Հարվածի՛ր յուրայիններին, որպեսզի օտարները վախենան

Հարվածի՛ր յուրայիններին, որպեսզի օտարները վախենան

Հարևան գյուղերի բնակիչների միջև ընկերական բռնցքամարտի ավանդույթից ծագած՝ «Հարվածի՛ր յուրայիններին, որպեսզի օտարները վախենան» ռուսական ասացվածքը ոնց որ թե դառնում է մեր այսօրվա իրականությունը բնութագրող երևույթ: «Бей своих, чтоб чужие боялись» ասացվածքի սա արդեն երկրորդ հիշատակումն է իմ կողմից: Թեև, անկեղծ ասած, արդեն մոռացել եմ թե ինչի առումով էր առաջինը: Որովհետև մենք ապրում ենք այնպիսի աննորմալ իրականության մեջ, որ մարդ արդեն մոռանում է դրա առանձին դրսևորումները: Ինչպես հասկանում եք, այս հոդվածը նվիրված է Ալենի եղբոր կնոջը կալանավորելու հարցին: Որովհետև ԱԺ նախագահի պաշտոնին նշանակված Ալենը, ենթադրում եմ, Նիկոլի յուրայինների շարքում առաջինն է: Նիկոլի այլ յուրայիններին չնեղացնելու նպատակով ասեմ, որ ես առաջնորդվում եմ ընդամենը խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությամբ: Ըստ դրա, այդ համակարգում առաջնային պաշտոնը պետք է պատկանի հենց խորհրդարանի նախագահին:

Ուրիշ հարց, որ Սերժի (ՀՀ երրորդ նախագահի պատվերով) սահմանադրագետ իրավաբան Հրայր Թովմասյանը այդ տրամաբանությանը հակասող պետական կառուցվածք էր գծագրել իր գրած Սահմանադրության մեջ: Այսինքն, պետությունում առաջին ղեկավարի պաշտոնը տրվել էր գործադիր իշխանության ղեկավարին, չնայած վերջինս ընդամենը առաջնային մանդատով օժտված խորհրդարականների կողմից նշանակվող պաշտոնյա է: Ճիշտ այնպես, ինչպես պետության գլուխ ՀՀ նախագահը: Դա արտահայտվել է նաև պետական և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներով: Նախագահի աշխատավարձի գործակիցը 20-ն է, վարչապետինը՝ 19, ԱԺ նախագահինը՝ 18: Սրանով էր նաև արտահայտվում այն երևույթը, ինչն ընդդիմադիրների կողմից ժամանակին կոչվեց «Սերժի հագով կարված», որ այնուհետև մեծ հաճույքով «հագավ» ինքն իրեն ժողվարչապետ հռչակած Նիկոլը: 

Երկար այս նախաբանից անցում կատարենք Ալենի եղբոր կնոջ գործին: Մինչ հասարակական կազմակերպության անդամ դառնալը մոտ մեկ տասնամյակ եղել եմ տնտեսության ոլորտի լրագրող: Այդ թվում նաև այդ ոլորտին առնչվող քրեական գործերի առումով: Լուսաբանել եմ, բնականաբար, պետական գնումների բազմաթիվ գործընթացներ: Ու վստահ կարող եմ ասել, որ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործընթացները նախկինների օրոք համատարած էին: Բայց նույն վստահությամբ նաև կարող եմ ասել, որ «Սիներջի» ընկերությանն առնչվող պատմությունն այն դեպքը չէր, որպեսզի կրծքով սնվող երեխայի մորը կալանավորեին: Ի դեպ, եռակի էժան գնային առաջարկն արդեն խիստ կասկածահարույց է, որպեսզի այն ներկայացնող ընկերությունը համարվեր մրցույթի հաղթող: 

Կարծում եմ, որ քննչական մարմիններն այս գործի առումով հանդես են բերել այն վարքագիծը, որ ռուսերենում բնութագրվում է որպես «перестараться»: Անգլերենում, ենթադրաբար, «overdo it» արտահայտությունն է (դա ռուսերեն չիմացողների համար): Ինչը թարգմանվում է որպես չափից ավելի, անտեղի կամ ավելորդ ջանքի գործադրում: Սակայն չի արտահայտում այն նրբերանգը, որն առկա է ռուսական տարբերակում: Ենթադրում եմ, որ քննչականից վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին զեկուցել են այդ գործի մասին, ու ինքը, լավագույն դեպքում, հրահանգել է շարժվել օրենքով: Իսկ եթե առաջնորդվենք մեր իրականության տրամաբանությամբ, ապա պետք է որ հրահանգեր՝ շարժվել օրենքի ողջ խստությամբ: Որպեսզի դաս լինի ուրիշների համար: Կամ էլ՝ հարվածիր յուրայիններին, որպեսզի օտարները վախենան:

Հ. Գ. ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենի հետ երբևէ չեմ շփվել, իսկ նրա խմբագրած «Արարատ» ամսագիրն էլ մեկ երկու անգամ թերթել եմ ատամնաբուժարանում՝ սպասելով իմ հերթին: ԱԺ նախագահ նշանակվելուց հետո էլ քննադատել կամ նույնիսկ ձեռ եմ առել՝ հաշվի չառնելով նրա բարեկամական կապը «Հրապարակ»-ի գլխավոր խմբագրի հետ: Բայց սա այն դեպքն էր, երբ մարդ առաջնորդվում է օբյեկտիվությամբ և ոչ թե ավանդույթի ուժով: