Արցախի Քրիստոնեական Հանրապետություն. արդյո՞ք ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ

Արցախի Քրիստոնեական Հանրապետություն. արդյո՞ք ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ

Օրերս Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Արցախպրես»-ին տեղեկացրել էր, որ իր նախաձեռնությամբ Արցախում սկիզբ է դրվել մի ձեռնարկի, որը պետք է նոր մակարդակի բարձրացնի եկեղեցի-պետություն համագործակցությունը: Ըստ այդ նախաձեռնության՝ բոլոր պետական վարչական եւ ուժային կառույցներին կկցվեն հոգեւորականներ, ովքեր պետք է պարբերաբար այցելեն իրենց կցված պետական կառույցներ եւ հոգեւոր խնամք տանեն դրանց աշխատակիցների նկատմամբ:

Այս նախաձեռնությունը տարբեր արձագանքների արժանացավ, եւ նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները պնդում էին, որ սա դուրս է ամեն տեսակ երեւակայությունից, որ Արցախը ոչ թե կրոնական համայնք է, այլ պետություն, որ պետությունն ու եկեղեցին պետք է իրարից անջատ լինեն, որ չի կարելի կառուցել կղերապետություն, որ եկեղեցին չպետք է ամեն տեղ իր ներկայությունը պարտադրի: Իսկ եթե այս նախաձեռնությունը գալիս է ոչ թե եկեղեցուց, այլ՝ իշխանությունի՞ց, միայն թե ներկայացվում է որպես եկեղեցու նախաձեռնություն, որպեսզի հասարակության արձագանքն ավելի մեղմ լինի: Մի՞թե պարզ չէ, որ առանց իշխանության հավանության եւ թույլտվության այս նախաձեռնությունը չէր կարող կյանքի կոչվել:

Դեռեւս 44-օրյա պատերազմից առաջ Արցախի քաղաքական էլիտայի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ լսել եմ այն միտքը, որ ճիշտ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սահմանադրական փոփոխությունների արդյունքում անվանափոխվեր ոչ թե Արցախի Հանրապետություն, այլ Արցախի Քրիստոնեական Հանրապետություն: Հիմնավորումն այն էր, որ աշխարհում կա Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչո՞ւ չի կարող լինել Արցախի Քրիստոնեական Հանրապետություն, մանավանդ որ այդ պետություններն այն ժամանակ իրար սահմանակից էին: Իհարկե, ԻԻՀ-ի հետ համեմատությունն այնքան էլ տեղին չէր, որովհետեւ այնտեղ փաստացի իշխանությունը գտնվում է հոգեւորականության ձեռքին, եւ հոգեւոր առաջնորդը կանգնած է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունից ավելի վերեւ. երկրի սահմանադրությունը եւ օրենքները գրվում են ըստ Ղուրանի, սահմանադրությունում բազմաթիվ են մեջբերումները Ղուրանի պարբեր սուրահներից, որոնք կանոնակարգում են հասարակական հարաբերությունների ամենատարբեր ոլորտներ:

Մինչդեռ Արցախը քրիստոնեական հանրապետություն հռչակելու գաղափարի հեղինակները մտադիր չէին անգամ անվանափոխությունից հետո գոնե օրենսդրորեն ճանաչել, օրինակ, Արցախի թեմի առաջնորդի գերակայությունը գործադիր եւ օրենսդիր իշխանության նկատմամբ: Նրանց առաջ քաշած տեսության իմաստն այն էր, որ այդ անվանափոխության միջոցով պետք է ի ցույց դրվի, որ Արցախում պետության կառավարումն իրականացվում է քրիստոնեական արժեհամակարգին համապատասխան, Արցախը քրիստոնեական արժեհամակարգի հետեւորդն ու պահապանն է: Նախաձեռնության հեղինակներն ասում էին, որ այդ փոփոխությունը հնարավորություն կտա քրիստոնեական աշխարհին ցույց տալ, որ փոքրիկ քրիստոնեական Արցախը դիմակայում է իսլամադավան Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումներին, եւ այդ ճնշմանը դիմակայելու համար ակնկալել նույն քրիստոնեական աշխարհի աջակցությունը: 

Անգամ պատերազմի ավարտից հետո, այս գաղափարի հետեւորդները պնդում էին, որ եթե Արցախում պատերազմից առաջ՝ 2015-16թթ․, հռչակվեր Քրիստոնեական Հանրապետություն, Ադրբեջանը դժվար թե համարձակվեր հարձակվել Արցախի վրա, իսկ եթե նույնիսկ հարձակվեր էլ, ապա քրիստոնեական աշխարհի արձագանքը բոլորովին այլ կլիներ, քանի որ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան-իսլամական ահաբեկչական խմբավորումներ դաշինքի դեմ Արցախին միայնակ ու անպաշտպան թողնելը քրիստոնեական աշխարհի համար կլիներ ամոթալի խայտառակություն եւ անպատվություն: Մի խոսքով, քրիստոնեական Եվրոպան կարող էր խաչակրաց արշավանքի նման մի բան սկսել՝ քրիստոնեության բաստիոնը փրկելու համար:

Հնարավոր է, որ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերոնշյալ նախաձեռնությունն ինչ-որ կապ ունի Արցախը քրիստոնեական հանրապետություն հռչակելու գաղափարի հետ: Շատ հնարավոր է, որովհետեւ այլ տրամաբանական բացատրություն հնարավոր չէ գտնել նրա նախաձեռնությանը: Ի վերջո, դարեր շարունակ ընդունված է եղել, որ հավատացյալն է գնացել եկեղեցի՝ աստծո խոսքը լսելու եւ աստծո հետ հաղորդակցվելու համար, եւ ոչ թե եկեղեցականն է այցելել պետական հաստատություններ՝ հոգեւոր ծառայություն մատուցելու: Եվ նույնիսկ երբ որոշում կայացվեց, որ զորամասերում պետք է լինեն եկեղեցու սպասավորներ, դա ինչ-որ բացատրություն ուներ. զինվորները երկու տարի զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից:

Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ Արցախի իշխանությունը որոշակի քայլեր ձեռնարկելու որոշում է կայացրել, որից հետո հնարավոր կլինի նաեւ Արցախի Քրիստոնեական Հանրապետության հռչակումը: Դրան կարող են դեմ չլինել նաեւ Ռուսաստանը եւ այնտեղ տեղակայված խաղաղապահ զորքերը: Ի վերջո, Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Արցախից, իսկ իսլամադավան Ադրբեջանի դեմ միայնակ թողնել Արցախի Քրիստոնեական Հանրապետությանը՝ այնքան էլ քրիստոնեավայել չի լինի: Նկատի ունենք, որ Արցախի Քրիստոնեական Հանրապետության հռչակումն էլ ավելի անհամատեղելի ու անհնարին կդարձնի նրա համատեղ գոյությունն Ադրբեջանի հետ:


Ավետիս Բաբաջանյան