Հիացմունքի արժանի

Հիացմունքի արժանի

Միշտ հիացել եմ այն մարդկանցով, ովքեր հետեւողականորեն անում են իրենց գործը` առանց ուշադրություն դարձնելու, թե ով ինչ կասի կողքից: Իսկ մենք` հայերս, շատ ենք սիրում ավելորդ ճամարտակել, ձվի մեջ մազ փնտրել, փնովել մարդկանց, որոնք արժեք են ստեղծում, օգտակար գործ անում: Մանավանդ 2018-ի հեղափոխությունից հետո, երբ շարքային մարդը զգաց իր ուժը եւ համարեց, որ ինքն էլ խոսքի իրավունք ունի, այդ խոսքն այնպիսի ձեւախեղումների ենթարկվեց, որ դարձավ պատուհաս բոլոր քիչ թե շատ հայտնի, հանրային գործունեություն ծավալող մարդկանց համար: Եվ շատերն ընկրկեցին անգետ, անզուսպ, ամեն ինչ սեւացնող ամբոխի առաջ:

Կային մարդիկ, որոնք լուրջ հանրային գործունեություն էին ծավալում, նաեւ քաղաքականության մեջ հաջողելու հեռանկար ունեին, բայց վախեցան ֆեյքերից ու «հավայի վայրահաչողներից» եւ դադարեցրին իրենց հրապարակային գործունեությունը: Այս ֆոնին առավել հարգանքի արժանի են նրանք, ովքեր, քաղաքական կամ որեւէ այլ շահ չհետապնդելով հանդերձ, շարունակում են պայքարել, խոսել, գործ անել:

Այդ մարդիկ, իհարկե, շատ չեն, բայց ուզում եմ նրանցից մի քանիսին առանձնացնել: Նրանցից ամենաաննկունն ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն է: Մարդ, ով չունի քաղաքական նպատակներ, ֆինանսական խնդիրներ, Հայաստանում եւ Հայաստանով ապրելու անհրաժեշտություն, բայց համառորեն շարունակում է խոսել, ահազանգել: Մյուսը ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն է, ով կարող էր լռել, ինչպես արեցին իր գործընկերներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, Հայկ Գրիգորյանը, Ատոմ Ջանջուղազյանը, Արթուր Ջավադյանը եւ ուրիշներ, ու մի տեղ տաքուկ պաշտոն զբաղեցնել, բայց չի լռում, չի հաշտվում կատարվողի հետ: Այն դեպքում, որ օնիկգասպարյաններն ու տիգրանմանսուրյաններն են անգամ լռում: