Հայերեն բառեր են, հայերեն տառեր, ի՞նչ վատ բան կա, որ դժգոհենք

Հայերեն բառեր են, հայերեն տառեր, ի՞նչ վատ բան կա, որ դժգոհենք

Օրեր առաջ կառավարության նիստում որոշում ընդունվեց՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով, ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ, որն ուղղվել է Երեւանի եւ մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։ Որպես հիմնավորում՝ վարչապետի աշխատակազմը կառավարությանը հայտնել է․ «Սպասվելիք արդյունքներն են, որ հասարակության ավելի լայն զանգվածները տեղեկացված կլինեն «Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050»-ի էմոցիոնալ տեսլականի մասին, երկրի երկարատեւ զարգացման տեսլականի եւ ուղենիշների մասին»։ Կառավարության որոշմամբ՝ ոչ թե մրցութային, այլ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով, պայմանագիրը կնքվելու է «Անտարես» ընկերության հետ, որն էլ կիրականացնի գովազդային պաստառների հրապարակումը։   

Նոր իշխանությունների նոր կարգախոսը գրականագետ Դավիթ Գասպարյանի սրտով է։ «Այն ամենը, ինչ իր հետ հայկականություն է բերում, համախմբում, հայապաշտպանություն, ես դրան կողմնակից եմ։ Շատ լավ կարգախոս է, հայերեն բառեր են, հայերեն տառեր, հայկական ոգի․ ի՞նչ վատ բան կա այդտեղ, որ դժգոհենք։ Համամիտ եմ եւ կարծում եմ, որ այս կարգի բաները պետք է շատացնենք՝ ազգային համախմբում, ազգային ուժ, միավորում, հայաստանյան կերպար, հայկականություն։ Այս ամենը մեզ պակասում է այսօր։ Մենք մի քիչ օտար արժեքներին հետամուտ ժողովուրդ ենք, դա էլ գալիս է վիճակի նեղությունից, բայց, անկախ դրանից, ազգային արժեքները մենք պետք է բարձր պահենք»։

Նախորդ իշխանությունն էլ իր կարգախոսներն էր տիրաժավորում քաղաքի փողոցներում, գովազդային վահանակների վրա, օրինակ՝ «Իմ զենքն իմ գրիչն է», որը ոչ միայն չընդունվեց հասարակության կողմից, այլեւ ծաղրի ենթարկվեց։ Հնարավո՞ր է այս տեսակ կարգախոսներով վերափոխել Հայաստանի ռազմավարությունը 2050-ին։ «Մի շրջագայության ժամանակ, երբ եղա Կիպրոսում, տեսա` պաստառի վրա մեծ տառերով գրված է՝ միայն զենքով կա հային փրկություն։ Իհարկե, դա հայտնի երգի հայտնի տողն է, բայցեւայնպես, գեղեցիկ էր։ Այս կարգի կարգախոսները մեզ պետք են՝ գրագետ, ճիշտ, ժողովրդի ոգուց բխող։ Սրանք կարեւոր բաներ են, եւ սրա մեջ վատ բան չեմ տեսնում, ինչի՞ համար են դժգոհում՝ չեմ հասկանում»։ Այն, որ այս ծրագրի համար մոտ 49 մլն է հատկացվել, եւ դժգոհությունների մի մասն էլ դրանով է պայմանավորված։ «Դա հատկացրել են մի հրատարակչության, որն ունի վահանակներ քաղաքում․․․։ Բոլոր դեպքերում, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում․ որտեղ կա ազգային շունչ, դա պետք է պահպանենք»,- ասաց Գասպարյանը։           

Արձակագիր Սուսաննա Հարությունյանը պլակատները, վահանակները միշտ դիտել է որպես քաղաքային հարդարանքի մաս, եւ նորմալ է համարում դրանց գոյությունը։ «Տոն օրերին դրանք շատանում են, զարդարվում են, որոշակի տրամադրություն են հաղորդում օրվան․․․ Այս դեպքում հարցն այն է, թե որքանով է դա փոխում օրվա երանգը, կամ երկրով մեկ դրա շաղ տալն ինչ է փոխելու։ Եթե դրա տեքստն ինձ դուր գար, ես համաձայն եմ նաեւ ողջ երկրով շաղ տալուն։ Ասենք, եթե սովետները գրում էին՝ «Հնգամյակը՝ չորս տարում» կամ՝ «Բոլորս դեպի ռազմաճակատ», առաջինի դեպքում խոսվում էր կուսակցության պլանների մասին, որ ուզում են հնգամյակը չորս տարում կատարել, եւ բոլորը պիտի դրան մասնակից լինեն, իսկ երկրորդի դեպքում համախմբման կոչ էր՝ համընդհանուր ուժերը համախմբել հանուն հաղթանակի։ Ի՞նչ ասել է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», ինձ ոչինչ չի հաղորդում։ Եթե որեւէ մեկը մեղադրեր մեզ հակառակում, որ մենք չենք սիրում մեր երկիրն ու ժողովրդին, մենք կարող էինք արդարանալ՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ասելով։ Մենք իշխանության հետ ենք բերել այս օրը, այսինքն՝ ո'չ մենք ենք նրա սիրուն առ հայրենիքը կասկածում, ո'չ էլ նա՝ մեր․ բացահայտ աքսիոման պլակատ դարձնելու իմաստ չեմ տեսնում։ Չհաշված՝ որ մի մտքում երկու անգամ օժանդակ բայը կրկնաբանություն է։ Ավելի ընկալելի կլիներ՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը»։ Հույս ունեմ, որ հաջորդ պլակատների տեքստերն ավելի լավը կլինեն։ Այստեղ մխիթարական է նաեւ այն, որ պլակատների վրա հայոց լեզուն դեռ տեղ ունի»,- ընդգծում է արձակագիրը։