Ընդդիմադիր դաշտի ուժերին մենք համարում ենք մրցակից, բայց ոչ հակառակորդ

Ընդդիմադիր դաշտի ուժերին մենք համարում ենք մրցակից, բայց ոչ հակառակորդ

Հարցազրույց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ

- Պարոն Սաղաթելյան, վարչապետի պաշտոնից հրաժարական տված Նիկոլ Փաշինյանը երեկ առաջին քվեարկությամբ չընտրվեց վարչապետ։ Գո՞հ եք այդ փաստից։

- Ընդհանրապես, խորհրդարանի՝ արրտահերթ ընտրության գնալու հանգամանքը պայմանավորված էր հանրային ճնշմամբ։ Այսինքն՝ էն, ինչ նախաձեռնեց Հայրենիքի փրկության շարժումը, եւ անցնող վեց ամիսներին ինչ կատարվում էր փողոցում, դա տեղի ունեցավ հանրային ճնշմամբ եւ փողոցի ժողովրդական ճնշման տակ։ Անշուշտ, նա դա փորձում էր ներկայացնել իբրեւ բարի կամքի դրսեւորում, բայց բոլորս գիտենք, որ էդպես չէ։ Իսկ բավարարված լինելու մասին՝ մենք բավարարված կլինենք էն ժամանակ, երբ այս իշխանությունը հեռացած կլինի։ 

- Փաշինյանի ելույթները լսո՞ւմ էիք, նա արդեն բացահայտ հակահարձակման է անցել եւ ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդում է ձեզ վրա։

- Տեսեք, ինքն օրակարգ չունի, խոսելու նյութ չունի, ինքն առաջիկայում, ինչպես նախորդ երեք տարվա մեջ, կրկին խոսելու է նույն թեմաներից, նույն օրակարգով, նույն ղժղժոցով, նույն հիստերիկ շարժումներով, որը ոչինչ մեր պետությանն ու ժողովրդին չի տվել եւ չի տալու։ Էս ա էս մարդու օրակարգը, որն արդեն զզվելի է, անտանելի է, հոգնեցնող է, եւ ՀՀ քաղաքացիներն արդեն ակնհայտ գիտեն, թե ում հետ գործ ունեն։

- Դուք 6 ամիս շարունակ պայքարում էիք, որ հեռացնեիք նրան վարչապետի աթոռից, հիմա գնում եք նրա վարչապետությամբ ընտրությունների։ Սա ինչպե՞ս կբացատրեք, ո՞վ է սրա թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն։

- Մենք գնում ենք ընտրությունների եւ այդ ընտրությունը դիտում ենք իբրեւ նրան հեռացնելու միջոց։ Այո, փողոցով մենք չենք կարողացել հեռացնել այս չարիքի կառավարությանը, բայց դա չի նշանակում, որ այլեւս բոլոր միջոցները սպառված են։ Կոնկրետ Դաշնակցությունն ամեն ինչ արել է, առաջին գծով կռիվ տվել է, որպեսզի այս չարիքի կառավարությանը հեռացնի։ Ունեցել ենք բացթողումներ, սխալներ, այսինքն՝ մի բան ինչ-որ տեղ ճիշտ չի եղել, որ այսօրվա այս չարիքի կառավարությունը գոյություն ունի։ Մենք չկարողացանք համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի։ Դա ուներ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ։ Ամեն դեպքում, շարժման հիմնական դերակատար կուսակցությունները որոշել են մասնակցել այս ընտրություններին, եւ ես վստահ եմ, որ եթե այն ճանապարհով չկարողացանք, այս ճանապարհով կհեռացնենք այս իշխանություններին։ Եվ եթե չլիներ Հայրենիքի փրկության շարժումը, հիմա արդեն Նիկոլը Սյունիքի կեսը տվել էր թուրքերին, էլ չեմ ասում՝ նաեւ Հայաստանի մյուս մարզերում եւս գնացել էր զիջումների։

