«ՀՀ կադաստրի վկայականն» ու Նիկոլի խմբակային շահը

«ՀՀ կադաստրի վկայականն» ու Նիկոլի խմբակային շահը

«Մենք միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն ենք պաշտպանում և հետապնդում ենք միայն Հայաստանի Հանրապետության շահը», ասել է Սիմոնյան Ալենը: Եթե ես Մարսից հենց նոր իջած այլմոլորակային լինեի ու իմանայի, թե ով է Սիմոնյան Ալենը, ապա կշնորհավորեի հայ ժողովրդին նման ղեկավարություն ունենալու համար: Բայց ես մարսեցի չեմ, ես հայաստանցի եմ ու տեղյակ եմ, թե ինչ է տեղի ունեցել 2018-ի մայիսից այս կողմ: Ու, ըստ այդմ, չեմ կարող շնորհավորել ինքս ինձ Աժ նման նախագահ ունենալու համար: Որովհետև այն քաղաքական ուժի ղեկավարը, որի անդամ է Ալենը, ավելի քան հնգամյա կառավարման ընթացքում բազմիցս ապացուցել է, որ անձնապես իր ու իր ստեղծած քաղաքական ուժի հետապնդած ու իմ պատկերացրած պետական շահը երբևէ չեն հատվել: Եվ քանի որ ես միայնակ չեմ իմ պատկերացումներում, ապա որքան էլ մեծ լինեն գործող իշխանության համակիրների և կամ անտարբերների բանակները, վերջինիս հետապնդած շահը չի կարող վերածվել Հայաստանի պետական շահի: Այն ինչպես կար վերջին հինգուկես տարում, այնպես էլ կմնա Նիկոլի և նրա ենթակաների անձնական ու խմբակային շահ: 

Տեսական այս նախաբանը լրացնեմ մի երևույթի ներկայացմամբ, որի ծագման հարցը հանգիստ չէր տալիս ինձ դրա հայտնվելու առաջին իսկ օրից: Խոսքը վերաբերում է ամիսներ առաջ Նիկոլի կողմից բարձրաձայնված՝ մեր պետության «կադաստրային թղթի» նարատիվին (պատմությանը): Ինչո՞ւ հանկարծ Նիկոլը որոշեց մեջտեղ բերել այն՝ էլ ավելի թուլացնելով Հայաստանի՝ առանց այդ էլ թույլ բանակցային դիրքը: Եթե առաջնորդվենք այն ենթադրությամբ, որ երբեմնի «դուխով» Նիկոլը մեր երկրի ղեկավար է դարձել Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելու նպատակով, ապա կադաստրի թղթի «նաղլը» (արաբերենից թուրքերենին անցած, դրանից էլ մեր լեզվի բարբառային շերտին անցած բառ՝ պատմություն կամ հեքիաթ նշանակությամբ), ապա այդ թղթի մասին հիշատակումն ավելի քան տեղին էր: Բայց այդ դեպքում պետք է ընդունենք նաև, որ ինքը, վերջին հաշվով, հայոց «գահին էր բազմել» երկրի պետականությունը վերացնելու նպատակով: 

Տեր-պետրոսյանական պարտվողականությունն, ի վերջո, որքան էլ այն չընդունեմ, հիմնված էր հաղթանակած պետություն ունենալու հիմքի վրա: Իսկ մի քանի հազար զոհերի գնով Արցախն Ադրբեջանին հանձնելու գաղափարը, ինչը լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից բարձրաձայնվեց 2021 թվականի հուլիսին, ենթադրում էր պատերազմում դաժան պարտության արձանագրում: Իսկ դրանից հետո հարցականի տակ պետք է դրվեր նաև Հայաստանի ամբողջականությունն ու ընդհանրապես անվտանգությունը: Եվ դժվար է ընդունելը, որ նման հեռանկարը չէր ընկալվել ո՛ նման ծրագիր մշակողների, ո՛չ երբեմնի «դուխով» այդ անձի և ո՛չ էլ նրա ստորադասների կողմից: Սակայն զավեշտն այն է, որ թե՛ ինքը և թե՛ իր մանկլավիկները խոսում են Հայաստանի ինքնիշխան տարածքից ու պետական շահից: Ու անընդհատ բարձրաձայնում են 29800 քառ/կմ-ի վերաբերյալ պահանջը: Այս հակասությունը, սակայն, հասանելի չէ երկիրը կառավարողանձի և նրա նեղ շրջանակում ներառված այլ անձանց ուղեղին:

