Պուտինի հերոսը զինվորն է, Նիկոլի հերոսը՝  հարկ վճարողը

Պուտինի հերոսը զինվորն է, Նիկոլի հերոսը՝  հարկ վճարողը

Պետության ղեկավարի  վարած քաղաքականությունը դժվար չէ կռահել։ Պարտադիր չէ քաղաքագետ լինել, որ հասկանաս, թե առաջնորդը երկրի համար ո՞րն է գերակա շահ համարում։ Կարդում ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ներում է շնորհել 52 դատապարտված կանանց։ Համոզված եմ , որ մեծ մասը սա ընդունում են որպես վիճակագրական փաստ, դե տոն օր է՝ 52 դատապարտված կանանց ներում է շնորհել։

Յուրաքանչյուր փաստի տակ բովանդակություն կա․ դա պիտի հասկանալ։ Պուտինը ի՞նչ քաղաքականությամբ է առաջնորդվում, երկրի համար ու՞մ է կարևորում։ Կարևորել է անչափահաս երեխա ունեցող մայրերին, հղիներին և այն կանանց, որոնց հարազատները մասնակցում են ռազմական գործողության։ Անչափահաս երեխա ունեցող կանայք ու հղիները խոցելի խումբ են, չեմ ուզում անդրադառնալ այդ խմբին, որոնք սակայն ճնշման մեխանիզմի մասով Հայաստանի համար այլ նշանակություն ունեն։  Կանդրադառնամ այն կանանց, որոնց հարազատները մասնակցել են ռազմական գործողության։ Այսինքն պետության գերակա շահն է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերի մասնակիցներին թևավորել, ինչ որ ձևով ամրագրել, որ պետությունը գնահատում է նրանց հայրենասիրությունը։ Այդ մարդիկ «հանուն ոչնչի»  չեն կռվում, պետությունը արժևորում է նրանց գործը։

Փորձենք համեմատություն անցկացնել Հայաստանի հետ։ Հայաստանում ստորացվում, նսեմացվում են պատերազմի հերոսները, տարբեր մեթոդներով ճնշում են նրանց հարազատներին։ Փառքի սրահներից գաղտագողի հանվում են զոհվածների նկարները։  Ճնշման ամենախայտառակ մեթոդներն են կիրառում, որ զոհվածի՝ հայրենիքի համար կռված հայրը չկարողանա այցելել տղայի շիրիմին։ Ճնշում են զոհվածների ծնողներին, հերոսներին ձերբակալում ու հետապնդում են։ Ավելին, իրենց հողի, տան  համար կռված ղեկավարներին հանձնում են թշնամուն։ Իրենց համար հերոս է հանձնվողը, հողը պաշտպանողը՝ թշնամի է։ Հազարավոր օրինակներ կան, որոնք կարող եք մտովի ընդգրկել ու հասկանալ,  թե որն է Պուտինի ու Նիկոլի տարբերությունը։ Պուտինի հերոսը զինվորն է, Նիկոլի հերոսը՝  հարկ վճարողը։ Հայաստանը պետական շահ չունի, նրա «քյարը»  հարկերով մարդկանց խեղդելն է ու այդ փողերը իրենք իրենցով «մեջ-մեջ անելը»՝ աշխատավարձերի, հավելավճարների, հազար ու մի զիրթ ու զիբիլի տեսքով։