Ընդդիմության դաշտում սուր մրցապայքար է

Ընդդիմության դաշտում սուր մրցապայքար է

Հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական ուժերը պատրաստվում են հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Նախընտրական գործընթացները հուշում են, որ ընդդիմադիր դաշտում մրցակցությունն ավելի սրված է, քան ընդդիմություն-իշխանություն ճակատում։ Խոսքը հատկապես երկու խոշոր բեւեռների մասին է՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի, որի մասին դեռ վերջնական հայտարարություն չկա, եւ արդեն իսկ ձեւավորված «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի, որի մասին արդեն հայտարարված է։

Չնայած ընդդիմադիր երկու բեւեռներում ներկայացված ուժերը ոչ վաղ անցյալում իշխանության դեմ միասնական պայքար էին մղում՝ պատերազմի ավարտից հետո ձեւավորված Հայրենիքի փրկության շարժման ճակատում, բայց փաստն այն է, որ ինչ-ինչ պատճառներ խոչընդոտեցին ընտրություններին էլ միասնական ճակատով մասնակցելուն։ Տարբեր պատճառների մասին են պատմում, նախեւառաջ՝ Ռոբերտ Քոչարյանի հավակնությունների, ինչն էլ խանգարեց ավելի լայն կոնսոլիդացիա ունենալուն, քանզի Քոչարյանը վստահ է` իր շանսերն այնքան մեծ են, որ միայնակ էլ կկարողանա իշխանություն վերցնել։ Հաջորդ պատճառը 2008-2018 թվականների ընթացքում կուտակված Սերժ-Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տարաձայնություններն են, որոնք նաեւ հին ընկերների նեղացածություն են։ Սակայն հիմա ոչ այնքան կարեւոր է այդ պատճառների մասին խոսելը, որքան դրա հետեւանքով առաջացած իրավիճակի, որից կարող է մեծապես շահել իշխանությունը։ 

Ուզեն, թե չուզեն՝ այս երկու ուժերը հանդես են գալու նույն դաշտում եւ դառնալու են մրցակիցներ՝ աշխատելու են նույն էլեկտորատի վրա, բանակցում են նույն անձանց հետ՝ նախկին մարզպետներ, պատգամավորներ, պաշտոնյաներ, գործարարներ եւ այլք, որոնք կարող են իրենց տարածքներում ձայն ապահովել եւ որոնք տեղ են զբաղեցնելու երկու ցուցակներում։ Ավելին՝ նույնիսկ տեղեկություններ ենք ստանում, որ պոտենցիալ թեկնածուների են խլում իրարից, օրինակ, թեպետ տեղեկություններ կային, որ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը Ռոբերտ Քոչարյանի ցուցակում է լինելու, սակայն տեղեկացանք, որ հնարավոր է ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքում հանգրվանի։ Նույն շշուկները կան նաեւ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մասին։ Մեզ ասացին, որ անցած շաբաթ նա այցելել է ՀՀԿ գրասենյակ, երկար առանձնազրույց ունեցել Սերժ Սարգսյանի հետ, որից հետո քոչարյանականների ճամբարից տեղեկություններ տարածեցին, թե Արփինե Հովհաննիսյանի՝ Քոչարյանի դաշինքի առաջին կին լինելու փաստը հաստատված չէ, չի բացառվում, որ այդ տեղում գրվի 5-րդ ալիքի հեռուստահաղորդավար Ագնեսա Խամոյանի անունը։

Իսկ եթե քարոզարշավի ժամանակ այս ուժերից մեկը որոշի մյուսի դեմ հակաքարոզչություն իրականացնել, ապա կարելի է նախապես շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններին մեծամասնություն ձեւավորելու ռեալ հեռանկարի համար։ Այլ բան, որ նախկին նախագահները որոշել են ընդամենը սեփական մուսկուլները ցուցադրել ու չխանգարել միմյանց, այդ դեպքում կարող է ստացվել պատկեր, երբ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը իրենց գլխավորած դաշինքները կանցկացնեն նոր խորհրդարան, պարզ կդառնա, թե ով ինչքան ձայն ունի, իսկ այնտեղ, ըստ անհրաժեշտության ու շահերի, արդեն կարող են գործել համատեղ։

Այդուհանդերձ, երկուսի միավորումը կարող էր անհամեմատ դրական անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա, մարդիկ կտեսնեին, որ, անկախ տարաձայնություններից, «հայրենիքի փրկության» շահը միավորել է երկու նախագահներին, որ նրանք ոչ թե իշխանության են ձգտում, այլ, ինչպես իրենք էին ամիսներ շարունակ հորջորջում, ուզում են երկիրը փրկել վերջնական կործանումից։

Այդ ի՞նչ անհաղթահարելի տարաձայնություններ կային, որ հնարավոր չեղավ միասնական ճակատով մասնակցել ընտրություններին․ մեր հարցին «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ասաց, որ ոչ թե տարաձայնությունների պատճառով են առանձին-առանձին մասնակցում, այլ՝ մարտավարական, ապա շեշտեց․ «Առանձին, թե դաշինքով՝ բոլորիս նպատակը մեկն է՝ ազատվել այս իշխանությունից»։ Ի՞նչ է նշանակում «մարտավարական»։ «Գուցե միասին մասնակցեինք, ժողովուրդը չցանկանար որեւէ ուժի պատճառով ձայն տար մեզ, դրա համար մարդկանց ավելի լավ հնարավորություն ենք տվել, որ ընտրություն կատարեն»։

Այսինքն՝ ընտրություններից հետո հնարավո՞ր է միավորվեն․ հարցին Բաբայանը խոստացավ պատասխանել ընտրություններից հետո։ Այդուհանդերձ, առանձին-առանձին մասնակցությունը հօգուտ իշխանության է լինելու։ «Չեմ կարծում, որ հօգուտ իշխանության կարող է ընդհանրապես որեւէ բան լինել, բայց այդ բոլոր քվեաթերթիկներն ընդդեմ իշխանության կլինեն»։ Նաեւ համոզմունք հայտնեց․ «Այս փուլում մեր միջեւ չի կարող լինել մրցակցություն կամ իրար դեմ որեւէ գործողություն»։ Իսկ ցուցակների հարց մինչ այս պահը  չի քննարկվել՝ ասաց նա։