- Կարծում եք՝ դո՞ւք եք կանխել այդ պրոցեսը։

- Այո եւ ոչ միայն դա։ Էն հանրային ճնշումը, որ տեղի է ունեցել, էն հարցերն ու պրոբլեմները, որ բարձրաձայնվել են մեր կողմից, եւ ամեն անգամ բոլոր սխալները բարձրաձայնել ու դրանց հետեւից գնացել ենք, դա եւս զսպել է այսօրվա չարիքի կառավարությանը։

- Կարծում եք՝ Փաշինյանը, որ այսօր գնալով էլ ավելի է ձեր վրա բարձրացնում տոնայնությունը, վախենո՞ւմ է ձեզանից եւ ձեր շարժումից, կամ մարդ, որ այս ամիսներին չկանգնեց որեւէ բանի առջեւ ու տվեց՝ ինչ հնարավոր է, ու անում է այն, ինչ ցանկանում է, ընդդիմությունի՞ց պետք է վախենար։

- Ոչ թե վախենում է, այլ սարսափում է, սարսափում է իր իշխանությունը կորցնելուց։ Եվ իր այս վերջին շրջանի պահվածքը դրա վառ ապացույցն է։ Ես հասկանում եմ, որ ինքն առաջիկա ընտրություններին փորձելու է ամբողջ պետական ապարատը, լծակներն օգտագործել իր վերարտադրման համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք՝ դա թույլ չտալու։

- Արդյոք ունե՞ք «Պլան Բ», թե ինչ եք անելու, եթե չհաղթեք այս ընտրություններում, եւ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի հրաշքով վերարտադրվի վարչապետի պաշտոնում։

- Մենք չհաղթելու մասին չենք մտածում, մենք համոզված ենք, որ այս ընտրություններին հաղթելու ենք, որովհետեւ չենք պատկերացնում որեւէ իրավիճակ, որ մեր հասարակությունը կարող է գնալ եւ քվեարկել, որպեսզի կապիտուլյանտ իշխանությունը ձեւավորի մեծամասնություն։

- Փաստորեն, չունեք «Պլան Բ»։

- Մենք «Պլան Բ» էլ ունենք, «Գ» էլ ունենք, «Դ» էլ ունենք։ Այս փուլում գնում ենք հենց առաջին փուլով սրանց հեռացնելու ճանապարհով։ Այն քաղաքացին, որը Նիկոլին բերել է իշխանության, հենց էդ նույն քաղաքացին պետք է գա եւ հեռացնի իշխանությունից։

- Իսկ որ ասում եք՝ «մենք գնում ենք ընտրությունների», այդ «մենք»-ի մեջ ովքե՞ր են մտնում, արդյոք ՀՅԴ-ն, Վահե Հակոբյանի հիմնած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը եւ Ռոբերտ Քոչարյա՞նը։

- Մենք Ձեր նշած ուժերի հետ ակտիվ բանակցությունների մեջ ենք եւ մինչեւ շաբաթվա մեջ մեր քաղաքական համագործակցության մասին վերջնական հայտարարություն կանենք։ Քննարկումները գնում են այդ ֆորմատի շուրջ, բայց վերջնական որոշման մասին մինչեւ շաբաթվա վերջ կհայտարարվի։

- Ինչո՞ւ է Դաշնակցությունը դաշինք կազմում հենց Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչո՞ւ ոչ, օրինակ, ՀՀԿ-ի հետ, ում հետ երկար տարիներ կոալիցիայում եք եղել, կամ Վանեցյանի հետ, ում հետ այս ամիսներին պայքարի ընկերներ էիք դարձել։

- Քանի դեռ ֆորմալ առումով չկա դաշինքը, այս հարցերին այս պահին պատասխանելը ճիշտ չեմ համարում։ Երբ կհայտարարենք դաշինքի մասին, եւ դա կլինի վերջնական, ես շատ մանրամասն եւ հանգամանալից կպատասխանեմ, թե ինչու։

