«Հրապարակ»․ Մի չկայացած տենդերի պատմություն

«Հրապարակ»․ Մի չկայացած տենդերի պատմություն

Լրատվամիջոցները գրեցին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Սիներջի» ընկերության շուրջ «կոռուպցիոն» սկանդալը երրորդ կողմ էլ ունի, որի գործուն «ջանքերով» են իրավապահները դուրս եկել այս «կոռուպցիոն» գործարքի վրա։ Խոսքը «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, կապվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ, թեպետ պաշտոնական փաստաթղթերում հիմնադիր տնօրեն է ներկայացված ոմն Մուրադ Մուրադյան։ Այս փաստը բուռն քննարկումների առիթ է դարձել իշխանական թիմում, ոմանք չեն ուզում հավատալ աբսուրդի այն թատրոնին, երբ նախկին խոշորամասշտաբ «թալանչիներից» մեկը դարձել է արդարության մարտիկ, իսկ հեղինակավոր կազմակերպությունը, որը Հայաստանում գործում է 1999 թվականից, ինչպիսին «Սիներջին» է՝ շանտաժիստ։

Պարզվում է՝ դեռեւս 2022 թվականին էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին մասնակցած ընկերությունները եղել են «Սիներջին» եւ «Հարմոնիան»։ Նախարարությունը հայտարարել է երեք փուլից բաղկացած մրցույթ, մինչ այդ՝ նախաորակավորման փուլ։ Մասնակցել է 4 ընկերություն, բայց 2-ը բարեհաջող անցել են նախնական, ապա առաջին փուլերը, սակայն երկրորդ փուլից առաջ նախարարությունը որակավորման նոր չափանիշներ է սահմանել։ «Հարմոնիան», համարելով դրանք գնումների մասին ՀՀ օրենսդրությանը հակասող պահանջներ, դիմել է նախարարությանը՝ առաջարկելով փոփոխել, եւ որոշակի շտկումներ են արվել, բայց պահպանվել է հիմնական փոփոխությունը։ Երրորդ փուլին մասնակցելու համար կրկին նույն ընկերություններն են դիմել, նախարարությունը հիմնադրամի հայտը գնահատել է անբավարար եւ մերժել։ Մինչդեռ «Հարմոնիան» ներկայացրել է «Սիներջիից» շուրջ 3 անգամ ավելի ցածր գնային առաջարկ, որը, ըստ մասնագետների, անիրատեսական է եղել։ Մրցույթից իրենց դուրս թողնելու որոշումը «Հարմոնիան» վիճարկել է դատարանում` հայց է ներկայացրել ընդդեմ էկոնոմիկայի նախարարության։

Դատական-տեղեկատվական համակարգում շարադրված են հայցի հիմքերը, որ նախարարությունն իրավունք չուներ պայման փոփոխելու, բայց նույնիսկ այդ պարագայում «Հարմոնիային» դուրս թողնելու հիմքեր չեն եղել, քանի որ համապատասխանել է պահանջներին։ Դատարանը 2023 թ. հունիսին բավարարել է «Հարմոնիայի» հայցը եւ անվավեր է ճանաչել մրցույթի արդյունքները: Դատարանի վճռից 2 ամիս անց մրցույթը գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել` բավարարել «Հարմոնիայի» հայտը եւ պայմանագիր կնքել նրա հետ։ Այս որոշումները չեղարկելու պահանջով էլ նախարարության դեմ հայց է ներկայացրել «Սիներջի» ընկերությունը։ Դատարանը, սակայն, անցած տարեվերջին կայացրած որոշմամբ չի բավարարել «Սիներջիի» հայցը, բայց գործի են անցել իրավապահները։

ՀԳ Հոդվածի հրապարակումից օրեր անց մենք ստացանք «Գալաքսի» ընկերությունների խմբի նամակը, որտեղ հերքում են Գագիկ Խաչատրյանի եւ նրա որդիների կապը «Հարմոնիա» ընկերության հետ, որի որեւէ բաժնեմաս չի պատկանում Խաչատրյանների ընտանիքին: