Պատմություն, որ Նիկոլի ՖԲ էջում չեք գտնի

Պատմություն, որ Նիկոլի ՖԲ էջում չեք գտնի

Ուրեմն մի անգամ էս Նիկոլը կոնսերվատորիայի պոֆեսորադասախոսական կազմը ուսապարկի մեջ է լցնում, գցում շալակն ու... Աշտարակ, ո՞ւր ես, քեզ եմ գալիս: Շատ է գնում, թե քիչ, հոգնում է, քրտնում, նստում է մի քարի որ հանգստանա: Դիմացից մի էշով մարդ է մոտենում.

-Բարհաջողում, Նիկոլ, էս ո՞ւր ես գնում:
-Աշտարակ:
-Բա մեշոկիդ մեջ ի՞նչ կա, ծա՞նր է:
-Հա, կոնսերվատորիայի ժողովուրդն է, տեղափոխում եմ Աշտարակ:
Էշը հենց կոնսերվատորիայի անունը լսում է, հիշում է իր ջահել ժամանակներն ու սկսում զռռալ:

Նրան գյուղում, երբ զռռում էր, մյուս կենդանիները միշտ ձեռ էին առնում` խի՞ կոնսերվատորիա չես ընդունվում: Ու, այ քեզ հաջողություն, կոնսերվատորիան էր եկել իր մոտ... Տերը նրան անմիջապես սաստում է ու դառնում Նիկոլին.
-Արի մեշոկդ դնենք էշի վրա, էշով տանենք:
Նիկոլն իսկույն համաձայնում է: Գյուղացու հետ ուսապարկը մի կերպ դնում են Էշի մեջքին: Պարկի սարսափելի իրարանցում է սկսվում: Սոպրանո, բարիտոն, տենոր, բաս` միաժամանակ ու միահամուռ սկսում են քրֆել էշին էլ էշատիրոջն էլ, բուհերը Աշտարակ տեղափոխելու գաղափարի հեղինակին էլ...
Երբ վերջապես լռություն է տիրում, էշատերը կենդանու գլուխը շուռ է տալիս դեպի աշտարակ ու թոկից քաշում.
-Չոշ, չոշ... դե արի, չոշ... Յաաաա...
Էշը, տոռմուզները քաշած, կանգնում ու տեղից չի շարժվում:
-Էդ ի՞նչ ա, չի ուզում գնա՞լ, հետաքրքրվում է Նիկոլն ու ձեռը գցում թոկին, որ ինքն էլ քաշի:

Էշը կես քայլ էլ չի անում: Նիկոլը, որ շատ էր ոգևորվել գյուղացու անակնկալ օգնությունից, ընկնում է հիստերիայի մեջ` ո՞նց թե, էս երկրում էշ կա՞, որ վարչապետի ասածը չանի...Հլա արի, արա... Գյուղացին վախենում է` մտածելով, որ վարչապետն իր վրա զայրացավ: Մտքով հազար բան է անցնում` էս ի՞նչ փորձանքի մեջ ընկա, մեր գյուղին մի վնաս չտա՞...
-Ոչինչ, պարոն Փաշինյան, կենդանի է, կփափկի կգնա... Չոշ, չոշ, դե արի Քուռկիկ ջան, խայտառակ չանես, չոշ, չոշ...
Էշը չի շարժվում: Որոշում են մի քիչ սպասել: Այդ ընթացքում Նիկոլը հայտնագործություն արածի պես դիմում է էշատիրոջը.
- Լավ միտք ծագեց գլխումս... Արի դու ռույլը պահի, ես հետևից բրթեմ:
-Հա՞... Վստա՞հ ես, որ կգնա:
-Հա, հանճարեղ միտք է, ես կասեի` աննախադեպ:
-Եսիմ, մեր գյուղում ասում են` ձիուն ու էշին հետևից բարև չեն տա...
-Իսկ ես միտք էլ չունեմ բարևելու քո էշին... Վեր կաց, շատ նստեցինք, դու գնա ռույլը պահի, ես հետևից բրթեմ:

Խեղճ գյուղացին դեռ չէր հասցրել թոկից բռնել մեկ էլ էշի հետևից մի վայ-վայ, մի վու-վույ, մի վախ մամա ջան... Շուռ է գալիս տեսնում` Նիկոլը շեքամեջը բռնած, էշից մի 10 մետր հեռու պպզել ու գոռում է... Թոկը թողած` հասնում է Նիկոլի հավարին.
-Վայ Նիկոլ ջան, վայ վարչապետ ջան, գոմդ քանդվի այ անասուն, էս ի՞նչ արիր, էս ո՞ւմ քացի տվիր, Նիկոլ ջան, ախր ասում էի, չէ՞, էշին հետևից բարև չեն տա...

Մեշոկի մեջ կրկին իրարանցում է սկսվում: Սոպրանոն Անուշի արիայով ծղրտում է.
- Վայ-վայ, վույ-վույ, էս ինչ տեսա, գազան է, թե էշ է սա...
Տենոր` շտապօգնություն զանգեք... Բարիտոն` ինչո՞ւ զանգեմ... Բաս` ԱՊՊԱ կանչե՞մ...
Այդտեղ էշը թափահարում է իրեն, մեշոկը վրայից գցում ու դիմում տիրոջը.
-Քեզ քանի՞ անգամ եմ ասել` ամեն էշի բեռ ինձ վրա չդնես...

Հ.Գ. Կարող է հարց առաջանալ` վերջը ինչի՞ մասին էր այս պատմությունը` Նիկոլի՞, ուսապարկի՞, Կոնսերվատորիայի՞, Աշտարակի՞, էշատիրո՞ջ, թե՞ էշի: Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես հակված եմ վերջին տարբերակին: Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է` այս պատմության միջի տղեն էշն է: