։

- Չե՞ք կարծում, որ մեր քաղաքական դաշտը կարծես պտտվում է 2 անձի շուրջ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, եւ ամեն մեկը փորձում է այնպես անել, որ իր շուրջ պտտվի ամեն ինչ։ Գուցե պետք է քաղաքական դաշտը թողնել ա՞յլ անձանց։

- Գիտե՞ք, քաղաքական դաշտը թատերաբեմ չէ, որ ինչ-որ մարդիկ դուրս գան բեմ, ինչ-որ մարդիկ դուրս չգան բեմ։ Պրոցեսները ցույց կտան ժամանակի ընթացքում․ կա՛մ հին դերակատարներով կլինի փոփոխությունը, կա՛մ նոր դերակատարներով։ Բայց ինձ համար կարեւորը փոփոխություններն են, ոչ թե դերակատարները։

- Տպավորություն է, որ մեր քաղաքական դաշտը հենց դարձել է թատերաբեմ նաեւ այդ 2 գործիչների անձնական ամբիցիաների բախման պատճառով։

- Ես կարեւորում եմ արդյունքը, ոչ թե անձանց։

- Դե, արդյունք՝ տեսնում ենք, որ դեռեւս չկա։

- Էս պահին դեռեւս չկա, ուրեմն պետք է աշխատել, որ լինի։

- Դուք ունե՞ք այս պահին իշխանափոխության պահանջ, օրակարգ։

- Իշխանափոխության պահանջ բոլորս ունենք, եւ դա միայն «Հայաստան» դաշինքին չի վերաբերում։ Ինչ վերաբերում է քայլերին, էս ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն, որոնք էս պահին ես անբավարար եմ գնահատում։ Բայց էդ հետեւությունները պետք է արվեն, դասերը պետք է քաղվեն, եւ մենք գնանք առաջ։

- Վերջին անգամ, օրինակ, ե՞րբ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

- Անձամբ, եթե իմ մասին է խոսքը, ես իմ ելույթով նշեցի, որ մեզ նոր իշխանություն է պետք, որովհետեւ էս պարտված իշխանությամբ Հայաստանը շարունակելու է պարտվել։ Այսինքն՝ «պահանջել» բառն օգտագործելը շատ ավելի երկրորդական է, քան քայլերը։

- Ես նկատի ունեմ՝ այդ հարցն օրակարգ մտցնեք, որը նաեւ որոշակի գործողություններ կենթադրի։

- Օրակարգ մտցնելու համար պետք են կոնկրետ գործողություններ, ծրագրեր, գաղափարներ, թիմեր, այդ թվում՝ նաեւ նոր մարդկանց ներգրավել։ Այսինքն՝ միայն հայտարարել, որ պահանջում ենք հրաժարականը, մենք էն գլխից ենք պահանջել։ Բայց ես ավելի կարեւորում եմ քայլերը, գործողությունները։

- Քոչարյանն ասաց, որ պատրաստ եք նորից փողոցային պայքար սկսել։  Ինչպե՞ս եք պատկերացնում այդ պայքարը, ե՞րբ եք դուրս գալու, ի՞նչ օրակարգով, ինչպիսի՞ մոբիլիզացիայով։

- Հասարակության հետ լայն աշխատանք է պետք տանել եւ հասարակությանն առաջարկել լուծումներ՝ էս իրավիճակից դուրս գալու, եւ ապագայի տեսլական ներկայացնել։ Էս առումով, կարծում եմ, աշխատանքներ դեռ պետք է ունենանք։

- Ձեր կողմից առաջիկայում սպասվո՞ւմ է փողոցային պայքարի որեւէ դրսեւորում։

- Առաջիկայում սպասվում են լայնամասշտաբ մարզային այցելություններ եւ Երեւանի վարչական շրջաններում հանդիպումներ՝ շոշափելու տրամադրությունները, հասկանալու առաջարկները։ Մեր կողմից կտրվեն առաջարկներ, եւ ես չէի ուզենա, որ էս պրոցեսը սահմանափակվեր առանձին վերցրած կուսակցությամբ կամ որեւէ դաշինքով։ Սա համահայկական խնդիր է, էդ խնդիրը պետք է լուծել ցանկացած գնով, քաղաքական բոլոր գործիքակազմերի օգտագործմամբ։ Դերակատարները, տվյալ դեպքում, երկրորդական են։

- Դուք պատրաստվում եք հենց «Հայաստան» դաշինքո՞վ դուրս գալ փողոց՝ պայքարի, թե՞ կներգրավեք նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքին կամ արտախորհրդարանական ուժերին։

- Ես ավելի լայն ֆորմատների կողմնակից եմ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ հասարակական ակտիվ զանգվածների ներգրավմամբ, նոր մարդկանց եւ նոր գաղափարների ներգրավմամբ։

- Ինչպես հասկացա, առաջիկա օրերին փողոցային պայքարի դրսեւորումներ չեն լինելու։

- Օրերի մասին, այո, չի կարող խոսք լինել, բայց մենք ունենք ծրագրեր՝ ակտիվացնելու հասարակությանը, ես կարեւորում եմ էն գաղափարները, որոնց շուրջ պետք է համախմբել հանրությանը, ավելի լայն ձեւաչափեր եւ ավելի լայն մոտեցումներ առաջարկել։