Հայաստան՝ 2012-2021 տրանզիտ

Հայաստան՝ 2012-2021 տրանզիտ

Երբ Սերժ Սարգսյանը չբացեց Օպերայի զուգարանները, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի «կրիտիկական» զանգվածը ցրվեց տներով, որպեսզի, շատ ներողություն, չիշիկ անի, Տեր-Պետրոսյանը նեղացավ իր «զոմբիներից» եւ հայտարարեց, որ մինչեւ Ազատության հրապարակը կրկին չլցվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջողներով, ինքը չի խոսի: Սրանք փաստեր են, կարող եք ստուգել: Ընդհուպ հասցրել էին Ազատության հրապարակում վրաններ դնել ու մարտի 1-ի աուրան վերականգնել:  Դա 2012թ. հերթական խորհրդարանական ընտրությունների շեմին էր՝ մի քանի ամիս մնացած: ՀԱԿ-ը պահանջում էր արտահերթ ընտրություններ, մինչդեռ Սերժ Սարգսյանը կողմ էր, որ ընտրությունները լինեն հերթական: Ընդամենը այսպիսի սկզբունքային տարբերություն կար Սերժի ու Լեւոնի մոտեցումների միջեւ:

Բայց ամենահետաքրքիրը դեռ դա չէր: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչ այդ հասցրել էին մի լավ երկխոսել: Չգիտեմ, մի մասն ասում է՝ Սերժն էր Լեւոնին երկխոսացնում, մյուս մասը հակառակն էր պնդում, բայց այն, ինչ տեղի ունեցավ, վեր էր բոլոր սպասումներից: ՀԱԿ-ը հերթական ընտրություններով, մարտի 1-ի սոխակ Նիկոլին թեւի տակ դրած, մտավ խորհրդարան: Հրանտ Տեր-Աբրահամյանը (Ուստա Հրանտը) ինձ հետ բանավեճի ժամանակ, որ տեղի ունեցավ այդ ընտրություններից ամիսներ առաջ, պնդում էր, որ կա՛մ ԼՏՊ-ն կհասնի արտահերթ ընտրությունների, կա՛մ կհեռանա քաղաքականությունից: Մի խոսքով՝ համոզված էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական ընտրություններին չի գնա: Ես հակառակն էի պնդում եւ նույնիսկ, ի զարմանս ինձ, գուշակել էի, թե ՀԱԿ-ը քանի պատգամավոր կունենա ԱԺ-ում՝ 7, այսինքն, 6+ Նիկոլ: Ինչեւէ, ՀԱԿ-ի՝ ԱԺ-ում հայտնվելուց հետո Հայաստանում նորմալ կյանքը վերականգնվեց, իսկ հանրությանը նյարդայնացնող ՀԱԿ-իշխանություն «անհաշտ պայքարը» միառժամանակ ձեռք բերեց «ինստիտուցիոնալ» բնույթ: 

Ինչո՞ւ այսքան երկար պատմեցի մեր բոլորի գլխով անցած այս պատմությունը: Պատճառը մեկն է, որ փորձենք հիշել թեկուզ մի դեպք, թեկուզ մի ամենաթունդ ընդդիմադիր գործչի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատեց ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններով ԱԺ մտնելու համար: Հիշեցի՞ք… Չեք էլ հիշի, իզուր մի տանջվեք: Այն ժամանակ Հայաստանում մարտի 1-ի թիկնոցով շրջող ՀԱԿ-ից ավելի թունդ ընդդիմադիր կա՞ր, որ մի հատ էլ քննադատեին: Բայց տեսեք, թե հիմա ինչ է կատարվում: Շունը պոչը շարժի՝ թունդ ընդդիմադիրի կդիպչի: Սրանք բոլորով լծվել են խորհրդարանական, այն է` ինստիտուցիոնալ ընդդիմության քննադատության գործին, եւ դա այն դեպքում, երբ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է մտել ոչ թե հերթական, այլ իր իսկ պահանջով կայացած արտահերթ ընտրություններով, եւ դա այն դեպքում, որ «Հայաստան» դաշինքը ոչ թե բավարարվել է իշխանության նետած մի քանի մանդատներով, այլ 29 պատգամավորով, եւ դա այն դեպքում, որ երբ ողջ երկիրը կարկամած էր պատերազմում կրած խայտառակ պարտությունից, ու անհրաժեշտ էր ժողովրդին «իրար տալ», որ նա չհուսալքվեր վերջնականապես, եւ դա այն դեպքում, երբ հրաժարական տված վարչապետը բոլոր պետական լծակներն էր կենտրոնացրել «Հայաստան» դաշինքի դեմ՝ չմոռանալով զորաշարժի ենթարկել նաեւ իր գրպանում տեղավորած իրավապահ համակարգը՝ գլխավոր դատախազից սկսած եւ առաջին ատյանի դատավորներով վերջացրած:

Անշուշտ, ոչ մի համեմատություն չի կարելի անցկացնել 2012թ. դեպքերի հետ: Եվ, դրանով հանդերձ, մեծ է ցավը, որ այսքանից հետո դեռ ինչ-որ մի ճղճղան թզուկ, մի փռչոտ արարած, մի օտարերկրյա լրտես կամ մի լուսահոգի նախկին թնդագույն ընդդիմադիր վայրահաչում է «Հայաստանի» դեմ, թե դուք խորհրդարան անցնելով՝ դարձել եք կառավարելի: Ո՞ւմ կողմից, Նիկոլի՞: Բայց կարելի՞ է հետաքրքրվել, թե դուք ինչու եք ուրախացել դրանից: Շատ անհարմար բան է ստացվում, կարծես, դուք, ինչ է, ուզում եք Նիկոլին ավելի շո՞ւտ հեռացնել: Խնդրեմ, ազատ եք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել: Միայն թե չգիտեմ՝ ինչ եք պահանջում «Հայաստան» դաշինքից: Գոնե մի քիչ էլ Նիկոլին քննադատեք, որ ասեմ՝ հա… Բա որ հանկարծ հասնեք արտահերթ ընտրությունների, ո՞վ է ձեզ մի քոռ ձայն տալու, եթե Նիկոլին չեք քննադատում:

Ասենք՝ էս ինչերից եմ խոսում: Նիկոլը թույլ կտա՞, որ այս թնդագույն ընդդիմադիր խաժամուժն այնպիսի թեմաներից խոսի, ինչպիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Նիկոլը նրանց ոտքի է հանել այլ բանի համար՝ փողոցում պահակություն անելու եւ իսկական ընդդիմության սայլի անիվի տակ փայտ ու քար դնելու:

Մենք սխալմամբ բացառապես մեր ժողովրդին ենք մեղադրում հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում Փաշինյանի պյուռոսյան հաղթանակի համար: Հիմա, երբ սկսել է գործել Փաշինյանի «փողոցային ընդդիմությունը», այլեւս ակնհայտ է, որ բազմաթիվ ուժեր ու անհատներ ընդդիմադիրի անվան տակ տենդագին աջակցել են Փաշինյանին:

Պարզապես այսօր է նրանց երեսը բացվում, այսօր է Փաշինյանն ասել՝ ֆաս: Խնդամ ձեզ վրա, որ ձեր քաղաքական կենսագրությունն սկսել եք նախագահի ու նրա նստավայրի դեմ նավթի «բոչկա գլորելով», Լարիսի գրասենյակի պատի տակ պիկետներ դնելով, նոյեմբերի լույս 10-ի գիշերը ԱԺ եւ կառավարության շենքեր «ներխուժումներ» կազմակերպելով, ավտոմեքենայի ղեկի մոտ, երբ ոստիկաններն արդեն վզիցդ բռնած դուրս են քաշում, Նիկոլին սեռական հայհոյանք տալով, Ալեն Սիմոնյանին փողոցում հայհոյելով ու ծեծ ուտելով, ֆեյսբուքյան եթերներով Նիկոլին նմանակելով, ինչ-որ սրճարանների քանդման դեմ սուտ բողոքելով… Ինչո՞ւ եք տեւական հանգստից հետո կրկին աշխուժացել: Չլինի՞ Նիկոլը պետք է թղթեր ստորագրի, բայց, որպեսզի ընդդիմությունը ոտքի չհանի ժողովրդին, դուք րոպե առաջ փողոց լցվեք ու մանիպուլացնեք առանց այն էլ մանիպուլացված ժողովրդին: Դա չի լինելու, վստահեցնում եմ ձեզ: «Հայաստան» դաշինքում միամիտներ չկան: Ձեր այսօրվա պահվածքով դուք պարզապես նույնանում եք կապիտուլյանտ իշխանությունների հետ, դառնում նրա հանցակիցը բոլոր այն քայլերում, որոնք արվել ու արվում են պարտություններ կերտելու ճանապարհին: Նման իրավիճակներում, վստահեցնում եմ, «Հայաստան» դաշինքը լավ գիտի, թե ինչ պետք է անել:   

Իսկ մինչ այդ զբաղվենք տնային աշխատանքներով: Վաղվա թերթերում տպված տեսնեմ ձեր անկեղծ ծագումնաբանությունը: Այլապես վերջերս լուսանկարներ են շրջանառվում, որոնք բացահայտում են ձեր եւ Փաշինյանի սերտ կապերը: Մեկը սուրճ է խմում Նիկոլի հետ, մյուսը բազմոցի վրա սիլիբիլի է անում Ավինյանի հետ, երրորդը, որ բոլորովին վերջերս է «քցվել» Նիկոլի կողմից, շուտ-շուտ երթեր ու հակաընդդիմադիր երթեր է կազմակերպում, մի սրիկա էլ, որին ՀՀ դատարանը պարտադրել է ներողություն խնդրել ընդդիմադիր ՀՅԴ-ից, իրեն Նիկոլի տեղն է դրել ու փախած է ման գալիս: Մի խոսքով՝ բոլորի ծագումնաբանությունն անխտիր՝ նախագահի եւ նրա նստավայրի վրա «բոչկա գլորողներից» մինչեւ տարբեր պիկետ անողներ: Նույն խնդրանքով հատուկ դիմում եմ նաեւ ԼՀԿ առաջնորդ (վախ, վախ, վախ) Էդմոն Մարուքյանին. ո՞վ բերեց քեզ խորհրդարան, ո՞վ «ռասկրուտկա» արեց, ո՞վ կուսակցապետ դարձրեց, ո՞վ քեզ արգելեց հունիսի 20-ի ընտրություններին խանգարել Նիկոլին, եւ, վերջապես, այ քաղաքական «պրիդուռըկ», ո՞վ է քեզ կրկին թատերաբեմ բրթում՝ այնտեղ կապիկություններ անելու համար: