Արմեն Սարգսյանի հրաժարականի ղազախական վարկածը

Արմեն Սարգսյանի հրաժարականի ղազախական վարկածը

Այն պահից, երբ հայտնի դարձավ նախագահ Սարգսյանի հրաժարականի մասին, մարդիկ սկսեցին հարցնել միմյանց՝ ի՞նչ է եղել իրականում, ի՞նչն է դրդել Արմեն Սարգսյանին հեռանալ անգլիական ձեւով՝ առանց նույնիսկ հրաժեշտ տալու հայրենիքին:

Բնականաբար, նրա բացատրությունը, թե իր լիազորությունները սահմանափակ էին, եւ ինքը չէր կարողանում ներազդել գործընթացների վրա, իրեն վիրավորում էին բոլոր կողմերից, հանրությանը չի բավարարում: Խոսվում է նաեւ, որ Արմեն Սարգսյանը հեռացել է պաշտոնից, որովհետեւ չի ցանկացել մասնակցել Ցեղասպանության ժխտման գործընթացին, որն այս պահին ընթանում է, կամ վավերացնել առաջիկայում Փաշինյանի կողմից ստորագրվելիք ինչ-ինչ հակահայկական բովանդակության փաստաթղթեր: Ավելի իրատեսական է թվում ղազախական վարկածը, որը շրջանառվում է որոշ շրջանակներում: 

Ըստ մեզ հասած տեղեկությունների, Ղազախստանի չհաջողված հեղաշրջումից հետո այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, նաեւ հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները խորքային հետաքննություններ ու ուսումնասիրություններ են սկսել երկրի նախկին նախագահ, անվտանգության խորհրդի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, նրա ընտանիքի ու շրջապատի մարդկանց, նրանց հավատարիմների շրջանում, քանի որ հենց Նազարբաեւի ղեկավարած անվտանգության խորհուրդն է համարվում ընդվզման հիմնական օջախը:

Այս ուսումնասիրությունների ընթացքում, ըստ մեր աղբյուրների, Ղազախստանի նախագահի մարդիկ նրան զեկուցել են, որ բազմաթիվ թելեր Նազարբաեւներից տանում են դեպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչը բարկացրել է Տոկաեւին: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահը բավականին սերտ կապեր եւ ընդհանուր բիզնեսներ ուներ Նուրսուլթան Նազարբաեւի ավագ դստեր՝ Մեջլիսի պատգամավոր Դարիգա Նազարբաեւայի հետ: ՀՀ նախագահի ներգրավվածության աստիճանը Նազարբաեւների ֆինանսական կապիտալում կասկածի տակ է դրել ՀՀ նախագահի լոյալությունը ղազախական բարդ ներքաղաքական գործընթացում, որում արտաքին աշխարհի, մասնավորապես թուրքական եւ բրիտանական հետք է նաեւ նկատվում:

Մեր աղբյուրներն ասում են, որ Ղազախստանի նախագահը որոշակի շրջանակում ուղիղ հայտնել է իր դժգոհությունների մասին, դրան տեղեկացված են նաեւ ռուսական իշխանությունները, որից հետո նախագահ Արմեն Սարգսյանի հեռանալը ժամերի հարց է դարձել: Նրան անգամ ժամանակ չի տրվել Հայաստան վերադառնալու: Դուբայից նա անմիջապես մեկնել է Լոնդոն ու հրաժարականի տեքստն ուղարկել:

Դեռ ղազախական դեպքերից առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին գրավոր հարց էինք ուղարկել. տեղեկություն ունենք, որ Դուք, հարգելի նախագահ, Ղազախստանում եւ Ուզբեկստանում բիզնես-հետաքրքրություններ ունեք, գույք, հողեր, եւ վերջին շրջանում Ղազախստանում տեղի ունեցող ներքաղաքական սրացումներից հետո Ձեզ դադարել են հետաքրքրել այդ երկրները, եւ Դուք ուզում եք դադարեցնել Ձեր բիզնես-գործունեությունն այնտեղ։ Արդյոք այս լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Նախագահի աշխատակազմը պատասխանեց. «Այդ տեղեկությունները մտացածին են եւ իրականության հետ որեւէ առնչություն չունեն»:

Դարիգա Նազարբաեւայի հետ ՀՀ նախագահը բազմաթիվ պաշտոնական հանդիպումներ է ունեցել 2019 թվականի նոյեմբերին եւ մայիսին, 2021 թվականի հունիսին: Ի դեպ, ղազախական չհաջողված հեղաշրջումից հետո Նազարբաեւի դուստրերն անհետացան: Նրանց գտնվելու վայրը հայտնի չէ:

Դարիգա Նազարբաեւայի գրասենյակը հունվարի 17-ին՝ հեղաշրջումից հետո հայտարարեց, որ նա արձակուրդում է, կորոնավիրուսային հիվանդությունից հետո ռեաբիլիտացիայի անհրաժեշտությամբ պայմանավորված: Գուցե այս բոլոր իրադարձություններն ինչ-որ կերպ շաղկապված են, սակայն սրանք պաշտոնապես ճշգրտելու եւ խիստ հավաստի ներկայացնելու մեր հնարավորություններն այսօր սահմանափակ են։ Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում շատ փաստեր ի հայտ գան, եւ այս ամենի վրա լույս սփռվի։