Բայց մեր պետության «կադաստրային թղթի» առումով ենթադրում եմ, որ այն պետք է որ ունենա կենցաղային բացատրության, քանի որ վերը նշված անձի վարքագիծը շատ դեպքերում պայմանավորված է կենցաղային մտածողությամբ: Ինչպես հայտնի է, վերջինս ծնվել է Իջևանի շրջանի (ըստ խորհրդային վարչական բաժանման) Ենոքավան գյուղում: Ինչը նշանակում է, որ երեխա հասակում չէր կարող ծանոթ չլինել «մեկ մետր հողի» խնդրին: Կա՛մ հենց իրենց ընտանիքի և կա՛մ թեկուզ հարևանների առումով: Խոսքը դրկից հարևանների հողամասերի սահմանների՝ մեկ մետր այս կամ այն կողմ լինելու մասին է: Ինչն իր լավագույն ատացոլումն է գտել Ստեփան Զորյանի (1889-1967) «Ցանկապատ» պատմվածքում: Պատմվածքը վերաբերում է հայրենազրկման գաղթից առաջվա իրականությանը, սակայն երևույթն օրախնդիր է մնում մինչև այսօր: Չնայած Խորհրդային Միության վերջին տասնամյակներում գյուղսովետներում երևան եկան հողամասերի պատկանելիությունն ու չափերը հավաստող փաստաթղթեր: Ու դրանցով հիմնականում լուծում ստացավ «մեկ մետր հողի» խնդիրը: Իսկ քաղաքում էլ բնակարան ձեռք բերելու շնորհիվ այդ երևույթը ստացավ իր «տեսքը» որպես կադաստրի վկայական կամ ուղղակի թուղթ: Ու գյուղսովետի կառավարման մակարդակի մտածողությամբ Նիկոլի ուղեղում էլ ծնվեց «Հայաստանի Հանրապետության կադաստրի վկայական» գաղափարը: Առանց մտածելու, որ ինչպես գյուղսովետն (իսկ հետագայում Կադաստրի կոմիտեն) էր տալիս այդ թուղթը անհատ քաղաքացուն, այնպես էլ Ադրբեջանն էր տալու «ՀՀ կադաստրի վկայականը»: Բնականաբար, որպես պատերազմում հաղթող պետություն: 

Իսկ հիմա իրար կապենք Նիկոլի և նրա ենթակաների խմբակային շահն ու «ՀՀ կադաստրի վկայականը»: Երկրորդն, ըստ դրա հեղինակի, նյութական այն կրիչն է, որ ապահովում է ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած այդ անձի կամ նրա ու նրա ենթակաների խմբակային շահի լեգիտիմությունը: Իրականում նույնիսկ ՄԱԿ-ի անդամ դառնալը 100 տոկոսով չի ապահովում որևէ պետության անվտանգությունը: Եթե ՄԱԿ-ը համարենք միջազգային այն կառույցը, որն իրավասու է «կադաստրի թուղթ» տալ որևէ պետությանը: Ասվածը նշանակում է, որ այդ թուղթն այն «իրականության» դրսևորումն է, որն առկա է միայն դրա հեղինակի ուղեղում: Եվ այդ «իրականությամբ» էլ վերջինս փորձում է կառավարել մեր պարտված ու խեղճացած երկիրը: Ու միաժամանակ բավարարել արևմտյան տերերին պահանջը՝ փորձել ռուսներին վտարել մեր տարածաշրջանից: