Հրապարակի ծակծկված շենքերը եւ «Մարիոթի» չծակծկված պատերը

Հրապարակի ծակծկված շենքերը եւ «Մարիոթի» չծակծկված պատերը

Երեւանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա ծախսերի համար հատկացրել էր ռեկորդային թվով գումար: Ամանորյա զարդարանքի համար այս անգամ ավելի քան չորս անգամ շատ գումար է ծախսվել, քան, օրինակ, 2017-ին կամ 2018-ին: Ռեկորդը մինչ այս Ամանորը 2019-2020-ի Ամանորինն էր։ Այդ ժամանակ ավելի քան 400 միլիոն ծախսվեց՝ այսօրվա փոխարժեքով՝ մեկ միլիոն դոլարից ավելի, իսկ, ահա, այս տարի Երեւանի տոնական տեսքի համար հարկատուների հաշվին արդեն 2 միլիոն դոլարից ավելի է ծախսվել: Հատկանշական է, որ ամանորյա զարդարանքների վրա միլիոններ ծախսող իշխանության պահած բանակում զինվորը քնում է անասնագոմ հիշեցնող կացարանում, որն անվանում են զորանոց: Բայց առավել հատկանշական է այն, որ այդ ամանորյա զարդարանք ասվածն արվում է պատմամշակութային արժեք համարվող Հանրապետության հրապարակի շենքերը, բառի ամենաուղիղ իմաստով, այլանդակելով:

Կառավարության շենքի եւ հարակից շենքերի վրա տեղադրված լույսերն ամրացնելու համար տոներից առաջ այդ շենքերի պատերն ամբողջությամբ ծակծկել էին: Երբ աղմուկ բարձրացավ, եւ մարդիկ վրդովվեցին, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների հետ այդպես բարբարոսաբար են վերաբերվել, հայտարարեցին, որ անցքերը փակելու են` շենքերը բերելու են նախնական տեսքին: Ամանորից մեկ ամիս անց ի՞նչ է արել կամ ի՞նչ է պատրաստվում անել Երեւանի քաղաքապետարանը` խնդրին լուծում տալու համար: Իշխանավորները, դեռ մեկ ամիս առաջ հակադարձելով ճարտարապետներին, որոնք պնդում էին, թե մասնավորապես կառավարության շենքն այլեւս հնարավոր չէ նախկին տեսքի բերել, պնդում էին, թե խնդրին շատ արագ լուծում կտան, այդ անցքերը հատուկ նյութերով կփակեն, ու դա անելու է հենց լույսերը տեղադրած` անցքերն արած կազմակերպությունը:

Սակայն օրերն անցնում են, իսկ «սայլը տեղից չի շարժվում»` այդ շենքերի վրա որեւէ աշխատանք չի իրականացվում, անցքերն էլ անցորդների աչքն են ծակում: Երեկ մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ դեռ ոչինչ չի արվել: Փետրվարի 1-ին դիմել էինք Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լեւոն Սարդարյանին՝ պարզելու, թե ինչու Ամանորից մեկ ամիս անց շենքի վրայի անցքերը չեն փակվել: Սարդարյանն ասել էր. ««Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ քաղաքապետարանն ունի պայմանագիր, նրանք են ամանորյա զարդարանքներն իրականացրել եւ հենց նրանք էլ պարտավոր են նորոգել շենքը»: Եվ հավելել էր, որ շենքերի վրա առկա անցքերից ոչ բոլորն են լույսերի պատճառով առաջացել, շատ անցքեր վաղուցվանից են եղել, սակայն «Սինեմարտ» ՍՊԸ-ն պարտավորություն ունի՝ մինչեւ փետրվարի 16-ը նորոգել այն:

Փետրվարի 16-ին մենք կրկին փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք կառավարության շենքի տարածքում՝ հասկանալու, թե վերանորոգվե՞լ են արդյոք շենքի պատերը, գոնե` սկսվե՞լ են այդ աշխատանքները: Սակայն անցքերը փակված չէին, ավելին` որեւէ աշխատանք այնտեղ չէր իրականացվում, եւ ոչինչ չէր հուշում այն մասին, որ առաջիկայում պատրաստվում են այդ աշխատանքներն իրականացնել: Մենք երեկ կրկին զրուցեցինք քաղաքապետարանի խոսնակ Լեւոն Սարդարյանի հետ, ով հետեւյալը նշեց. «Այն նյութերով, որ պետք է աշխատեն, էֆեկտիվ են +5-ից մինչեւ +35 բարձր ջերմաստիճանի պարագայում: Նոր համաձայնագիր է ստորագրվել ընկերության հետ` պայմանագրի ժամկետը փոքր-ինչ երկարացնելու համար: Կառավարության շենքի պատերը կվերանորոգվեն, երբ եղանակը տաքանա, գիշերն այդ նյութերը չպետք է սառեն, եթե սառեն, էֆեկտիվ չի լինի: Ենթադրում ենք, որ մարտ ամսին աշխատանքները կիրականացվեն»:

Ուշագրավ է, որ, մեզ հասած տեղեկություններով, Ամանորից առաջ փորձել են նույն աշխատանքները կատարել նաեւ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի շենքի վրա, սակայն հյուրանոցի տնօրինությունն արգելել է ծակել շենքի պատերը` առաջարկելով, որ ամանորյա լուսավորության հարցն ինքը կլուծի` առանց պատերը ծակելու: Եվ իսկապես` մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Մարիոթի» վրա անցքեր գրեթե չկան: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրից, հյուրանոցի ադմինիստրացիայից մեզ հետ զրույցում նշեցին, որ ո՛չ հերքում են եւ ո՛չ էլ հաստատում մեր այդ տեղեկությունը: