Վեզիրն էր «մեղավոր», որ ծաղրածուն դարձավ թագավոր

Վեզիրն էր «մեղավոր», որ ծաղրածուն դարձավ թագավոր

ՀՀ քաղաքացին կատարեց իր ընտրությունը: Երկու-երեք կողմից սահմանն անցած թշնամու ներկայությունը գերադասեց նախկինների վերադարձից, որոնք խոստանում էին, նաեւ ժողովուրդն էր համոզված, որ դուրս է շպրտելու թշնամուն երկրից: Թեկուզեւ մահ, թեկուզ Հայաստանի կործանում, Արցախի պես Սյունիքն ու Գեղարքունիքը կորցնելու սպառնալիք... միայն թե նախկինների իշխանությունը ետ չգա: ՀՀ քաղաքացու համար մահից սարսափելի նախկին իշխանավորներն են եւ նրանց ստեղծած ժամանակը:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի ժողովուրդը մերժեց Սերժ Սարգսյանին, ոչ թե վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին: 2021 թվականի հունիսի 20-ին հայաստանցին մերժեց Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Նիկոլը չհաղթեց, պարտվեց Քոչարյանը: Եթե լիներ մեկ այլ թեկնածու, որին վստահեր ժողովուրդը, ՔՊ-ն անցողիկ շեմը չէր հաղթահարի: 
Նիկոլի բախտը ինչպես երեք տարի առաջ, այնպես էլ հիմա բերեց, որ պայքարում էր մերժվածների դեմ: Նիկոլը ոչ թե երկրի վարչապետ է, այլ նախկիններին մերժելու միջոց: Նիկոլը ժողովրդին է օգտագործում իշխանություն ունենալու համար, ժողովուրդը Նիկոլին է օգտագործում նախկիններին իշխանությունից հեռու պահելու համար: 

Մինչեւ հունիսի 20-ը, երբ փողոցում զրուցում էիր մարդկանց հետ, ասում էին, որ Նիկոլը խամաճիկ է, կլոուն, ծիծաղում էին ու արհամարհանքով տալիս անունը: Հենց այդպես էլ ընդունում էին, որ կրկեսից դուրս եկած մեկն աճպարարություն է անում` անցնելով քաղաքից քաղաք, գյուղից գյուղ: Ոչ այնքան ծիծաղելի ու զավեշտալի էր, որքան ամոթից տխրության ծիծաղ առաջացնող, քանի որ սույն անձը երկրի վարչապետն էր, ոչ թե շրջիկ կրկեսի ծաղրածու:  

Սակայն նույն մարդը պահի մեջ լրջանում էր` աչքերում սարսափի նստվածք ու հին ահ, պոռթկալով` բա մյուսնե՛րն ինչ են: Չէ՛, չէ՛, չէ՛: Ով ուզում է գա, մենակ թե ոչ դրանք: Կորցրած ու կորսվող հայրենիքը, աշխարհին ծիծաղելի ու նվաստ լինելը, պարտության հետ ապրելը, անգամ թուրքի ահը չթուլացրեց, չմեղմեց նախկինների նկատմամբ ունեցած ատելությունն ու մերժումը, վախը:
Նիկոլի 53 տոկոս ձայնը հազիվ թե 23 տոկոս կազմեր, եթե չլիներ նախկինների վերադարձի սարսափը, ասենք` ընտրություն լիներ Նիկոլի եւ ոչնչի միջեւ: Իսկ նախկիններից մաքուր առաջնորդ լինելու դեպքում այդ ոչնչի համեմատությամբ ստացած 23 տոկոսը հազիվ 3 տոկոս կազմեր: Նիկոլին ձայն կտային միայն իր ֆանատները, այն էլ՝ ոչ բոլորը, մի մասը դարձի կգար: 

Ժողովուրդը 53 տոկոս Նիկոլ չի ընտրել, ժողովուրդը 53 տոկոս Քոչարյան ու Սերժ է մերժել: 
Նիկոլը շնորհակալ պետք է լինի Սերժին ու Քոչարյանին, որ վարչապետ էր եւ է: Իսկ ժողովուրդն իր շնորհակալությունը հայտնեց Նիկոլին, որ Սերժն ու Քոչարյանն այլեւս վարչապետ չեն:   
Սա Նիկոլի հաղթանակը չէր, սա նախկինների պարտությունն էր: Ինչպես 2018-ին, այնպես էլ 2021-ին Նիկոլի վարկանիշը եթե ոչ զրո, հազիվ մի քանի տոկոս է, որը չի կարող կազմել երկնիշ թիվ: Իսկ որպես երկրի ղեկավար՝ իր բոլոր չափորոշիչներով զրո է եւ էր: Նիկոլին ղեկավար դարձրեց նախ Սերժ Սարգսյանը, իսկ հետո՝ Ռոբերտ Քոչարյանը: 

Ինչպես մեզնից յուրաքանչյուը, այնպես էլ Նիկոլը, հրաշալի գիտի, որ ինքն անգամ մազաչափ աղերս չունի ղեկավարի կերպարի եւ կեցվածքի հետ: Բայց նախկինների ֆոնին՝ ինչպես կատուն վագր, այնպես էլ Նիկոլը ղեկավար է ընդունվում: Սակայն կատուն` կատու, վագրը վագր է: Մեր խեղճությունից է, ունեցածի թշվառությունից է, որ կատվին իբրեւ վագրի ենք ծափահարում մեր բաժին կրկեսում:

Հուսիկ Արա