Զախարովան ստիպված է «դիվանագիտորեն ստել»…

Զախարովան ստիպված է «դիվանագիտորեն ստել»…

2023-ի սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով Արցախի հայաթափումը հայերի մոտ բացասական ազդեցություն ունեցավ ռուսական խաղաապահների ու ՌԴ-ի վարկանիշի ու վստահության նկատմամբ: Բռնի տեղահանված արցախցիները խոսում են իրենց հիասթափության մասին, ասում, որ միշտ վստահ են եղել. քանի դեռ ռուս խաղաղապահներն այնտեղ կանգնած են, թուրքերը իրենց՝ խաղաղ բնակչությանը,  չեն ցեղասպանի: Բայց խիստ անակնկալի են եկել, երբ տեսել են, թե ինչպես են ռուս խաղաղապահները լուռ անգործությամբ դիտում իրենց նկատմամբ տեղի ունեցող բարբարոսությունը: Լավագույն դեպքում խաղաղապահներից ոմանք ապահովել են հայերի անվտանգ տեղահանությունը: Եղել են դրվագային հուզիչ պատմություններ, երբ ռուսները փորձել են կանխել հայերի սպանությունները, բայց այդ փորձերն ապարդյուն են անցել: Ընդհանուր առմամբ, ռուս զինվորն այդ ամենի լուռ ականատեսն է եղել:

Բնականաբար, դա ռուս զինվորի որոշման կամ անփութության արդյունք չի եղել. այդպես նրանց հրահանգված է եղել: Դա եղել է ՌԴ որդեգրած քաղաքականության արդյունքը: Այո, այն, ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ ու անգործության արդյունքում: Սակայն, այն, որ փաշինյանական իշխանությունը դեռեւս ՀՀ-ում իշխանություն ունի, դա նույնպես ՌԴ իշխանության կամոք է. պաշտոնական Կրեմլը պարբերաբար ջղաձգումների մեջ է ընկնում, երբ Հայաստանում ընդդիմադիր դաշտը ակտիվանում է ու պահանջում Փաշինյանի հրաժարականը: Կրեմլից անմիջապես սեղմում են իրենց կողմից կառավարելի ընդդիմության արգելակը ու ամեն ինչ մնում է նույնը: Փաշինյանը, բացի Հայաստանից, դեռեւս պետք է բոլորին՝ Արեւմուտքին, ԱՄՆ-ին, Թուրքիային, Ադրբեջանին, նաեւ՝ Մոսկվային: Հայաստանի հաշվին տարածաշրջանում բոլորն իրենց շահերն են առաջ տանում: Պաշտոնական Մոսկվան նույնպես Արցախի ու Հայաստանի հաշվին դեռեւս չի ավարտել իր աշխարհաքաղաքական առեւտուրը: 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս մի լավ «տեղը դրեց» այն մարդկանց, ովքեր քննադատում են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը: «Նպատակը իրենց վրայից մեղքը ռուս խաղաղապահների վրա գցելն է… Այդ հայտարարությունները կառուցողական չեն եւ իրականությանը չեն համապատասխանում: Դա պատասխանատվությունից խուսափելու համար փաստերի շահարկման փորձ է: Այլ կերպ չեմ կարող դա գնահատել: Ես կոնկրետ ապացույցներ կբերեմ հակառակ նման դիրքորոշման»,-ասաց Զախարովան եւ մեջբերեց 2020թ-ի նոյեմբերի 18-ի որոշումը, որտեղ գրված է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը  ուղարկվում է Լեռնային Ղարաբաղ համաձայնությունների ու հրադադարի պահպանման նպատակով, խուսափելու Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային մահերից եւ քաղաքացիական օբյեկտներին էական վնաս պատճառելուց:  «Ինչ-որ բան այս ամենից չի՞ իրականացվել: Այն ինչ գրված էր այդ փաստաթղթերում, իրականացվեց»,- վստահեցրեց Զախարովան՝ «խիղճ կամ լկտիություն» ունեցողներից փաստեր պահանջելով: Նա վստահորեն պնդեց, որ բացի հիստերիայից ու վիրավորանքից, փաստեր չկան, իսկ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում  էթնիկ զտումներ չեն իրականացվել. «Կցանկանայի՝ որևէ փաստ ներկայացվեր, եթե կա Երևանի կողմից հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպության որևէ փաստաթուղթ։ Օրինակ՝ ՄԱԿ-ը կամ մեկ այլ կազմակերպություն։ Եթե կա որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը ցույց կտա, թե էթնիկ զտումներ են տեղի ունեցել, բարի եղեք՝ մեզ տրամադրելու այդ փաստաթղթերի հղումները»: 

Զախարովայի ասածից կարելի է ենթադրել, որ 120 հազար արցախցիներ մեկ-երկու օրում առանց պատճառի լքեցին իրենց տուն ու տեղը, իրենց ողջ կյանքի ստեղծածը եւ ընչազուրկ վիճակում հասան Հայաստան, առանց ապրուստի որեւէ միջոցի հայտնվեցին հայաստանյան ծանր սոցիալական իրողությունների մեջ միայն մի բանի համար, որ ռուս խաղաղապահների մեղադրելու առիթ ունենան: Իրականությունից կտրված կամ կտրված ձեւացող Զախարովան երբեւէ տեսե՞լ է բռնի տեղահանված որեւէ մեկ արցախցու, զրուցե՞լ է, հարց տվե՞լ է, թե նա ինչից այդպես մազապուրծ փախավ իր տնից: Իսկ Կրեմլի պալատական տաքուկ սենյակներից տիկնայք Զախարովաներին այդ պատճառները հաստատ տեսանելի չեն լինի…ՌԴ պալատական սենյակների լուսամուտներից չեն երեւա այն տեսարանները, թե ինչպես Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանվեցին երկու եղբայրները՝ 8-ամյա Նվերն ու 10-ամյա Միքայելը; Չեն երեւա մյուս սպանությունների տեսարանները, գաղթի ճանապարհի՝ մի քանի տասնյակի հասնող զոհերի մահվան տեսարանները: Փաստերը շատ են…Սա ի՞նչ է, եթե ոչ՝ ցեղասպանություն կամ էթնիկ զտում:   

Ընդհանուր առմամբ, Զախարովային մեղադրել պետք չէ,  նա ի պաշտոնե հարկադրված է այնպիսի մտքեր արտահայտել, որը կարտահայտի իր երկրի շահերը, կնպաստի վերականգնել ՌԴ-ի նկատմամբ հավատն ու վստահությունը հայերի ու արցախցիների մոտ: Մեծ հաշվով տիկին պաշտոնական ներկայացուցչի ու իր ներկայացրած երկրի համար հայերի կարծիքը առանձնապես կարեւորություն չունի: Նրանց ընդամենը պետք է վերականգնել Ռուսական խաղաղապահ զորախմբի՝ Արցախում մնալու մանդատը: Իսկ դրա համար պետք է, որ որոշակի թվով հայեր վերադառնան եւ բնակվեն Արցախում: Հակառակ դեպքում խաղաղապահ զորախումբը հարկադրված կլինի Արցախին ասել «До свидания»: Այդպես շուտով կպահանջի Ադրբեջանը՝ Ալիեւը: Իսկ Զախարովայի «վրդովված» ու «վիրավորված» ելույթներն ընդամենը դիվանագիտական մանիպուլյացիաներ են…