Ո՞ր օլիգարխի ջրաղացին է ջուր լցնում Նիկոլ Փաշինյանը

Ո՞ր օլիգարխի ջրաղացին է ջուր լցնում Նիկոլ Փաշինյանը

Եվ այսպես, չնայած անասնապահների ու ֆերմերների պահանջներին, նկատելի է, որ կառավարությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետ Փաշինյանը, հաստատակամ է սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու հարցում: Անշուշտ, վաղուց ժամանակն էր՝ կանխելու գյուղական համայնքներում փնթի մորթ իրականացնելը եւ այն քաղաքակիրթ դաշտ բերելը: Բայց դա օրենքի ուժ ստացավ բավականին անփույթ ու անպատրաստ իրավիճակում՝ առանց լսելու գյուղացու, անասնապահի կարծիքը:

Կառավարության վերջին նիստում վարչապետը որոշակի մեղմացուցիչ քայլեր նախանշեց. մինչեւ հուլիսի մեկը օրենքը կգործի միայն մայրաքաղաքի սուպերմարկետներում եւ մսի վաճառքի կետերում, իսկ այդ ընթացքում մարզերում կավելանա սպանդանոցների թիվը, կավելացվեն դրանց տրվող սուբսիդիաները, կբարելավվեն պայմանները, եւ օրենքը կգործի հուլիսի 1-ից: Վարչապետը մատ թափ տվեց անասնապահների վրա, որ չհամարձակվեն դրա դեմ էլ բողոքել. եթե համաձայն չեն, ապա հենց վաղվանից օրենքը կգործի: Թե որքանով է ռեալ մինչեւ հուլիսի 1-ը սպանդանոցների թիվն ավելացնելու խոստումը, եւ որքանով կբարելավվի այդ համակարգը, դեռեւս մշուշոտ է: Միայն հստակ է, որ հուլիսի 1-ից անասնապահները կանգնելու են բարդ խնդիրների առջեւ:

Կառավարությունը, ակնհայտորեն, այս հարցում չի լսում անասնապահ-«վարչապետերի» կարծիքը, հարկ չի համարում երկխոսել նրանց հետ, երբ նրանք գալիս են կառավարության դուռը, այլ միայն ոստիկանության աշխատակիցներով «կոլցո» են կազմում նրանց շուրջ, եւ հասկանալի չէ, թե ում եւ ինչից են պաշտպանում: Անասնապահներն ակցիայի ժամանակ հաճախ են ցավով հիշեցնում, որ իրենք են վարչապետին բերել իշխանության, բայց այսօր իրենց ձայնը լսելի չէ: Իսկ դեռեւս մեկ տարի առաջ Փաշինյանը հավաստիացնում էր բոլորին, թե երկրում կա մեկ որոշում կայացնող․ «Եվ այդ մարդը դո՛ւ ես, դո՛ւ ես, դո՛ւ ես…». շատ երկար, հատ-հատ մատնացույց էր անում նա հրապարակում հավաքվածներին: Եթե կառավարությունը շարունակի այս «հում», անմշակ ու թերի օրենքը կյանքի կոչել, ապա, միանշանակ, դա տանելու է երկրում անասնապահության անկմանը: Գյուղացին չի կարող ֆինանսական կորուստներ կրելով՝ երկրում անասնապահություն զարգացնել: Եվ դրա տրամաբանական հետեւանքը կլինի այն, որ երկրում կառաջանա տեղական թարմ մսի դեֆիցիտ եւ գնի բարձրացում: Իսկ ո՞վ է շահելու տեղական մսի դեֆիցիտից․ բնականաբար՝ դրսից միս ներկրողները: Իսկ մսի ներկրմամբ զբաղվում է գործարար Սամվել Ալեքսանյանը: Այն, որ Ալեքսանյանը Հայաստան միս ներկրող ամենախոշոր գործարարն է, արդեն երկար տարիներ գրում է մամուլը.

- «Ինչպես երեւում է աղյուսակից, Հնդկաստանից գոմեշի միս ներկրող առաջատար ընկերությունը կրկին ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է: 2008-ին եւ 2009 թ. առաջին կիսամյակում էլ (մինչեւ սատկած գոմեշի հայտնի պատմությունը, որի մասին կառավարությունը խոսեց 2009-ի օգոստոսին) գլխավոր ներկրողը նույն ընկերությունն էր (նախկինում՝ «Սալեքս Գրուփ» ՍՊԸ): Այն ժամանակ մեկուկես տարում ընկերությունը ներկրել էր 9.869 տ միս, իսկ այս վերջին 21 ամսում՝ 7.278»:

- «Սամվել Ալեքսանյանի ընկերությունների հիմնադիրներ են գրանցված գործարարի մտերիմները, եւ դժվար է գտնել հենց Ալեքսանյանի անունը, որը բազմաթիվ ընկերություններ է բացում, փակում, փոփոխում: Թե՛ «Ալեքս Գրիգը», թե՛ «Սամ-Սեր Գրուպը» ներգրավված են այն ոլորտներում, որոնք հայտնի են իբրեւ Սամվել Ալեքսանյանի բիզնես: Առաջինը, ի թիվս տարբեր ներկրումների, միս-մսամթերքի մեծածավալ ներմուծում է կատարում Բրազիլիայից, իսկ երկրորդը կանթնամթերք է բերում Նոր Զելանդիայից, որոնց տեղափոխումը կատարվում է ԱՄՆ նավահանգիստների միջոցով»:

- «Հայաստան խոզի միս ներկրում է իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, օլիգարխ եւ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Սամ-Սեր» ընկերությունը: Խոզի միսը հիմնականում ներկրվում է Բրազիլիայից՝ 2.5 դոլար մաքսային արժեքով, վաճառվում է մեկ կիլոգրամը մինչեւ 2.000 դրամով: Բրազիլական խոզի մսի ներկրման ծավալները վերջին տարիներին առնվազն կրկնապատկվել են: Նման պայմաններում շուկայից տեղական միսը դուրս է մղվում, ինչի հետեւանքով տեղական խոզաբուծությունը ոչ միայն չի զարգանում, այլեւ կրճատվում է»:

Ահա, այսպիսի ահազանգեր էր հնչեցնում հայաստանյան մամուլը ՀՀԿ իշխանության տարիներին, բայց այդ ահազանգերը մնում էին անարձագանք, քանի որ Ալեքսանյանը ՀՀԿ-ի կարկառուն ֆինանսավորողներից էր եւ ամենավերին մակարդակով գտնվում էր իշխանության հոգածության ներքո: Անցած տարի նույնպես գյուղացիները բողոքում էին, որ խոզի մսի գինն այնքան է ընկել, որ վնասով են աշխատում: Իսկ դրա պատճառը համարում էին Սամվել Ալեքսանյանի կողմից ներկրված սառեցված խոզի միսը, որը վաճառվում էր բավականին էժան գնով, երբեմն՝ թարմ տեղական մսի անվան տակ, եւ գյուղացու տեղական արդար միսը դրա համեմատ թանկ էր համարվում ու չէր վաճառվում: Անցած տարի գյուղացին տեղական թարմ խոզի միսը վաճառել է անգամ 1500 դրամով: 

Ժամանակին մամուլն ահազանգում էր նաեւ, որ գյուղացիները բողոքում են, թե կերի հետ Հայաստան է ներմուծվում նաեւ խոզի ժանտախտ, արդյունքում գյուղացիների խոզերն անկում էին ապրում, եւ միայն ներկրած մսի բիզնեսն էր ծաղկում: Գյուղացիները խոզի ժանտախտի տարածման մեջ էլի Ալեքսանյանին էին մեղադրում, դրա նախահայր համարում օլիգարխին, քանի որ անասնակերի ներկրողը նույնպես Ալեքսանյանն է: Ամեն տարի աշնանը գյուղացին կանգնում է կոտրած տաշտակի առաջ, քանի որ, Ամանորի առեւտրի օրերին չհասած, խոզերն անկում են ապրում՝ գյուղացու ողջ տարվա աշխատանքը ջուրը լցնելով: Գյուղացին հիմնականում խոզեր պահում է նախատոնական օրերին վաճառելու համար: Երկար տարիներ գյուղացիներն ահազանգում են, բայց ոչ ոք պետական մակարդակով այդ ահազանգով չի զբաղվել: 

Հիմա էլ ստացվում է, որ եթե թավշյա իշխանության կողմից առաջ քաշված այս անբարենպաստ որոշումների հետեւանքով տեղական մսի արտադրությունն անկում ապրի, եւ առաջանա տեղական թարմ մսի դեֆիցիտ, ապա նորից կբարգավաճի Ալեքսանյանի մսի բիզնեսը, նա կշարունակի արտերկրից կասկածելի ծագման ու բաղադրության մսի ներկրումը Հայաստան եւ ցանկացած գնով դրա իրացումը: Իսկ կառավարությունը, որը դարձել է սանիտարահիգիենիկ պայմաններին խիստ հետեւող, նախապատրաստվո՞ւմ է, արդյոք, մսի ներկրման պայմանները նույնպես խստացնել, պահանջել, որ այն արտահանող երկրում պարտադիր ենթարկված լինի սպանդանոցային մորթի, համապատասխանի բոլոր սանիտարահիգիենիկ պայմաններին, լինի ժամկետի մեջ եւ այլն: Այդ մասին առայժմ ձեն-ձուն չկա:

Կառավարությունն ինչո՞ւ հետեւողական չէ, թե ինչու է ներկրվող անասնակերն այդքան թանկ, որ գյուղացին վնասով է աշխատում: Փաստորեն, միս եւ անասնակեր ներկրողին թողել են արտոնյալ պայմաններում եւ խեղդում են տեղական անասնապահությունը: Մի խոսքով, կառավարությունն իր այս քայլերով, կամա թե ակամա, ջուր է լցնում Սամվել Ալեքսանյանի մսի բիզնեսի զարգացման ու մոնոպոլացման ջրաղացին, ինչպես եղել է «սեւերի» իշխանության տարիներին:

ՀԳ․ Մինչ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը, Ալեքսանյանը վստահեցնում էր. «Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա»: Դրան դժվար էր հավատալ: Իշխանափոխությունից հետո գործարարի եւ երբեմնի ընդդիմադիր Փաշինյանի հարաբերությունները դարձել են շաքար-շոկոլադե…