Իմ համար որևէ բան անսպասելի չէ․ Ագոն՝ փուլայինի մասին

Իմ համար որևէ բան անսպասելի չէ․ Ագոն՝ փուլայինի մասին

Տպավորությունն այնպիսին է, որ Սերգեյ Լավրովի կողմից անսպասելի արտահոսքը, թե սեղանին կարգավորման փուլային տարբերակ կա, Հայաստանի քաղաքական ուժերի համար այնքան էլ անակնկալ չէր․ ՀՀԿ-ն դատապարտեց ու մեկնաբանեց, թե Լավրովը բացահայտեց այն, ինչ 1 տարի շարունակ իրենք էին ասում։ Խորհրդարանական ընդդիմությունն ու արցախյան հիմնահարցով տարիներ ի վեր զբաղվող անհատներն ու ուժերը, չնայած Զոհրաբ Մնացականյանի արդեն իսկ հնչեցրած պարզաբանումներին, պահանջեցին հստակ պատասխան՝ նման բան բանակցվո՞ւմ է, թե՞ ոչ (անմիջապես վերաշրջանառվեց «հող հանձնողին հանձնենք հողին» հայտնի կարգախոսը)։

Հիշեցնենք, որ Արցախից ևս պաշտոնական մակարդակով արձագանքներ եղան, այդ թվում՝ նախագահի այլևս նախկին թեկնածու, արտգործնախարար Մասիս Մայիլյանի կողմից, ով ասաց, որ արցախցու համար կա երկու բարձրագույն արժեք՝ անկախություն և անվտանգություն, իսկ ցանկացած առաջարկ, որ կարող է նույնիսկ աննշան չափով սպառնալ այդ արժեքներին, Արցախի համար անընդունելի է: «Անհրաժեշտ է նաև նշել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ: Ինչ վերաբերում է տարածքային զիջումներին, ապա դա ուղիղ ճանապարհ է դեպի ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի կործանում։ Այդ պարագայում իր պատմական հայրենիքում բնիկ բնակչության գոյությունն իսկ սպառնալիքի կենթարկվի: Հարկ է նաև ընդգծել, որ վերջերս Արցախում կայացած ընտրությունները համոզիչ կերպով ի ցույց են դրել ինչպես հասարակությունում, այնպես էլ հանրապետության քաղաքական ուժերի շրջանում առկա կոնսենսուսը՝ տարածքային զիջումների անթույլատրելիության վերաբերյալ»,- նշել է Մայիլյանը։ 

Ինչպե՞ս է այս լուրն ընդունվել Արցախում՝ հասարակ ժողովրդի, զինվորականների կողմից։

«Հրապարակ»-ի հետ զրույցում արցախյան հայտնի հրամանատար Արկադի Կարապետյանն ասաց՝ վատ։ «Նման բան մենք չենք ընդունում։ Իմ համար, օրինակ, ազգը, հայրենիքը, Աստված ամենաբարձր կատեգորիաներն են էս աշխարհում, բացարձակ արժեքներ, մնացածը՝ ընտանիք, ընկերություն, ավելի ստորին է, ամենը պետք է ծառայի այդ երկուսին։ Չնայած մարդիկ կան, որոնց համար փողն է կարևոր, ինչ հայրենիք, ինչ Աստված, բայց կարող եմ ասել, որ այստեղ լյուբոյի համար էլ նույն բանն է, ես 100 հոգու հետ չեմ խոսում, հազարների հետ եմ խոսում ու կարող եմ ասել, որ բոլորն էլ ասում են, որ մեր երկիրը ոչ մեկին տալու չէ։

Ընդհանրապես, բանակցությունները մեզ համար արհեստական ինչ-որ բան են, խաղում են, էլի։ Մենք համարում ենք, որ էդ հարցը շուտ ենք լուծել, ի՞նչ բանակցություն, ինչի՞ շուրջ։ Կամ որ ասում են՝ ինքնորոշում, մենք ումի՞ց ենք ինքնորոշվում, սա մեր հայրենիքն է, մենք երբեք Ադրբեջանի կազմում չենք եղել որևէ միջազգային օրենքով։ Եղել է բռնակցում մի անհասկանալի պետությանը»։

Արկադի Կարապետյանն ավելի հեռուն գնալով՝  ասաց․ «Նիկոլայի ժամանակ՝ թագավորի, Արցախում 296 հազար հայ էր ապրում։ Երբ բռնակցեցին Ադրբեջանի հետ, 140 հազար մարդ էր մնացել։ Էն 156 հազարն ո՞ւր էին, կոտորվել էին, չէ՞»։ Նրա բանաձևմամբ՝ Արցախի ժողովուրդն իր անվտանգությունը կարող է ապահովել միայն իր պետականությամբ և անվտանգային համակարգով։ «Էլ ոչ մի երաշխիք մեզ ոչ ոք չի կարող տալ, որովհետև ինչ երաշխիք էլ որ տան, կարող ա աշխատի կես տարի, 5 տարի, բայց երբ պետք լինի, որ աշխատի, չի աշխատելու։ Ոնց որ միշտ եղել է։ Սրանք մեր համար ելակետային բաներ են»։

Ինչ վերաբերում է հարցին, թե անսպասելի՞ էր Լավրովի հայտնածը, թե սեղանին փուլային տարբերակ է դրված, ապա Արկադի Կարապետյանն ասաց․ «Չէ, էդ փուլայինը նորություն չէ։ Եվ անսպասելի չէ, չգիտեմ՝ Լավրովը որքանով է ճիշտ, ամեն ինչ հնարավոր է, հնարավոր է մի թեթև շանտաժ է, չգիտեմ… կամ էլ իրականություն է, չգիտեմ, որովհետև ես չեմ բանակցություններին մասնակցում, բայց էն, որ ասում ա՝ իմ փիլիսոփայությամբ՝ որևէ մեկին չեմ հավատում, ով էլ լինի իշխանության։ Ես գիտեմ, որ ես իմ հայրենիքը պտի պահեմ։ Ու պատրաստ եմ նրան, որ տարբեր ճնշումներ են լինելու։ Մեկը դիմանալու է, մեկը չի դիմանալու։ Ոչ մի զարգացում իմ համար անակնկալ չէ, և դրա համար ամեն ինչի պատրաստ եմ, ու էն, որ ասում ա՝ ես պարտավոր չեմ որևէ մեկին հավատալ»։

Կարապետյանը որպես ամփոփում կրկնեց, որ հարցը լուծում է ժողովուրդը, իսկ իշխանավորն ուղղակի կազմակերպիչ է, ղարաբաղցին էլ ոչ մի տարբերակով չի տարվելու, իր շահն է պահելու։