Երեկ զոհված զինծառայողի տունն այրվել է, նա անապահով ընտանիքից էր

Երեկ զոհված զինծառայողի տունն այրվել է, նա անապահով ընտանիքից էր

Երեկ հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք էր ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Սիանոսյանը։ 

Մենք տեղեկացանք, որ զոհվածը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքից է, ամուսնացած է, ունի երեխաներ։ Ավելին ՝ օրեր առաջ այս ընտանիքի հետ եւս դժբախտություն է պատահել՝ այրվել է նրանց տունը։

Համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ընտանիքի սոցիալական վիճակին՝ ասաց, որ անապահով ընտանիքում է ապրել զոհվածը, ունի 2 երեխա․ «Խելոք երեխա էր, աշխատող ընտանիք են։ Իրենց ընտանիքում հայրն է, մայրը, եղբայրը, եղբոր կինը, ինքը եւ իր կինը, երեխաները, բոլորը մի տանիքի տակ են ապրում։ Ընդամենը կարճ ժամանակ էր, ինչ գնացել էր պայմանագրային ծառայության։ Տոկոսներով, վարկերով ապրող ընտանիք էին, հազիվ կարողանում էին։ Ինքը երկու աղջիկ ուներ, մեկը 2 տարեկան, մյուսը՝ 4»։

Ինչ վերաբերում է տան այրվելուն, համայնքապետն ասաց, որ ուրբաթ օրն է նման դեպք գրանցվել․ «Մահացածի երեխաներից մեկը հակում ուներ լուցկու, այրելու հետ։ 15 օր առաջ էլ էր այրվել, բայց մի 4 օր առաջ չհասցրին, հրշեջներն եկան, նոր կարողացան հանգցնել։ Զալն է մոխրացել, մնացած սենյակները նորմալ են»։

Նա նաեւ նշեց, որ համայնքապետարանն օգնություն տրամադրելու է ընտանիքին․ «Ես այս պահին արձակուրդում եմ գտնվում, բայց դա ոչինչ չի նշանակում, ինձ փոխարինողին հանձնարարել եմ ավագանու նիստ հրավիրի, եթե ավագանին չի էլ կամենա, ես իմ որոշումով կանեմ։ Հիմա կդատեն ինձ, ինչ կուզեն թող անեն, որովհետեւ ընտանիքն իրոք կարիքավոր է»։

Հգ մեզ հետ ավելի ուշ կապվեց համայնքապետ Մարտիրոսյանը եւ նշեց՝ ավագանին արդեն որոշել է ընտանիքին տրամադրել 300 հազար դրամ՝ որպես օգնություն։