Ադրբեջանի կիրառած մեթոդիկան հիմա մենք պետք է կիրառենք. ՀՀ դիվանագիտական կորպուսն անելիք ունի

Ադրբեջանի կիրառած մեթոդիկան հիմա մենք պետք է կիրառենք. ՀՀ դիվանագիտական կորպուսն անելիք ունի

Հաագայի միջազգային դատարանը երեկ երկու որոշում կայացրեց Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ։ Առաջին որոշմամբ Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի՝ Բերձորի միջանցքի երկկողմանի երթևեկության ապահումը, երկրորդ որոշմամբ մերժեց ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու հայցը` ականապատման հետ կապված։

«Հրապարակը» միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք Հաագայի դատարանը որևէ լծակ ունի՞ ստիպելու Արդբեջանին՝ կատարելու իր որոշումը: Նա ասաց, որ միջազգային արդարդատության դատարանըմ որպես այդպիսինմ չունի որևէ ոստիկանական համակարգ կամ ուժային կառույց, որպեսզի ապահովի իր որոշումների իրականացումը։

«Այնուամենայնիվ, դատարանի որոշումը պարտադիր բնույթ է կրում  և նոր միջազգային պարտավորություն է ստեղծում կողմերի համար։ Պետք է նաև ասել, որ այս որոշումը տեղեկացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և որոշման ի կատար ածելը պայմանավորված է արդեն քաղաքական գործընթացներով։ Այսինքն, ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաև այլ քաղաքական գործոններ պետք է ազդեցություն ունենան Ադրբեջանի վրա, որպեսզի որոշումը կամ հրամանն  ի կատար ածվի։ Այո, Ադրբեջանը կարող է չհետևել որոշման իրականացմանը, բայց դա մեծ քանակությամբ քաղաքական հետևանքներ կարող է առաջացնել։ Կարծում եմ, որ Ադրբեջանն դեռևս այդքան ինքնուրույնություն ձեռք չի բերել, որպեսզի անտեսի միջազգային արդարադատության դատարանի որոշումը»,-ասաց Պետրոսյանը։

Իհարկե, նրանք կարող են որոշ մեխանիզմներ կիրառել՝ ցուցադրելու համար, թե ի կատար են ածել որոշումը, ինչպես, օրինակ, երեկ Արդբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, թե ողջունում են, որ միջազգային արդարադատության դատարանը մերժել է իրենց դիմումը եւ ևս մեկ անգամ Հայաստանին հորդորում են հաշվի առնել միջազգային դատարանի որոշումները եւ ատելության խոսք չտարածել ադրբեջանցիների նկատմամբ։

«Այսինքն փորձում են այնպիսի պատկեր ստեղծել, կարծես թե միջազգային արդարադատությունը որևէ ձևով ազդեցություն է փորձում ունենալ Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, իրենք կարող են այնպիսի միջոցներ կիրառել, որով փորձեն ցույց տալ աշխարհին, որ այդ որոշումն ի կատար է ածվում, բայց իրականում որևիցե բան տեղի չունենա։ Սա, իհարկե, կարող է այլ հետևանքներ էլ ունենալ։ ՀՀ դիվանագիտական կորպուսը պարտադիր պետք է հետամուտ լինի, ամենուր բարձրաձայնի այս հանգամանքը, որ որոշումը կա, այն պարտադիր պետք է իրականացվի և օգտագործի իր դիվանագիտական բոլոր խողովակներն այս հարցը բարձրացնելու և պարտադրելու այլ պետություններին՝ օժանդակելու այս որոշման իրականացմանը և բարձրաձայնելու այս որոշման կարևորությունը»,-ասաց իրավաբանը։

Սա գլխավորապես Հայաստանի դիվանագիտական կորպուսի անելիքն է, սակայն դա չի նշանակում, որ միայն դիվանագետները պետք է զբաղվեն` Հայաստանի հասարակական, քաղաքական գործիչները պետք է բարձրաձայնեն այս հարցը, որպեսզի ճնշում գործադրվի Ադրբեջանի նկատմամբ։

«Օրինակ բերելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ռեզոլյուցիաները, որոնք պարբերաբար նշվում են Ադրբեջանի կողմից... դա իրենց համար ինչ-որ իրավաբանական հիմք է եղել, որպեսզի իրենք աշխարհին համոզեն, որ իրենք այս կոնֆլիկտում իրավացի են։ Նույն մեթոդիկան մենք պետք է կիրառենք և այդ որոշումների մասին պարբերաբար հիշեցնենք միջազգային հանրությանը, որ կա արդեն իրավական փաստաթուղթ և այն պետք է ի կատար ածվի»,- շեշտեց վերջինս։

Արդյո՞ք Հաագայի դատարանի որոշումը պայմանավորված է եղել որոշակի գեոքաղաքական իրավիճակներով, Պետրոսյանը բացառեց միջազգային արդարադատության դատարանի կողմից որևիցե աշխարհաքաղաքական պրոցեսների գործոնը, որովհետև նրա որոշումները կայացվում են զուտ նեղ-իրավաբանական կոնտեքստի շրջանակներում։ «Պետք է հաշվի առնել, որ այստեղ գնում է միջազգային իրավունքի մեկնաբանություն, որը համապատասխանում է միջազգային պարտավորություններին, միջազգային պայմանագրերին։ Կդժվարանամ այստեղ ինչ-որ աշխարհաքաղաքական ներգրավվածություն տեսնել»,-ասաց Գուրգեն Պետրոսյանը։
Իսկ Հաագայի դատարանի կողմից Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմումը մերժելը ինչպե՞ս կարող է հայկական կողմն օգտագործել, գերմանաբնակ դասախոսն ասաց` սա փոքրիկ հաղթանակ է, իրավաբանական հաղթանակ է և այն պետք է օգտագործել։ Բայց նաև այնքան էլ հաղթանակ չէ, քանի որ հայկական կողմը դեռևս պաշտպանվողի կարգավիճակում է գտնվում` իրավաբանական տեսանկյունից։

«Ադրբեջանցիները ճանապարհ են փակում՝ արդյունքում մենք գնում ենք դատարան, որպեսզի ճանապարհը բացենք։ Մենք չենք գտնվում այնպիսի կարգավիճակում, որ մենք իրենց պարտադրենք կոնկրետ իրավաբանական գործընթացներ իրականացնել, այսինքն, մեր գործողությունները բխում են իրենց կողմից արհեստական ձևով մեզ ճնշման ենթարկելուց։ Սա պետք է հաշվի առնել, այսինքն, մենք դեռևս մեծ կոնցեպտով չենք մոտենում այս գործընթացներին։ Իսկական հաղթանակ կլինի այն, որ մենք ընդհանուր պրոցեսի շրջանակներում հաղթանակած դուրս գանք, հայատյացությունը, որպես այդպիսին, հաստատվի, որ ռասսայական խտրականության կոնվենցիայի խախտում կա։ Այս միջանկյալ միջոցներն իրենք իրենց օգուտն ունենում են մեծ գործընթացի մեջ: Ամեն դեպքում սրանք բխում են կոնկրետ այդ գործընթացներից` որ ադրբեջանցիները փորձում են պարբերաբար ճնշման ենթարկել մեզ, մեր քաղաքականությունն ընդհանրապես»,- նկատեց Պետրոսյանը։

Իսկ ադրբեջանցիների պահանջը` ուղղված Հաագայի դատարանին, ըստ Գուրգեն Պետրոսյանի, այնքան էլ լուրջ չէր, որովհետև իրենք արդեն մեկ անգամ մերժվել էին նույն դիմումը ներկայացնելուց։ «Երկրորդ անգամ իրենք փորձում էին ինչ-որ իրավաբանական հնարքներ կիրառել, շատ զարմանալի է, թե ոնց են ընդհանարապես իրենց փաստաբանական ներկայացուցիչները այսպիսի հնարքներ փորձում ի կատար ածել, որոնք ակնհայտորեն չեն կարող որևէ ազդեցություն ունենալ դատարանի որոշման վրա»,-ասաց Պետրոսյանը։ Ընդ որում, Ադրբեջանը փաստարկված, իրավաբանորեն հստակ ձևակերպված պահանջ էլ չէր ներկայացրել։