Քանի՜ հազար հոգի պիտի ասեին՝ տան միակ տղամարդը դու ես․․․

Քանի՜ հազար հոգի պիտի ասեին՝ տան միակ տղամարդը դու ես․․․

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ պահվող Արմեն Աշոտյանի նամակի այս տողը, ինչքան էլ փորձում եմ երեկվանից մոռացության մատնել, չի ստացվում։ Երբ ինչ որ բան ինձ շատ է մտատանջում ու անընդհատ անդրադառնում եմ դրան, փորձում եմ հասկանալ, թե ո՞րն է բուն պատճառը, որ այդպես տպավորվել է իմ մեջ։ Կենտրոնացա նաև այս հարցի վրա։ Սկսեցի վերլուծել, համադրել միմյանց հետ փաստերը, իրողությունները։ 

Երեկ Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ից շնորհավորել է իր ավագ որդու՝ Գոռի ծնունդը։ Շնորհավորանքից իմ մեջ տպավորվել է մի նախադասություն, որը ցավացնում է․ «Ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես»։ Ինչու՞ ողջ շնորհավորանքից հենց այս նախադասությունն է կապարի պես ծանր հնչում ու չի մոռացվում։ Երկար ժամանակ պետք չէր՝ հասկանալու։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց, առավել ևս պատերազմի  խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելուց հետո Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր երրորդ ընտանիքում այս խոսքն է հնչել՝ «Տան տղամարդը հիմա դու ես»։

Տունը գլխատվել և տան տղամարդը մնացել է անչափահաս տղան։ Սա ընդհանրական խոսք է․ քանի՜ հազար այդպիսի ընտանիքներ մնացին անչափահաս որդիների հույսին։ Նրանց հայրերը կենդանի չէին, որ այս բառերն ասեին՝  «Ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես»։ Այսօր դա բարձրաձայնում է մեկը, որը այս իշխանության հազարավոր զոհերից մեկն է։ Այն զոհերից, որոնց պատերազմը գթացել է, իսկ իշխանությունը չի ներում, որ նրանք կան, կենդանի են։ Մեր գենոֆոնդի սերուցքը այս իշխանությունը լափեց, բառը կոպիտ չէ՝ հաշվի առնելով պատերազմից հետո ոսկոր բաժանելու ու պարկերով անթաղ մարմինների պղծումը։ Մինչև հիմա էլ հարյուրավոր զինվորների մարմնամասեր կան, որոնք ծնող են կանչում ու տեր չունեն։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տասնյակ հազարավոր զոհերի ու հաշմվածների տեր դարձրեց երկիրը, այլ այդ մարդկանց լույսը մարելուց, ծուխը հանգցնելուց հետո նրանց  տները հանձնեց թշնամուն։ Խանձահոտով լցրեց Արցախ ու Հայաստան աշխարհը, մարդիկ վառում էին տասնակ տարիների քրտինքով կառուցած իրենց տներն ու բռնում անհայտության ուղին։ Ու այդ մասին բարձրաձայնող քաղաքական գործիչներին տանում են դժոխքի ճանապարհով՝ կեղծ գործեր կարելով ու կեղծ ցուցմունքներ դնելով նրանց վզին։