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀԿ-Վանեցյան հավանական դաշինքին։

- Նորմալ, քաղաքական կուսակցություններ են, ճանապարհ անցած մարդիկ են, իրենք են որոշել՝ ինչ ֆորմատով եւ ինչ ճանապարհով մասնակցեն ընտրություններին։ Ընդհանրապես, ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը մեզ համար թիրախ չեն, մենք ունենք մեկ թիրախ, որի անունն է Նիկոլ Փաշինյան։

- Ի դեպ, ինչպե՞ս եք անելու, որ այս նախընտրական քարոզարշավը չվերածվի Քոչարյան-ՀՀԿ պայքարի, ինչպե՞ս եք անելու, որ պայքարեք ոչ թե իրար դեմ, այլ Ձեր նշած մարդու։

- Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ուղղությամբ չգնա, եւ մեր կողմից դա չի լինելու, որովհետեւ մենք ունենք մեկ թիրախ, որի մասին ասացի։ Մեր նպատակն ընդդիմադիր դաշտի քվեների համար պայքարը չէ, ընդհանրապես ընդդիմադիր դաշտի ուժերին մենք չենք համարում մեզ հակառակորդ։ Անշուշտ, մրցակից են, բայց էս ուղղությամբ մենք փորձելու ենք զերծ մնալ ընդդիմադիր դաշտի ուժերի հետ կռիվ տալուց։ Էստեղ մեզ համար շատ կարեւոր եւ սկզբունքային է, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը հայտարարեն, որ հետընտրական շրջանում որեւէ պարագայում մաս չեն կազմի Նիկոլի առաջարկած որեւէ կառավարության։

- Փաստորեն, Դուք մտածում եք, որ Նիկոլը գալու է նորից իշխանության, կառավարությո՞ւն է ձեւավորելու։

- Չէ, մեզ համար շատ կարեւոր է, որ էս գլխից ընդդիմադիր դաշտի կուսակցությունները, որոնք առավոտից իրիկուն քննադատում են, էս մասին հայտարարություն անեն, որ ՀՀ քաղաքացիները շատ հստակ հասկանան՝ ով ով է։

- Բայց եթե դուք գալու եք եւ հաղթելու եք, էլ Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ կառավարություն ձեւավորի, մի բան էլ նրանց կանչի գործարքի։

- Ամեն դեպքում, դա շատ կարեւոր է, Դուք էլ լավ հասկանում եք, թե ես ինչի մասին եմ ասում։

- ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանի՞ն» եք ակնարկում։

- Անուններով չեմ ասում, ես ընդհանրապես ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին եմ ասում։

- Պարոն Սաղաթելյան, Դուք ընտրողին խոստանո՞ւմ եք, որ հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանն այլեւս իշխանություն չի ունենա Հայաստանում։

- Մենք խոստանում ենք, որ ամեն ինչ անելու ենք սրանց իշխանությունից հեռացնելու համար։ Մենք էստեղ նահանջելու տեղ չունենք։ Մենք էս պայքարի մեջ մտնում ենք էդ համոզմունքով եւ հավատում ենք, որ հնարավոր է էս իշխանություններին հեռացնել։

- Ի դեպ, ո՞ւր է ձեր վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, նա կմասնակցի՞ ընտրություններին։

- Վազգեն Մանուկյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, ես շարունակում եմ պնդել, որ Վազգեն Մանուկյանը Հայաստանի քաղաքական դաշտի ամենաինտելեկտուալ, փորձառու, գաղափարական եւ ազգային գործիչներից մեկն է, եւ ինքն անելիք ունի մեր երկրում։ Բայց նա հայտարարել է, որ այս ընտրություններին որեւէ պարագայում չի մասնակցելու, բայց կարծում եմ՝ պրոցեսների վրա ազդեցություն կունենա։